ՊԵՏՔ Է ՊԱՐԶԵԼ՝ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԵՂԵԼ Է, ԹԵ ՈՉ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երեկ պետք է տեղի ունենար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, սակայն այն անորոշ ժամանակով հետաձգվել է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ գլխավոր քարտուղար, Բելառուսը ներկայացնող Ստանիսլավ Զասը  իրավիճակի սրման կապակցությամբ կազմակերպության Մշտական խորհրդի արտահերթ նիստ էր նախաձեռնել:

 

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Այսօր առավոտյան կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածում կազմակերպության նպատակների մասին կետում նշված է, որ ՀԱՊԿ-ի նպատակներից է «հավաքական հիման վրա անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանությունը»:

ArmLur.am-ը զրուցել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հետ կապերի հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ: Նա կարծիք հայտնեց, որ նիստի հետաձգումը կապ ունի առկա ինֆորմացիայի ստուգման հետ:

-Պարո՛ն Զատուլին, երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է տիրում: Հետեւե՞լ եք իրադարձություններին:

-Ես կարծում եմ՝ դեռ պետք է տեղի ունեցածը պարզել: Եվ որքան հասկանում եմ, հենց դա էլ ցանկանում էին անել Հավաքական անվտանգության  պայմանագրի կազմակերպության անդամ երկրները: Ես կարծում եմ, որ սա միայն սահմանային միջադեպ է, ոչ ավելին: Իսկ թե ով է այդ ամենի մեջ իրականում մեղավոր, պետք է պարզ դառնա քննության արդյունքում: Իսկ ինչ վերաբերում է՝ ում է ձեռնտու, ում՝ ոչ, ապա ես կարծում եմ, որ սա առաջին հերթին ձեռնտու չէ Հայաստանին: Իհարկե, սահմանային լարվածությունը ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին, մենք գիտենք, որ նրանք ժամանակ առ ժամանակ փորձում են ցույց տալ իրենց ուժը: Ամեն դեպքում, այս դեպքում էլ պետք է ուսումնասիրել իրավիճակը եւ նոր միայն եզրակացություններ անել:

-Այստեղ ի՞նչ անելիք ունի ՀԱՊԿ-ը, որն այսօր (երեկ) պետք է նիստ գումարեր:

-Նկատենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է այդ կառույցին, դա նշանակում է, որ հենց նրանք պետք է այս իրավիճակն ուսումնասիրեն: Հայաստանի սահմանին անմիջական վտանգի պարագայում պետք է արձագանքեն ՀԱՊԿ բոլոր անդամ երկրները:

-Այսօր (երեկ)  նիստը հետաձգվեց. ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը:

-Ես չեմ կարող ասել՝ որն է պատճառը, սակայն, իմ կարծիքով, նիստի հետաձգումը կապ ունի մի քանի հանգամանքներ ճշտելու հետ, ոչ ավելին:  Եթե պարզվի, որ հարցը գնում է հենց Հայաստանի սահմանի վրա հարձակման մասին, ապա միանշանակ բոլոր անդամ երկրները պետք է արձագանքեն: Սակայն ես, ինչպես հասկանում եմ, այստեղ գործը գնում է միջադեպի, այլ ոչ թե հարձակման մասին: Այդ ամենը պետք է կշեռքի  նժարի վրա դրվի, եւ, եթե պատճառ կա միջամտության, ապա դա միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ կա հենց Հայաստանի սահմանների նկատմամբ:

-Բայց դա պետք է լինի ՀԱՊԿ բոլո՞ր անդամ երկրների կողմից:

-Իհարկե, անդամ  յուրաքանչյուր երկիր հետագայում կարող է իր համար որոշել՝ մասնակցել, թե ոչ, սակայն պայմանագրի համաձայն՝ նրանց արձագանքը պետք  է ընդհանուր լինի: Ի վերջո, խոսքը գնում է ՀԱՊԿ անդամ երկրի սահմանների մասին, բայց որպեսզի բոլոր անդամները արձագանքեն, պետք է առաջին հերթին պարզել՝ արդյոք սա իսկապես հարձակում, պատերազմական վիճակի սպառնալիք է, թե արդեն պատերազմ է: Հենց սա պետք է առաջին հերթին պարզվի՝ հետագա քայլերը հասկանալու համար:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՈՉ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Հայաստանում այն օրերին, երբ վարակի տարածման գործակցի արժեքը տեւական ժամանակ բարձր է եղել 1-ից, քննարկվել է 10-շաբաթյա տեւողությամբ կոշտ սահմանափակումերի ռեժիմ կիրառելու հարցը, սակայն որոշվել է առայժմ նման ռեժիմ չկիրառել՝ նկատի ունենալով տնտեսական ռիսկերը, ինչպես նաեւ այն, որ առողջապահական համակարգի ներկա պատաստվածությունը հնարավորություն է տալիս սպասարկել հոսպիտալացված հիվանդներին: Սակայն կառավարությունը պատրաստ է վերսկսել այդ քննարկումները, եթե նկատի, որ առողջապահական համակարգը այլեւս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարակում իրականացնել:

 

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցով  ԱԺ հատուկ նիստում ասել է. «Վերջին ժամանակում եղել են օրեր, երբ վարակի տարածման գործակցի արժեքը բավականին տեւական ժամանակ պահպանվում էր 1-ից բարձր մակարդակում: Եվ այդ շրջանում լրջորեն քննարկվել է մինչեւ աշուն կոշտ սահմանափակումների միջանկյալ ռեժիմ կիրառելու հարցը՝ պարետային ժամի սահմանմամբ: Սցենարը նախատեսում էր ընդհանուր 10 շաբաթ տեւողությամբ ռեժիմ, որի կուլմինացիան պարետային ժամով 4-շաբաթյա սահմանափակումներն էին՝ բնականաբար հարակից տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումներով: Վերջինս ուղեկցվելու էր միջմարզային տեղաշարժի արգելքով եւ աշխատանքային օրերին՝ երեկոյան սահմանված ժամից սկսած, անձանց տեղաշարժի սահմանափակմամբ: Ընդ որում, այս սցենարով նախատեսվում էին շաբաթ եւ կիրակի օրերին անձանց ազատ տեղաշարժի եւ տնտեսական գործունեության լիարժեք սահմանափակումներ»:

Այնուամենայնիվ, սահմանափակման կիրառման արդյունքում նաեւ ոչ բարենպաստ տնտեսական հետեւանքներ էին լինելու: Եվ մշակված ռեժիմի շրջանակներում այդ ամբողջական ծախսը, այսինքն` նախնական հավանական ազդեցությունը, գնահատվել է տարեկան համախառն ներքին արդյունքի 0,8 տոկոսի չափով: Այս գնահատումները, ինչպես նաեւ առողջապահական համակարգի ներկա պատաստվածությունը, որը հնարավորություն է տալիս սպասարկել հոսպիտալացված հիվանդներին, պատճառ են դարձել, որ այս պահին չկիրառվեն նմանատիպ խիստ սահմանափակումներ:

«Այնուամենայնիվ, ցանկացած պահի, երբ տեսնենք, որ առողջապահական համակարգը այլեւս ի վիճակի չէ պատշաճ բուժսպասարկում իրականացնել, վերսկսելու ենք նմանատիպ քննարկումները, եւ նման սահմանափակումները կիրառելու ենք բացառապես 100 տոկոսանոց վերահսկելիության եւ կարգապահության ապահովման նախապայմանով»,-վստահեցրել է պարետը:

Կառավարությունը հուլիսի 13-ի արտահերթ նիստում որոշեց երկարաձգել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 30 օրով՝ 2020 թվականի հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից, մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

 

 

ՍԱՀՄԱՆԻ ՄԻՋԱԴԵՊԸ

2020 թվականի հուլիսի 13-ին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը: Ռուս նախարարը հայտարարել է տարածաշրջանում լարվածության աճի անթույլատրելիության եւ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու անհրաժեշտության մասին։  Արտաքին գործերի նախարարությունում պարզաբանել են. «Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ԵԱՀԿ-ն ուղղակիորեն ներգրավված է հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, եւ հակամարտության երկու կողմերն էլ այս կազմակերպության լիիրավ անդամներ են»:

Նախարար Լավրովն ընդգծել է, որ տարածաշրջանում լարվածության սրումն անընդունելի է, եւ կարեւոր է վերահսկել իրավիճակը:

 

ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԵՆ

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով վարակված ԴԱՀԿ 10 աշխատակից բուժման մեջ է, աշխատանքի է վերադարձել 27-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցները դեռ ինքնամեկուսացված են:

 

ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆ

Հայաստանի իշխանությունները հույս ունեն այս տարվա սեպտեմբերից վերականգնել դպրոցների բնականոն գործունեությունը: ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ իրենց նպատակն է անել ամեն ինչ, որպեսզի սեպտեմբերից միջնակարգ դպրոցները սկսեն աշխատել նորմալ ռեժիմով՝ հետեւելով որոշակի կանոնների: Ընդ որում, պարետը նշել է, որ այժմ համապատասխան կանոններ են մշակվում, որոնք թույլ կտան ապահովել դպրոցների աշխատանքը:

 

ԱՊՕՐԻՆԻ

Իջեւանի բաժին հաղորդում էր ստացվել, որ «Իջեւանի անտառտնտեսության» Խաչարձանի անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերել: Պարզվել է, որ Իջեւան քաղաքի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի: Նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

 




Լրահոս