Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունը պահպանվում էր նաեւ երեկ: Չնայած միջազգային արձագանքներին եւ բանակցությունների վերադառնալու կոչերին, իրավիճակը հանդարտվելու նշաններ ցույց չէր տալիս: Երեկ հայկական կողմից նաեւ զոհեր գրանցվեցին: Մեր հարցերին պատասխանել է «Ազատամարտիկների դաշինքի» անդամՌազմիկ Պետրոսյանը:
– Պարո՛ն Պետրոսյան, արդեն 3-րդ օրն է՝ սահմանին լարված իրավիճակ է, ինչպե՞ս եք գնահատում մեր Զինված ուժերի գործողություններն առաջնագծում, ըստ ձեզ ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց այս գործողությունն հենց այս ժամանակահատվածում:
-Հակառակորդի կողմից սադրանքներ միշտ էլ եղել են, եւ դա բնական է, քանի վերջին շրջանում Հայաստանում ներքին խմորումներ են, ընդդիմությունը նախկին իշխանությունների հետ ակտիվացել է, ապակայունացնող վիճակ է ստեղծվել, դրա հետ միասին նաեւ կորոնավիրուս համաճարակը: Այսօր Հայաստանը օդային ճանապարհը փակ լինելու հանգամանքը, հնարավոր է հույս է ներշնչել թշնամուն, որ հարձակման գնալով կարող է ինչ-որ հաջողությունների հասնել, բայց հակառակորդն իր հաշվարկներում սխալվել է, եւ մենք գիտեինք, որ սխալվելու է , քանի որ մեր բանակն այսօր իր տեղում է:
Այս երկու տարիների ընթացքում ուշադրության արդյունքում թե՛ զինվորի պաշտպանվածության առումով, թե՛ ռազմական պատրաստվածության առումով շատ ավելի բարձ վիճակում է: Անկախ մեր տնտեսական վիճակից մեր իշխանությունները մեծ ներդրումներ ունեն բանակի մարտունակությունը բարձրացնելու վրա, ինչպես նաեւ բարոյահոգեբանական եւ բարձր մարտունակություն ունեցող տեխնիկայի համալրմամբ: Մենք այսօր պատրաստ էինք . մեզ համար անակնակալ չէր թշնամու գործողությունները, և բնական է, որ ի տարբերություն 2016 թվականի ապրիլի , մենք այդքան զոհեր չտվեցինք, քանի որ զինվորն առաջնագծում պաշտպանված էր: Ինչու չէ, նաեւ մեր զինվորներն ու սպաներն հաջողություններ են արձանագրել, եւ մենք միշտ պատրաստ ենք: Այսօրվա մեր ռազմավարությունն այնպիսին է, որ հակառակորդի ոտնձգության դեպքում, ինչպես որ հայտարարվում էր ռազմաքաղաքական իշխանության կողմից, առաջին իսկ ոտնձգության դեպքում ունենալու են տարածքային կորուստներ, ի տարբերություն 2016 թվականին, երբ ռազմաքաղաքական իշխանություններն այդ տարածքները հայտարարում էին ոչ պիտանի: Հիմա մենք հակառակորդի տարածքում էլ շատ կարեւոր նշանակության բարձունքներ էլ ունենք, տարածքներ էլ ունենք ազատագրելու: Այնպես, որ թշնամին պետք է հետեւություն անի, որ մեզ հետ ուժի դիրքից խոսելն արդեն իրենց համար ձեռնտու չի լինելու:
-Միջազգային հանրությունը, մասնավորապես ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ոչ այնքան կոշտ եւ սաստող արձագանքներով հանդես եկան…
-Մենք այսօր հայտարարություն տարածեցինք, որտեղ անդրադարձել էինք նաեւ ՀԱՊԿ-ի անողնաշար եւ լղոզված կեցվածքին, որն ադեկվատ չէր ներկա իրավիճակում , քանի որ իր անդամ երկրի համար հատուկ պարտավորություն ուներ, պետք է իր անդամ երկրի սահմանների ոտնձգության դեպքում համարժեք քայլեր կատարել: ՀԱՊԿ-ը լղոզված ձևով երկու կողմին նույն կոչով դիմեցին, որ նիստ պետք է լինի, հետո որոշեցին, որ հետաձգվում է: Եվ սա ապացույց էր, որ այդպիսի անողնաշար կեցվածքով այդ կառույցը հեռանկար չունի, այնպես որ, եթե իրենց կարծիքը իրենք չվերանայեն, ապա մենք պետք է վերանայենք նրանց հետ համագործակցության հարցը: Ես՝ որպես նախկին զինվորական, կուզենայի, որպեսզի ՀԱՊԿ-ի առաքելությունը լինի ՆԱՏՕ-ին համարժեք կառույց ստեղծելը, ուրեմն, պետք է իր անդամ երկրների հետ պայմանավորածությունը չխախտեն: Ինձ համար շատ ցավալի եւ անհասկանալի է, եւ մենք բազում անգամ տեսել ենք, որ միշտ էլ այդ կեցվածքն է ընդունել:
Իսկ միջազգային կառույցների հայտարարությունները մեծ ակտիվությամբ եւ մեկ անգամ ևս վկայում են, որ մեր Արտաքին գործերի նախարարությունը նորմալ է աշխատել, եւ առաջին անգամն է, որ նորմալ աշխարհում տեղեկացվեցին, ճիշտ է շատ երկրներ, շատ կառույցներ, միջազգային երկկողմանի հավասար հայտարարություններով հանդես եկան, բայց որոշ կառույցներ այս անգամ արդեն հստակ նշում էին, թե զգացել են, որ Արդբեջանն է այս ամենի կենտրոնում:
Զրուցեց Լիդա Եղիազարյանը