ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլխավոր դատախազության բաժնի պետի տան թալանի գործով որոշում է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տան թալանի գործով որոշում է կայացվել: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տան գողության գործը կասեցվել է: Ասել է, թե իրավապահ մարմինները չկարողացան բացահայտել, թե ով կամ ովքեր մուտք գործեցին ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի տուն եւ գողություն իրականացրեցին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին անհայտ անձը կամ անձինք Երեւանում թալանել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Աննա Բադալյանի տունը: Դուռը բացել էին, մտել տուն, տակնուվրա արել այն եւ ննջասենյակից հափշտակել գումար:

Ավելին, իրավապահները բացահայտել էին, որ տանը եղել են արժեքավոր իրեր, սակայն ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ՀՀ գլխավոր դատախուզության վիճակագրական բաժնի պետի տուն էին մտել կոնկրետ գումարի համար եւ տարել են մի քանի հարյուր դոլար:

Նկատենք, որ դեպքի վայրում աշխատող իրավապահները արձանագրել են, որ տանը այլ գումար էլ է եղել, սակայն հանցագործը կամ հանցագործները այն չեն գտել կամ շտապել են, դրա համար մանրակրկիտ չեն փնտրել գումարը : Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ բանավոր կերպով ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում:

Ավելին ՝ գրել էինք, որ այս եւ այլ դեպքերից հետո իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: Մասնավորապես, նախաքննական մարմինների քննիչները ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Քննիչների խոսքով` եթե մի անձ մյուսին հարվածում է, եւ դատարանը հարվածող անձին մեղմ պատժի է ենթարկում, հասկանում ենք, որ դեպք է, եղել է, անցավ-գնաց:
Մի քանի անգամ գողության համար դատապարտված անձին կրկին նույն արարքի համար բռնում ենք, մեղադրանք առաջադրում եւ ուղարկում ենք դատարան, դատարանը գրավ է կիրառում կամազատազրկման է դատապարտում` տուգանք նշանակելով: Անցնում է մի քանի օր, կրկին նույն հանցագործը մեկ այլ բնակարանից գողություն է անում, պետք է հասկանանք, որվերջ, այդ մարդն այլեւս չի փոխվի, ոնց կա, դա է, եւ նրան ազատ արձակելով` մեր ընտանիքներին ենք վտանգում: Այս է պատճառը, որ համատարած գողություններ են:

Սակայն նկատենք, որ սա իրավապահների միակ կասեցում չէ , պաշտոնատար անձանց տան բնակարանների գործով :

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ : Բնակարանը , որտեղից գողություն էր կատարվել, պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել եւ հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են իրավապահները: Եվ ահա 5 ամիս անց նախաքննական մարմինը որոշում է կայացրել կասեցնել նախկին փոխնախարարի բնակարանի թալանի գործը. ասել է, թե իրավապահներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել , թե ով կամ ովքեր են մուտք գործել նախկին փոխնախարարի տուն եւ այն թալանել:

Քնար Մանուկյան




Լրահոս