«Ազատամարտիկների Դաշինքի» վարչությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի´ հայրենակիցներ.
Հակառակորդի հերթական ռազմական արկածախնդրությունը վճռականորեն կասեցվեց հայկական զինված ուժերի գրագետ և արհեստավարժ գործողություններով: Թշնամին զինտեխնիկայի (այդ թվում գերթանկարժեք ԱԹՍ-ների) և մարդուժի մեծ կորուստներ ունի: Ցավոք զոհեր կան նաև մեր կողմից: Ադրբեջանական զինված ուժերը, անհամարժեք հակահարված ստանալուց հետո` իրենց անբարո գործելաոճին հավատարիմ, թիրախավորել են մեր խաղաղ բնակավայրերը` Բերդ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը: Բարեբախտաբար խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, իսկ մեր զինուժը վստահորեն վերահսկում է առաջնագիծը: Այնուամենայնիվ իրավիճակը շարունակում է լարված մնալ, և այս պարագայում առնվազն տարակուսանք և հիասթափություն է առաջացնում ՀԱՊԿ-ի մեր «գործընկերների» կրավորական կեցվածքը և փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող դաշնակցին ու նրա հակառակորդին նույն հարթության մեջ դիտարկող ամոթալի հայտարարությունը:
Արտաքին լարվածությունը, ցավոք, փորձում են իրենց նեղ խմբային շահերի համար օգտագործել որոշ «քաղաքական» խմբեր ու խմբակներ, որոնց վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունները, կայքերն ու այլ մեդիագործիքները կեղտոտ հակաքարոզչություն են իրականացնում երկրի ռազմաքաղաքական իշխանության դեմ, փորձելով հասարակությանը պետությունից անջրպետելու, հիասթափության ու հուսահատության մթնոլորտ ստեղծելու միջոցով հերթական անգամ հագուրդ տալ իրենց ռևանշիստական նկրտումներին:
«Ազատամարտիկների Դաշինքի» վարչությունը, վաղն իսկ առաջնագիծ մեկնելու համար մոբիլիզացված իր հարյուրավոր մարտիկների անունից լիազորված է հայտարարելու, որ որևէ պարագայում թույլ չի տալու «Աղդամն իրենց հայրենիքը չհամարող», բայց հայրենիքի ութ հարյուր հեկտարը անպիտան տարածք համարող, Արցախի յոթ շրջանները հակառակորդին հանձնել պատրաստվող, մայրաքաղաքի կենտրոնում սեփական քաղաքացիներին գնդակահարած հանցագործ խմբավորումներին ու տարբեր ժամանակներում նրանց սեղանի փշրանքներից օգտված նոր ու զառամյալ «կուսակցություններին» մեկ անգամ ևս պետությունը կանգնեցնել կորստյան եզրին:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ռազմաքաղաքական իշխանության դեմ իրականացվող ցանկացած գործունեություն ուղղակիորեն հարվածում է ներքին կայունությանը, ասել է թե պաշտպանունակությանը, և ոչ այլ ինչ է, եթե ոչ պետական դավաճանություն, ուստի արտաքին սպառնալիքը չեզոքացնելուց անմիջապես հետո անդրադառնալու ենք նաև ներքին թշնամուն: