Հայաստանում երեկ` հուլիսի 13-ին, արդեն չորրորդ անգամ երկարաձգվեց դեռ մարտի 16-ից Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը: Եվ մինչ Հայաստանը իր ներսում պայքարում էր անտեսանելի թշնամու դեմ, լարվեց իրավիճակը արդեն հայ-ադրբեջանական սահմանին, եւ, ներքին թշնամու դեմ պայքարելուց բացի, սկսվեց պայքար նաեւ արտաքին թշնամու դեմ: Գաղտնիք չէ, որ սահմանին լարվածության պարագայում ընթանում է նաեւ տեղեկատվական պատերազմ, որի մեջ երեկ հայտնվեց նաեւ Հայաստանը: Իսկ ի՞նչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում։ Մի խումբ հավաքի փորձեր էր անում, խորհրդարանում ԲՀԿ-ն, արտախորհրդարանական ուժերից «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները միասին պայքարում էին երկրում բողոքի ցույցերը թույլատրելու համար:
Այսինքն՝ ադրբեջանական կողմից սանձազերծած իրավիճակը նաեւ յուրօրինակ թեստ եղավ ինչպես իշխանությունների, ընդդիմության, այնպես էլ լրատվամիջոցների համար: Շատ կայքեր՝ նույնիսկ ընդդիմադիր ուղղվածություններ ունեցող, մեծամասամբ սպասում էին ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը եւ միայն դա հրապարակում, սակայն եղան արկածախնդիրներ, որոնք Հայաստանի սահմանի աննախադեպ ռազմական գործողությունները մատուցեցին ադրբեջանական լույսի նորքո։
Այսպիսով, նկատենք, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո սա փորձաքար էր ինչպես հեղափոխական իշխանության, այնպես էլ ընդդիմության համար, սակայն փորձը չհաղթահարվեց, եւ ընդդիմության կողմից եղան բազմաթիվ շահարկումներ՝ ընդհուպ վարչապետի զինվոր որդու հիշատակմամբ:
Ի ուրախություն բոլորիս՝ հայկական բանակը կարողացավ լուծել իր առջեւ դրված քաղաքական խնդիրը՝ առանց մարդկային զոհերի` ի տարբերություն Ապրիլյան պատերազմի հանգուցալուծման՝ 800 հա «անպիտան տարածքների» կորստի գնով։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական զինված ուժերը Տավուշի ուղղությամբ սկսել է հրետակոծությունը, որը շարունակվեց նաեւ մյուս օրը: Եվ, ահա, առաջին անգամ Հայաստանը սահմանային լարվածության մասով դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը պետք է երեկ արտահերթ նիստ անցկացներ, սակայն այն հետաձգվեց` որպես պատճառաբանություն նշելով, թե նոր տեղեկություններ են անհրաժեշտ այն անցկացնելու համար: Միեւնույն ժամանակ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է համաձայն լինեն հայտարարության տեքստին եւ միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ սա հարձակում է եղել, հայտարարություն կլինի: «Դեռ պետք է ապացուցվի, որ սա հարձակում է եղել Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սահմանային միջադեպ: Հենց փաստերի ուսումնասիրումն էր նիստի հետաձգման պատճառը»,-նկատեց նա: Թե, ի վերջո, ինչ դիրքորոշում կհայտնի ՀԱՊԿ-ը, դժվար է ասել, սակայն հայկական կողմի ներկայացված փաստերը կարող են շատ բան փոխել:
Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է քննություն իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ կուսակցության գործիչների մասով հարուցված քրեական գործերի շրջանակներում: Ընդ որում, նկատենք՝ ԱԱԾ-ում այս քրեական գործերի մասով լայնածավալ քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս քրեական գործերը քննելու եւ համապատասխան աշխատանքները կատարելու գործին լծվել է 100 քննիչ, որոնց հրահանգ է տրված արագ գործել, հավաքել անհրաժեշտ փաստերը: ԱԱԾ-ում ԲՀԿ-ականների մասով տարբեր քաղաքացիների կողմից դիմումներն այնքան շատ են, որ նկատում են՝ անգամ այդ 100 քննիչը չեն հասցնում աշխատանքներն իրականացնել: Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ի հայտարարությունից հետո բոլոր մարզերից աննախադեպ մեծ թվով մարդիկ են գալիս եւ ցանկանում հաղորդում ներկայացնել ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես քաղաքացիները կազմակերպված են հաղորդում տալիս: Հավելենք, որ սրան զուգահեռ հետաքրքիր մարտավարական քայլ են արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները: Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Ծառուկյանի խափանման միջոցի՝ Առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկել նոր քննության: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի պաշտպանական կողմն էլ Վերաքննիչի որոշումն է բողոքարկել Վճռաբեկ դատարան: Եվ այս առումով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, եւ փոխարեն գործի քննությունը սկսվի, այժմ ընթանում է այն մի կառույցից մյուսին ուղարկելու գործընթացը, եւ սա,, ըստ էության արվում է ժամանակ շահելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վաղը տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների վերաբերյալ բազմաչարչար օրինագիծը: «Ժողովուրդ» օրաթերթն իր հուլիսի 10-ի համարում գրել էր, որ օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո հարցի քննարկումը հետաձգվել էր: Գրել էինք նաեւ, որ պատճառը եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանի միջեւ անհամաձայնությունը: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երկար, բուռն քննարկումներից հետո, ի վերջո, հաջողվել է այդ նախագծում փոփոխություններ անել եւ դնել երկրորդ ընթերցմամբ քվեարկության։ Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ուրբաթ օրը նիստ է անցկացրել, որին մասնակցել է նաեւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկման թեմա էին դարձել հենց «Ընդերքի մասին» օրենքի հետ կապված խնդիրները: Արարատ Միրզոյանը դժգոհել է, որ միջանձնային հարաբերությունները կարող են դառնալ այնպիսի իրավիճակի պատճառ, երբ անգամ նախագծեր են հեռացվում օրակարգից: Հիշեցնենք, որ ի թիվս այլ փոփոխությունների՝ օրենքով ընդերքօգտագործման իրավունքը կտրվի ոչ թե 50 տարով, ինչպես գործող օրենքով է, այլ 25 տարով:
Հայաստանի հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել առողջապահության նախարարության ընթացիկ տարվա պետական բյուջեի երեք ամիսների մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի հունիսի 30-ի որոշմամբ՝ կասեցվել է հաշվեքննությունը: Պատճառը COVID-19 է: Պարզվում է՝ հաշվեքննության ընթացքում, հաշվեքննության արդյունքի վրա էական ազդեցություն ունեցող առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաեւ հաշվեքննության իրականացումն անհնարին դարձնող անկանխատեսելի հանգամանքով պայմանավորված է կասեցվել Առողջապահության նախարարության՝ պետբյուջեի երեք ամիսների մուտքերի ձեւավորման եւ ելքերի իրականացման կանոնակարգված գործունեության նկատմամբ հաշվեքննությունը: Սա դեռ ամենը չէ: Մեզ հայտնի դարձավ, որ կասեցման հիմքերի վերացումից հետո, Հաշվեքննիչ պալատի որոշմամբ, հաշվեքննությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով: