ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմեն Սարգսյանն անդրադարձել է վերջին օրերի սահմանային իրավիճակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանը՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանը և Գրիշա Մաթևոսյանը՝ Մարտական ծառայության մեդալով:

«Խորին ցավակցությունս եմ հայտնում մեր պետական սահմանը պաշտպանելիս զոհված հերոսների ընտանիքներին ու հարազատներին: Խոնարհվում եմ նրանց անմար հիշատակի առաջ»,- այսօր նախագահական նստավայրում կայացած արարողության ժամանակ ասել է նախագահ Արմեն Սարգսյանը: Նախագահը շուտափույթ ապաքինում և կազդուրում է մաղթել վիրավորներին, իսկ սահմանին կանգնած մեր զինծառայողներին, սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներին՝ հաստատակամություն և տոկունություն։

Նախագահ Սարգսյանի հրամանագրերով գեներալ-մայորի զինվորական կոչումներ են շնորհվել խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանին, 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ժիրայր Պողոսյանին, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Անդրանիկ Փիլոյանին:

Բարձր կոչումների արժանացած զինվորականներին նախագահը հանձնել է գեներալական ուսադիրները և մաղթել հաջողություններ իրենց դժվարին և պատասխանատու ծառայության մեջ: «Դուք գեներալի կոչման եք արժանացել անցած երկար ու դժվարին ճանապարհի համար,- նշել է Հանրապետության նախագահը: -2020 թվականի հուլիսի 12-ից հետո մենք կրկին այլ կերպ ենք ընկալում զինվորականի ու հայրենիքի պաշտպանի դերը, նրանց աշխատանքն ու ծառայությունը, հայրենիքի համար կյանքը նվիրաբերելու նրանց պատրաստակամությունը։ Եվ դուք նրանցից մեկն եք:

Դուք ձեր կոչումները ստանում եք մեր հայրենիքի համար բարդ օրերին, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել մեր պետական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի ուղղությամբ։ Դրանք ռազմական ագրեսիայի բացահայտ փորձեր են, որոնք դատապարտված են անփառունակ վախճանի»։

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այդ ագրեսիան թշնամանքի և ատելության հերթական դրսևորումն է Ադրբեջանի կողմից: «Ադրբեջանի քայլերը որևէ մարդկային տարր չունեն իրենց մեջ։ Այսօր ամբողջ աշխարհը մեծ ճակատամարտի մեջ է և պայքարում է կորոնավիրուսի համավարակի դեմ: Այն աշխարհին ստիպում է դառնալ ավելի մարդկային և կյանքեր փրկել: Որքան անպատասխանատու, անմարդկային պետք է լինես, որ և՛ քո սեփական երկրի, և՛ Հայաստանի համար այս դժվարին օրերին նախահարձակ լինես և սահմանի վրա մեծ լարում ստեղծես, որին զոհ են գնում մարդիկ։ Անշուշտ, իրավիճակը գտնվում է մեր զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։ Չնայած մենք նախահարձակ չենք, սակայն մեր զինուժը շարունակում է մնալ իրավիճակ և պայմաններ թելադրողի դերում»։

Նախագահ Սարգսյանը շեշտել է, որ մեր բանակը խաղաղության բանակ է, մեր զինվորը խաղաղարար է ու խաղաղապահ։ Բայց նրանք ցանկացած պահի պատրաստ են և կարող են հաղթել թե՛ ցանկացած մարտում, թե՛ պատերազմում։ «Եթե Ադրբեջանը նախընտրում է ուժի լեզուն,ապա, մեր ողջ խաղաղասիրությամբ հանդերձ, մենք պատրաստ ենք առնվազն համարժեք պատասխանել մեր սահմանի, մեր քաղաքացու, մեր ընտանիքի, մեր օջախի վրա հարձակված թշնամուն,- ասել է Արմեն Սարգսյանը։ -Հայաստանի համար թանկ է իր յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր զինծառայողի կյանքը, յուրաքանչյուր թիզ հողը։ Մենք պատրաստ ենք և ի զորու ենք պաշտպանել մեզ, մեր տարածքները։ Մենք շարունակելու ենք հաղթել, որովհետև ունենք խիզախ զինվոր, խիզախ սպա, խիզախ գեներալ և հաղթական բանակ։ Բանակ, որը մեր միասնության, հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է»։

