ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ԳՆԱՑԵԼ Է ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հրապարակվեց, որ քրեական գործ է հարուցվել Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից մոտ 1մլն 500 հազար դրամ արժողությամբ մեծ թվով մետաղապլաստե դռներ գողանալու, ինչպես նաեւ շենքին դիտավորությամբ գույքային վնաս պատճառելու փաստով:

 

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են մուտք գործել Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենք, եւ ինչպես են իրականացրել գողությունը: Էրիկ Եսայանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ Գոռ Սահակյանի հետ, որոշել են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երեւան քաղաքի Պարույր Սեւակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենքից գաղտնի հափշտակել դռներ, պատուհաններ եւ բռնակներ։ 2020 թվականի փետրվար ամսին պարբերաբար չկողպված դռնից ապօրինի մուտք են գործել Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում գտնվող՝ Երեւան քաղաքի Պարույր Սեւակ փողոցի 5/1 հասցեում տեղակայված շենք եւ այնտեղից գաղտնի հափշտակել են Գոռ Սահակյանի կողմից նախապես նշված շենքի տարբեր հարկերից տեղափոխված եւ առաջին հարկում տեղադրված խոշոր չափերի՝ ընդհանուր 1.138.000 ՀՀ դրամ արժողության թվով 28 մետաղապլաստե դռները եւ մեկ մետաղապլաստե պատուհանը՝ հետագայում դրանք իրացնելով Երեւան քաղաքի տարբեր հասցեներում գործող վաճառակետերում:

Այսպիսով, մեզ հետ զրույցում Էրիկ Եսայանի փաստաբան Վահե Դանիելյանը ներկայացրեց, թե ինչ է կատարվել իրականում. «Դուք գիտեք, որ գործով որպես մեզադրյալ անցնում են Գոռ Սահակյանը եւ իմ պաշտպանյալ Էրիկ Եսայանը: Ամբողջ նախաքննության ընթացքում մենք ներկայացրեցինք բազմաթիվ փաստեր, սակայն նախաքննությունը իրականացվեց միակողմանիորեն: Մի էական հանգամանք մենք ողջ նախաքննության ընթացքում պնդում էինք, որ իմ պաշտպանյալը՝ էրիկ Եսայանը, իրականում տեղյակ չի եղել Գոռ Սահակյանի իրական մտադրության վերաբերյալ, եւ այդ հանգամանքներն էլ ֆիքսված են քրեական գործով:

Մեր այն դիտարկմանը՝ միթե նա չգիտեր, թե ինչ շենք է մտնում գողություն կատարելու համար, պաշտպանը նշեց. «Գոռ Սահակյանը ի սկզբանե ցուցմունք է տվել, որ ինքն է այդ ամենն ամբողջությամբ արել միայնակ, եւ էրիկ Եսայանը ոչնչից տեղյակ չի եղել, պարզապես ինքը դիմել է էրիկ Եսայանին եւ ասել, որ ինձ օգնի այս ապրանքները վաճառել: Իսկ, ահա, այդ ապրանքները, իբր, իրեն տվել են գումարի դիմաց»: Ըստ փաստաբան Վահե Դանիելյանի՝ իր պաշտպանյալ Էրիկ Եսայանը, որեւէ օգուտ չունենալով, ընդամենը օգնել է Գոռ Սահակյանին այդ ապրանքները վաճառել, եւ, առհասարակ, Էրիկ Եսայանը ընդհանրապես ԱԱԾ հաշվեկշռում գտնվող շենք չի էլ մտել. «Կոնկրետ կարող եմ հայտարարել , որ ամբողջ քրեական գործում չկա որեւէ ապացույց, որով կարող է հիմնավորվել Էրիկ Եսայանի եւ Գոռ Սահակյանի նախնական համաձայնության գալու հանգամանքը:

Ավելին՝ գործով կան տարբեր ապացույցներ ու ցուցմունքներ, որոնցով կոնկրետ փաստվում է, որ Էրիկ Եսայանը տեղյակ չի եղել Գոռ Սահակյանի իրական մտադրության մասին»: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գոռ Սահակյանը, գողություն կատարելով Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում հաշվառված շենքից, այդ քայլին գնացել է իր ծնողների համար. վերջինս ունի վատառողջ ծնողներ, եւ նրանց բուժման համար գումար է անհրաժեշտ եղել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ

2020թ. հուլիսի 9-ին Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում ՀՀ ոստիկանության աշխատակիցները, նկատելով, որ «Մերսեդես Բենց C 180» ավտոմեքենայի վարորդը, ուղեւորի առկայության պայմաններում, չի կրում պաշտպանիչ դիմակ, կանգնեցրել են նշված ավտոմեքենան, սակայն մեքենայի վարորդը չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, չի ներկայացրել անձը հաստատող փաստաթուղթ եւ ավտոմեքենայով դիմել է փախուստի:

Վերջինիս հայտնաբերելուց հետո ոստիկանի օրինական պահանջները եւ ՀՀ Պարետի պահանջները չկատարելու համար բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության աշխատակիցներին են մոտեցել Եղեգնաձոր քաղաքի երկու բնակիչներ, որոնք հայհոյանքներ են հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին, խոչնդոտել նրանց օրինական գործողությունների կատարմանը, իսկ նրանցից մեկը՝ 34-ամյա տղամարդը,  կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանների նկատմամբ՝ բռունցքով 2 անգամ հարվածել է նրանցից մեկի որովայնին եւ կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, պոկել է վերջինիս կրծքանշանը եւ գցել գետնին, որից հետո արմունկով հարվածել է մյուսի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

ՀԵՏԱԽՈՒԶՎՈՒՄ Է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչին: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020թ. հուլիսի 3-ին Վանաձորի Պարույր Սեւակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 28-ամյա երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց եւ բուժօգնություն ստացել: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի նույն հասցեի 26-ամյա բնակիչ է:

Որոշում է կայացվել 26-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում: Ձեռնարկվում են միջոցառումներ հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

ՉԵՆ ՀԵՌԱՑՐԵԼ, ԱՅԼ ՆՇԱՆԱԿԵԼ ԵՆ

Ինչպես հայտնի է,  հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում գրեց: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին. «Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատվել է կենսաթոշակի անցնելու կապակցությամբ՝ սեփական դիմումի համաձայն»:

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015-ի հունվարի 13-ից:

Սակայն Արմեն Հարությունյանի ազատումից հետո ՀՀ գլխավոր դատախազությունում ուշագրավ փոփոխություններ են սպասվում, որից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանին համակարգից չեն հեռացրել, այլ նրան նշանակել են ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական: Իսկ ո՞ւմ են նրա փոխարեն բերելու ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Արմեն Հարությունյանին տեղը նշանակվելու է Երեւան քաղաքի դատախազ, Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը:

Ի դեպ, ըստ դատախազությունում տարածված լուրերի՝ Գեւորգ Բաղդասրյանին ամեն գնով ցանկացել են նշանակել ապօրինի գույքի բռնագանձման հարցերով զբաղվող դատախազի տեղակալ, սակայն ցանկությունները չեն իրականացվել, եւ ադ պաշտոնին ընտվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը: Արդյունքում որոշել են Արմեն Հարությունյանի փոխարեն դատախազի տեղակալ բերել Արթուր Դավթյանի մտերիմ համարվող Գեւորգ Բաղդասարյանին:

Իսկ ո՞վ կնշանակվի Երեւան քաղաքի դատախազ: Ըստ լուրերի՝ մարզային դատախազներից Կոտայքի մարզի դատախազ Սեւակ Խչատրյանին էլ ամենայն հավանականությամբ կնշանակեն Երեւան քաղաքի դատախազ:

Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազությանը, որտեղից մեզ պատասխանեցին.

«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, եւ «անանուն աղբյուները» մոլորության մեջ են գցել խմբագրությանը: Դատախազությունում պաշտոնների նշանակումները տեղի են ունենում այլ՝ պրոֆեսիանալիզմի, համակարգման եւ ղեկավարման կարողությունների ու հմտությունների չափորոշիչների հիման վրա: Կադրային նշանակումների, փոփոխությունների վերաբերյալ դատախազությունը մշտապես հանդես է գալիս պատշաճ իրազեկմամբ, եւ առաջիկայում եւս հանրությանը կտեղեկացվի համապատասխան որոշումների մասին»:

 

 




Լրահոս