«Բարոյական վնասի հատուցում եմ պահանջելու նախարարությունից եւ ԲՈԿ-ից». նախկին ռեկտորը հաղթեց դատարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ հուլիսի 17-ին նախատեսված ռեկտորի մրցույթը չի կայանալու: Բանն այն է, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա դատարանը որոշում է կայացրել դադարեցնել այդ մրցույթը: Միեւնույն ժամանակ նախկին ռեկտորը Վարչական դատարանում մեկ այլ գործով է հաղթել եւ դատարանը պարտավորեցրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի կայքից ջնջել նրա ատենախոսության վերաբերյալ եզրակացությունը՝  բարոյական վնասի հատուցման իրավունքով:

ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, որը մանրամասներ ներկայացրեց: Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 22-ին Ռուբեն Հայրապետյանը թողեց իր պաշտոնը, քանի որ նրան մեղադրում էինդոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ: Եվ ըստ էության, նա դատարանում վիճարկելով այս որոշումը, հակառակ որոշում կայացրեց:

-Պարո՛ն Հայրապետյան, դատարանի վճիռներից հետո ինչ է սպասվում:  Կմանրամասնեք՝ ինչ են ենթադրում  այն որոշումները:

-Մինչեւ դատական հայտ ներկայացնելը, ես բազմաթիվ անգամ հանրային գրառումներով եւ նաեւ նախարարությանն ուղղված իմ կոչերով տեղեկացրել եմ, որ այդ մրցույթն ապօրինի է: Այս հանգամանքը նախարարությունը հաշվի չառավ, ինչպես հաշվի չէր առնում բոլոր մնացած հանգամանքները եւ դիմում տարատեսակ ապօրինությունների, այդ թվում՝ նաեւ առերեւույթ դիտավորությամբ ապօրինությունների, որոնց հետ կապված էլ ես գործընթաց էի սկսել: Երբ ես հասկացա՝ պարզապես անիմաստ է նախարարությանը ինչ-որ բան բացատրել կամ հորդորել, ես որոշեցի դիմել դատարան: Խորհրդի անդամների շուրջ կեսն օրենքի խախտումով են հայտնվել խորհրդում եւ սրան զուգահեռ ես նաեւ լուծումն էի տվել: Դեռեւս մեկ տարի առաջ որոշում էր կայացվել համալսարանը վերակազմակերեպլ հիմնադրամի, կազմել փաթեթը եւ եթե վերակազմավորման գործընթացն այդպես էլ չհիմնավորված հիմքով չկասեցնեին, կարող էին ձեւավորել նոր հոգաբարձուների խորհուրդ, եւ կլուծվեր օրենքի հետ կապված բոլոր խնդիրները: Բայց նախարարությունը դա չարեց եւ ինչպես հետագայում պարզվեց՝ խնդիր կար դրված հովանավորյալ թեկնածուին ամեն գնով անցկացնել: Եթե վերակազմավորվեր հիմնադրամի, առաջարկվող նախաձեռնությամբ դուրս էր գալու դոկտոր-պրոֆեսորի պահանջը, ինչը նշանակում էր, որ բազմաթիվ արժանի թեկնածուներ էին մասնակցելու: Մեկ տարի առաջ, երբ մենք այդ փոփոխությունը կատարեցինք, մեր գործընկերներն ինձ շատ էին ասում, թե ինչու եմ նման բան անում, քանի որ այդ դեպքում շատ մրցակիցներ եմ ունենալու, բայց ես ասում էի՝ ես խնդիր չունեմ ընտրվելու, այլ խնդիր ունեմ ճիշտ կանոնադրություն կազմելու: Իսկ իմ խորին համոզմամբ համալսարանի կառավարիչի համար դոկտոր-պրոֆեսորի  պահանջը պարզապես անհեթեթ է եւ կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք օրինակ թեկնածու կամ դոցենտ են: Հետագայում, ինչպես պարզվեց, մարդիկ որոշեցին իմ այս տրամաբանական քայլը տապալել, որպեսզի արդեն իրենց թեկնածուն մրցակցության խնդիր չունենա: Հետեւաբար երկու հայց ներկայացրեցի դատարան, որոնց մեկը պարտավորեցնել դադարեցնել խորհրդի համապատասխան անդամների լիազորությունները, որովհետեւ դրանք իրավունք չունեն խորհրդում եւ երկրորդ հայցով էլ այս ամենի հիմքով մրցույթի գործընթացը ոչ իրավաչափ համարել: Եվ հետեւաբար քանի որ հայցերը բավականափ ամուր էին եւ չկար որեւէ հանգամանք, որով կարելի էր մերժել, դրանք ընդունվեցին վարույթ եւ որպես  հայցի ապահովման միջնորդություն բավարարվեց նաեւ մրցույթի կասեցումը: Այսինքն մրցույթի վրա դրվեց արգելանք:

