ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ գնդապետն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. նոր մանրամասներ 42 միլիոն դոլարի «անպետք» զենքի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային Անվտանգության ծառայության կողմից սույն քրեկան գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ է արձակել: Մեկ կարեւոր հանգամանք. Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին և ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:

Ըստ Ավետիսյանի՝ վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը, ՊՆ-ից ազատվելուց հետո, որպես փորձագետ աշխատանքի էր անցել այս հանձնաժողովում: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կալանքից ազատվելուց հետո հետ է վերադարձել իր աշխատանքին եւ շարունակում է մնալ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ: Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթև համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որևէ տեղեկատվություն չէին հրապարակել։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ:

Իսկ ինչ անպիտան զենքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը 2020 թվականի մարտի 14-ին սույն քրեական գործից մանրամասներ էր հրապարակել:

Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է« որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք« որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է« ասինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս բացահայտումը արել է Ազգային անվտանգության ծառայությունը« իսկ ավելի ուշ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Այս քրեական գործով հարցաքննության են հրավիրել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձանց:

Իսկ ինչ են ասել վերջիններս ԱԱԾ քննիչներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել« որ այն անպիտան է: Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս