Արդեն մի քանի օր է , ինչ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում լարված իրավիճակ է, գյուղում կրքեը չեն հանդարտվում: Այսօր վաղ առավոտից գյուղում կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, իսկ գյուղացիները փակել են գյուղապետարանի շենքի մուտքը՝ թույլ չտալով՝ նախկին գյուղապետին, ով վերականգնվել է իր պաշտոնում դատարանի որոշմամբ, մուտք գործի շենք, որտեղ էլ ոստիկանների եւ գյուղացիների մեջ սկսկվել է քաշքշուկ:
Այս առնչությամբ ArmԼur.am-ը զրուցել է Արամավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի հետ, ով մեզ հետ զրույց նշեց, որ մարզպետարանը ստեղծել է համապատասխան հանձնաժողովներ, բազմիցս մարզպետարանում եղել են քննարկումներ համայնքի տարբեր կողմեր ներկայացնող մարդկանց հետ:
«Համայնքում կան տարբեր կողմեր, կան նախկին համայնքապետին սատարողներ, կան ժամանակավոր համայնքապետին սատարողներ, եւ կան բնակիչներ, ովքեր ոչ մի կողմին չեն սատարում: Մարզպետարանի վերբերմունքը համայնքի նկատմամբ իրականացվել է տարբեր ծրագրերով: Այստեղ կա թյուր ըմբռնում , պետք է չէ ամեն բան ուղղել մարզպետարանի ուղղությամբ: Մարզպետարանն այստեղ ոչ մի գործառույթ չունի, ես ոչ ժամանակավոր պաշտոնակատարին եմ նշանակել, եւ ոչ էլ նրան հանել եմ, ես նման գործառույթ իրականացնելու իրավունք չունեմ: Մարզպետարանն այստեղ որևիցե լիազորություններ չունի, դա դատարանի որոշումն է»,-ասաց Արմավիրի մարզպետը:
Նշենք, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ, համայնքապետի ներկայիս պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է լքի իր պաշտոնը, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը։
Բողոքի ակցիաների միջոցով եղեգնուտցիները ստիպել էին Ռազմիկ Մարգարյանին 2018-ի հուլիսի 2-ին հրաժարական տալ։
Նա էլ դիմել էր վարչական դատարան՝ համայնքապետի պաշտոնակատարի պաշտոնավարումը դադարեցնելու եւ իրեն նախկին պաշտոնում վերականգնվելու հայցով։
Լիդա Եղիազարյան