Շարունակվում են «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգի» նախագծի վերաբերյալ թիրախային խմբերի հետ առցանց հանդիպումները:
Այս անգամ ZOOM հարթակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին է ներկայացրել չափորոշչի հիմնական սկզբունքները։ Ըստ փոխնախարարի՝ շուրջ մեկ տարի չափորոշչի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետ, որոնց թվում՝ գործող մանկավարժներ։
«Չափորոշչի նախագծի ամենակարեւոր առանձնահատկությունն այն է, որ առաջարկվում է դպրոցից պահանջները ձեւակերպել ոչ թե գիտելիքային իմացության, այլ վերառարկայական կարողունակությունների՝ կոմպետենցիաների տեսքով։ Ութ առանցքային կարողունակություններն ամփոփում են դպրոցից ընդհանրական պահանջը, թե ինչպիսի շրջանավարտ ենք ուզում ունենալ»,- նշել է նախարարի տեղակալը եւ ընդգծել, որ չափորոշչի նախագծով՝ խնդիր է դրվել հասկանալ ու ձեւակերպել, թե ինչպես է առանձին առարկան մասնակցում ընդհանուր կարողունակության ձեւավորմանը։
«Մենք հանրակրթությունը պատկերացնում ենք որպես մի գործընթաց, որտեղ ամենակարեւորը սովորողի շահերի պաշտպանությունն է, այլ ոչ թե առարկաների։ Բացի այդ, մենք դպրոցին եւ ուսուցչին տալիս ենք ազատություն իր վերջնաարդյունքը որոշելու համար»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ խորհրդի անդամներին ներկայացնելով չափորոշչի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունները, այն է՝ ծրագրի էական բեռնաթափում՝ ըստ աստիճանների նվազագույն ժամաքանակների մասով, որի շնորհիվ առաջարկվում է երկրորդ եւ չորրորդ դասարանում եւս երկուական շաբաթ հավելյալ արձակուրդի հնարավորություն ուսումնական տարվա ընթացքում։
Գնահատման փոփոխություն դեպի բնութագրող գնահատումը. հրաժարվել անբավարար գնահատականից, դրա փոխարեն սովորողների հետ աշխատել տարվա ընթացքում՝ այդ թվում կիրառելով հարակից գործիքները՝ պարտադիր կրթությունից դուրս մնացող երեխաների հաշվառման, երկարօրյա ուսուցման հնարավորությունները։ Միավորային գնահատումն առաջարկվում է սկսել հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից։
Բացի ուսումնական պլանի պետական պարտադիր եւ դպրոցական բաղադրիչներից, առաջարկվում է անհատական բաղադրիչը, որի շրջանակում սովորողի հանդեպ անհատականացված մոտեցման հնարավորություն է ստեղծվում։ Նախագծային ուսուցումը պարտադիր կլինի 7-12-րդ դասարաններում առնվազն մեկ նախագծի տեսքով, ինչպես որեւէ առարկայի, այնպես էլ համայնքային ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված կլինեն որոշակի սոցիալական կամ բնապահպանական խնդիրների լուծմանը։
Ավագ դպրոցում առաջարկվում է հոսքային ուսուցումից հրաժարվել՝ ի նպաստ անհատականացված դասացուցակի, որը կկազմվի պարտադիր առարկաների համադրությամբ եւ այլն։
Փոխնախարարի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով՝ ներկայացնելով իրենց առաջարկություններն ու դիտողությունները։ Վերջիններս իրենց գոհունակությունն են հայտնել նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ փատաթղթով հստակ ամրագրվում է համապատասխան արժեքային համակարգով եւ քաղաքացիական գիտակցությամբ սովորողի ձեւավորումը։ Խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր են ուղղել բանախոսին, մասնավորապես՝ նրանց հետաքրքրել է՝ արդյոք չափորոշչի նախագծով պայմանավորված կրթական այս մեծ բարեփոխումն ուղեկցվելու է հարակից այլ փոփոխություններով՝ դպրոցների կառավարման համակարգ եւ այլն, որքանով կարող է ռիսկային լինել տնօրենների սուբյեկտիվ ընտրությունը՝ կապված ինտեգրված առարկաների հետ, ինչպես է կազմակերպվելու ուսուցիչների շարունակական վերապատրաստումը, ինչպիսին է լինելու չափորոշչի իրականացման ճանապարհային քարտեզը, եւ կներդրվի արդյոք մոնիթորինգի համակարգ։
