«Այդ երբվանի՞ց ենք մենք համագործակցում հայերի հետ»․ Ալիևը դժգոհել է Էլմար Մամեդյարովից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր նախարարների խորհրդի նիստի ժամանակ կոշտ քննադատության է ենթարկել Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքը, նրան անվանել անպատասխանատու ու դժգոհել վերջինիս աշխատելաոճից:

«Հուլիսի 12-ից մենք բոլորս աշխատում ենք արտակարգ ռեժիմով, անգամ գիշերները, աշխատում են վարչապետը, ՆԳ նախարարը, ԳՇ պետը, պաշտպանության նախարարը, Անվտանգության խորհրդի նախագահը, ես չեմ տեսնում միայն Մամեդյարովին, ու՞ր է նա, ինչո՞վ է զբաղվում։ Ես հանձնարարականներ եմ տվել, բայց նախարարից ոչ մի արդյունք չեմ տեսել»,-ասել է Ալիեւը:

Նա քննադատել է Մամեդյարովին նաեւ հայկական կողմի հետ ունեցած բանակցությունների համար.

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի հետ քննարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցության մասին հարցեր: Այդ երբվանի՞ց ենք մենք սկսել համագործակցել հայերի հետ: Պետք էր քննարկել ղարաբաղյան հակամարտության հարցը, ոչ թե կորոնավիրուսը»,-ասել է նա:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որից Ալիեւը հետաքրքրվել է, թե ուր է Մամեդյարովը հուլիսի 12-ից, պատասխանել է, որ վերջինիս հետ ինքը կապվել է, խոսել, Մամեդյարովը հայտնել է, թե աշխատում է տնից, հուլիսի 12-ի իրադարձությունների մասին տեղեկացել է ցերեկը միայն, նախագահի օգնականի հետ իրավիճակի մասին խոսել է երեկոյան:

Հիշեցնենք, որ որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ հայտնում են, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել։




Լրահոս