Վերստին ընդգծելով, որ բանակը մեր հաղթանակների հիմնական գրավականն է, նախագահ Սարգսյանը միաժամանակ նշել է, որ ուժեղ բանակ ունենալու համար պետք է ունենալ հզոր տնտեսություն: «Եվ ամենակարևորը. մենք պետք է լինենք միասնական, համախմբված: Հուլիսի 12-ից ի վեր ավելի ու ավելի է գիտակցվում ազգային միասնության անհրաժեշտությունը»:

Դիմելով նորընծա գեներալներին՝ նախագահն ասել է, որ, վստահաբար, նրանք մեկ անգամ չէ, որ զգացել են միասնության ուժը: «Հիմնվելով ձեր օրինակի վրա՝ պարտքս եմ համարում կրկին կոչով դիմելու մեր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում, նրանց, ովքեր մասնակցում են մեր կյանքին, նաև նրանց, ովքեր ակտիվորեն օգտագործում են վիրտուալ աշխարհը. մեր սահմանին կանգնած զինվորին, սպային ու գեներալին անհրաժեշտ է իր թիկունքում զգալ մեր ազգային միասնությունը, համախմբվածությունը, մեր ազգային ոգու ուժը,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Ես խնդրում եմ այս դժվարին պահերին լինել հանդուրժող և զուսպ: Պետք է ձեռնպահ մնալ միմյանց թիրախավորելուց, քաղաքական հակառակորդներ կամ անձնական թշնամիներ փնտրելուց, միմյանց վիրավորելուց: Պետք է հիշենք, որ հանուն հայրենիքի անվտանգության՝ վաղը կարող ենք լինել նույն խրամատի մեջ, կողք- կողքի:

Մեր պատմության բոլոր դժվարին պահերին մի կողմ ենք դրել մեր տարաձայնությունները, դարձել մի բռունցք: Այդպես եղել է և՛ Սարդարապատի ճակատամարտում, և՛ 1990-ականների սկզբին, երբ համախմբվելով, ստեղծեցինք տարածաշրջանի ամենահզոր բանակը և հաղթանակներ տարանք: Այդպես է եղել նաև 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Սփյուռքից մինչև Արցախ, Հայաստան բոլորս մեկ էինք, քանի որ գիտեինք՝ այս պահին ունենք մեկ խնդիր՝ հայրենիքի պաշտպանությունը: Այդպես էինք երկու տարի առաջ, երբ 2018 թվականի ապրիլին, չնայած Հայաստանում բուռն քաղաքական իրադարձություններ էին տեղի ունենում, բոլորը՝ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը, ապրիլի 24-ին և 25-ին մի կողմ թողեցին մեր տարաձայնությունները և ցույց տվեցինք աշխարհին, որ կարող ենք լինել տարբեր, բայց ապրիլի 24-ին՝ մեր ազգային ողբերգության օրը, հանդես գալ որպես մեկ ազգ, մեկ ժողովուրդ: Այդպես է և այսօր:

Այս պահին ես ուզում եմ օգտագործել առիթը և իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին՝ և՛ Ազգային Ժողովում և դրանից դուրս, և՛ իշխանամետ, և՛ ընդդիմադիր, որովհետև նրանց բացարձակ մեծամասնությունն այսօր հայտարարել է, որ այս պահին պետք է մի կողմ դնել մեր տարաձայնությունները և միավորվել, որովհետև մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին»:

Բարձրաստիճան զինվորականները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին և հավաստիացրել, որ պատրաստ են լուծել իրենց առջև դրված մարտական խնդիրները՝ իրենց ողջ կարողություններն ու գիտելիքը, փորձը և հմտությունները շարունակելով ծառայեցնել Հայրենիքին:




Լրահոս