Խորհրդի անդամներին հետաքրքել է նաեւ, թե ծրագրի բեռնաթափումը որ առարկաների հաշվին է լինելու, բացի այդ, խնդիր է դրվել փաստաթղթում ներառական կրթության մասով հստակեցման, ինչպես նաեւ անդրադարձ է եղել սոցիալական մանկավարժի հաստիքին։ Ժաննա Անդրեասյանը, մանրամասն պատասխանելով հնչեցված հարցերին եւ արձագանքելով բոլոր մտահոգություներին, շնորհակալություն է հայտնել առաջարկների եւ շահագրգիռ քննարկման համար։ Նրա խոսքով՝ նախագծի վերաբերյալ ստացված հազարավոր առաջարկները վկայում են այն մասին, թե հանրությունը որքան է կարեւորում կրթության ոլորտի փոփոխությունները։
ՀՈՂ ՉԵՆՔ ՏՎԵԼ, ԱՅԼ ԱՌԱՋ ԵՆՔ ԳՆԱՑԵԼ
«Բոլորս էլ ուրախ ենք, որ հող չենք տվել, այլ առաջ ենք գնացել»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին։
«Ամեն դեպքում, ես Վանգան չեմ, որ կանխորոշեմ, թե ինչ կլինի, ինչ է սպասվում, միայն մի բան կցանկանամ, որ մեր ժողովուրդը պետք է սոցիալապես ամուր եւ ապահով ապրի, քանի որ դրանից այսօր շատ բան է կախված»,-հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:
Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից եւ չեզոքացվել: Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Հայաստանի Համրապետության ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Հայկական կողմից կորուստներ չկան:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՋՈՒՐ ՉԿԱ, ՍԱԿԱՅՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
Իջեւանի տարածաշրջանի Դիտավան գյուղի բնակիչ, անհատ ձեռներեց Արշակ Սարիբեկյանը հայրենի գյուղում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Նրա ընտանիքը 60 այծ ունի, 2 կով, մեկ հորթ, 2 խոզ եւ փոքր այգի։ Արշակն ինքն է արածեցնում այծերին, 2 օրը մեկ կթում։
Նա 1991-1996 թվականներին իր անասուններից մթերված 1,5 տոննա միս է նվիրաբերել ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Արշակն իր կյանքը կապել է գյուղատնտեսության հետ, նախկինում եղել է Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության հանձնաժողովի անդամ։ 2009 թվականին օգտվել է Հայաստանի Թրփանջյան հիմնադրամի տված 2 միլիոն 400 հազար դրամ փոխառությունից եւ հայրենի գյուղում ձկնաբուծութամբ, այգեգործությամբ զբաղվելու համար ջրհորներ է կառուցել, մակերեսային ջրերը կուտակելու համար՝ ավազան։ Սակայն գումարը բավական չի եղել աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Արշակը հայտնեց, որ վերջին տարիներին՝ ամռանը, Տավուշի մարզում երաշտ է, մակերեսային ջրերը ցամաքում են։ Դիտավանի տարածքով հոսող Քարահատակ գետակը չորացել է, դրա հունով ջուր չի հոսում։ Միայն հորդ անձրեւներից հետո գետակի հունում փոքր քանակությամբ ջուր է լինում։ Նրա կառուցած ձկնաբուծարարանն այդպես էլ չի գործարկվել, այնտեղ միայն շերեփուկներ են։ Նա մի քանի անգամ դիմել է Հայաստանի շրջակա միջավայրի նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին, որպեսզի ստանա ջրօգտագործման թույլտվության, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել։
Նրա խոսքերով՝ այս տարվա մայիսի 9-ին, երբ Աղստեւ գետը վարարել էր բնապահպանության եւ ընդերքի տեսչության մարմնի Տավուշի տարածքային բաժնի մի քանի աշխատակիցներ այցելել են Արշակ Սարիբեկյանին։ Արշակն ասաց, որ այդ օրերին հորդ անձեւներից առաջացած սելավներից Աղստեւ գետը վարարել էր, պատռում էր իր ափերը: Նա կարծում է, որ տեսչության մարմնի աշխատակիցները հատուկ այդ օրն էին այցելել, որպեսզի ցույց տան, թե Արշակն ապօրինի օգտվում է առատ ջրից։ Ա. Սարիբեկյանի նկատմամբ՝ որպես ապօրինի ջուր օգտագործողի, ակտ է կազմվել; Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով հուլիսի 3-ին նա տուգանվել է 150 հազար դրամի չափով։ Ա. Սարիբեկյանը մտադիր է դատական կարգով բողոքարկել իրեն տուգանելու վերաբերյալ վճիռը, սակայն փաստաբանի վճարովի ծառայություններից օգտվելու համար գումար չունի, իսկ Տավուշի մարզում պաշտոնավարող, քաղաքացիական հայցերով զբաղվող հանրային պաշտպանն էլ բնակվում է Դիլիջան քաղաքում, դժվար է նրան ներգրավել այդ գործընթացին։ Արշակ Սարիբեկյանը համոզված է, որ իրեն հանիրավի են տուգանել, քանզի որ ինքը չի օգտվել ջրից, որովհետեւ ջուր չկա։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