ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու եւ Հայաստանի Հանրապետության  կառավարության 2020 թվականի  մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին.

 

հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաեւ՝ վարակ) հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը եւ կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռեւս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի հուլիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 31969 դեպքերը, որոնցից 19633-ը` առողջացած, 565-ը` մահվան ելքով (2020 թվականի մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 31924), ինչպես նաեւ այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը եւ վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը եւ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչեւ արտակարգ դրության ժամկետի ավարտը, եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված եւ մինչեւ հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հուլիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչեւ 2020 թվականի օգոստոսի 12-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման հավելվածի 1-ին գլխում կատարել հետեւյալ լրացումները՝

1) 7.1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Բացառությամբ սույն հավելվածի 8-րդ գլխով նախատեսված դեպքերի, ինքնամեկուսացման հրահանգը տրվում Հաէ յաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի բանավոր կարգադրությամբ, իսկ հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է գրավոր ձեւակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում»:

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 7.8-րդ կետ.

«7.8. Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին եւ պացիենտների հետ շփված անձանց (հնարավոր կոնտակտավորներին) ըստ բժշկական ցուցումների բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություններ այցելությունները` անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ կազմակերպելու նպատակով, չեն հանդիսանում ինքնամեկուսացման կարգի խախտում»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

ԽԱԽՏԵԼ ԵՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում արտահերթ ծառայություն իրականացնել: Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ, այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 93712 արձանագրություն, իսկ հուլիսի 12-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3013 դեպք:

 

 

ԿՎՃԱՐՎԻ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ

2020 թվականի հուլիսի 1-ից երրորդ եւ հաջորդ երեխայի ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարվելու է ամբողջությամբ: Նշենք, որ նախկինում գործող կարգի համաձայն՝ 3-րդ եւ 4-րդ երեխայի ծննդյան դեպքում 500,000 դրամը վճարվում էր միանգամից, իսկ մնացած 500,000 դրամը կամ 1,000,000 դրամը՝ 5-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում, փոխանցվում էր նոր ծնված երեխայի անվամբ բացված բանկային հաշվին՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Հավելենք, որ մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը ծնված երեխաների համար նախատեսված դրամագլխային գումարները, որոնք արդեն փոխանցվել են բանկային հաշվին, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում կարող են տնօրինվել միանվագ: Դիմումի համաձայն՝ քաղաքացիներին կտրամադրվի հաշվին առկա ողջ գումարը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում առաջին եւ երկրորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը բարձրացել է մի դեպքում 6 անգամ, մյուս դեպքում՝ կրկնակի: Սա նշանակում է, որ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կվճարվի 300 հազար դրամ՝ նախկինում վճարվող 50 եւ 150 հազար դրամների փոխարեն:

 

 

ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

Արաբական Միացյալ Էմիրությունների նորագույն ազգային ավիաընկերություն Wizz Air Abu Dhabi-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ից Աբու Դաբի-Երեւան-Աբու Դաբի երթուղով չվերթեր կիրականացնի:

 

 

ՆՈՐ ԴԵՊՔ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից: Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել, եւ ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Միեւնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:

Առ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի: COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

 




Լրահոս