-Այսինքն, հուլիսի 17-ին կայանալիք մրցույթը չի՞ կայանա:

-Այո, տեղի չի ունենալու եւ մրցույթը տեղի կունենա միայն այն  ժամանակ, երբ իմ ներկայացրած տարբերակով օրենքի հետ կապված խնդիրները կլուծվեն, կստեղծվի նոր խորհուրդ, որում արդեն կկարողանան մասնակցել բոլոր այն անձինք, որոնք արդեն կարող են հավակնել այդ պաշտոնին եւ արժանի են:

-Իսկ դա կոնկրետ ժամկե՞տ է ենթադրում:

-Ոչ, ժամկետ չի ենթադրում: Որպեսզի հնարավոր լինի հիմա մրցույթ կազմակերպել, երկու տարբերակ կա: Առաջին տարբերակը՝ ուղղակի խորհուրդն ամբողջությամբ խորհուրդը փոխել եւ այն անդամները, որոնք չեն բավարարում օրենքի պահանջներին, նրանց հանել խորհրդի կազմից եւ երկրորդ՝ ավելի հեշտ տարբերակն այն է, որ համալսարանն ուղղակի վերակազմակերպել հիմնադրամի եւ այդ դեպքում համալսարանը կունենա Հոգաբարձուների խորհուրդ: Երբ դա արեցին, իմ հայցը կդառնա առարկայազուրկ եւ կկազմակերպվի նոր մրցույթ:

-Իսկ այդ դեպքում հնարավո՞ր է Դուք առաջադրեք Ձեր թեկնածությունը:

-Այս պահին չունեմ որեւէ որոշում եւ երբ կազմվի օրինական խորհուրդ, ես կփորձեմ հասկանալ՝ արդյոք կա պահանջ հիմնական շահառուների եւ հատկապես ուսանողների կողմից, որ ես դառնամ ռեկտոր: Եթե ես տեսնեմ, որ ցանկությունը եւ պահանջը  մեծ է, ապա այդ դեպքում հնարավոր է՝ ես մասնակցեմ: Եթե ես տեսնեմ, որ այդ ցանկությունը կա, բայց փոքր է, ես չեմ մասնակցի:

-Իսկ ինչ իրավիճակ է մյուս դիմումի մասով, որը վերաբերում էր Ձեր ատենախոսությանը:

-Ես մի քանի անգամ ասել եմ, որ իմ ատենախոսության վերաբերյալ պնդումներն անհեթեթություն են: Երբ որ ես հանրային խոսում էի, մարդիկ չէին կարողանում հակադարձել, բայց որոշեցին ստեղծել այսպես կոչված պաշտոնական հանձնաժողով, որը տվեց եզրակացություն՝ խայտառակ սխալ մեկնաբանություններով: Եվ իմ խնդիրը սկսեց այն պահից, երբ ես սկսեցի մեկնաբանել, թե ինչքան սխալ է եզրակացությունը: Եվ ինչքան էլ ես ճիշտ էի, իրենք սխալ, ամեն դեպքում ստացվում էր՝ ես պայքարում եմ պաշտոնական եզրակացության դեմ: Ստեղծվում էր տպավորություն՝ իրենք ճիշտ են եւ ես սխալ: Եվ հետեւաբար ես դիմեցի դատարան, վճռով եզրակացությունները ճանաչվեցին առոչինչ եւ հետեւաբար այդ խայտառակ եզրակացությունը կհեռացվի ԲՈԿ-ի ֆեյսբուքյան էջից , նաեւ այս ամենի հիմքով ես ստանում եմ իրավունք՝ պահանջելու բարոյական վնասի հատուցում:

-Կոնկրետ ումի՞ց, կթվե՞ք:

-Երեք պատասխանող կողմ է եղել՝ ԿԳՄՍՆ, ԲՈԿ եւ համապատասխան հանձնաժողով, որը ստեղծվել է: Դատարանի վճռով ոչ իրավաչափ գործողություններ արձանագրվել են թե՛ նախարարության, թե՛ ԲՈԿ-ի գործողություններում: Բարոյական վնասի հատուցումը պահանջելու եմ այդ երկու կառույցներից:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս