Այսօրվանից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: ՀՀ վարչապետի՝ փետրվարի 12-ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այս ամիսների ընթացքում աշխատել է սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա, եւ չնայած հայեցակարգը դեռ պատրաստ չէ, եւ այն պետք է ներկայացնել դեկտեմբերին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը որոշել է ավելի վաղ սկսել հանրային քննարկումները, չնայած մինչ այս ամենամոտ ժամկետ էր նշվում սեպտեմբերը: Մենք տեղեկացանք, որ պատճառը կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունն է եւ այն հանգամանքը, որ հանրային քննարկումներն անցկացվելու են առցանց ռեժիմով: Իսկ դա, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ է ստեղծելու, եւ հանրային քննարկումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջում: Ընդ որում, ինչպես քննարկում են իշխանության ներսում, այս նախագիծը պետք է լինի ամենալայն քննարկվածներից մեկը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր առցանց հանրային քննարկմանը կմասնակցեն Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: Սակայն մենք տեղեկացանք, որ սա ավելի ընդհանրացված քննարկում է, եւ մասնագիտական հանձնաժողովի անդամները պարզապես լսելու են քաղհասարակության ներկայացուցիչների կարծիքները եւ ներկայացնելու են կատարված աշխատանքները, փոփոխությունները, որոնք լինելու են: Արդեն ընդհանրացված քննարկումներից հետո առաջիկայում սպասվում են նաեւ առանձին քննարկումներ՝ տարբեր շրջանակների հետ: Ընդ որում, արդեն այդ ժամանակ քննարկումները լինելու են գլուխ առ գլուխ, եւ չի բացառվում, որ վերջնական արդյունքում նախագիծը տարբերվի նախապես պատկերացրածից: Ամեն դեպքում, այդ պահի դրությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամները եկել են միասնական եզրակացության, որ պետք է վերացվի կայուն մեծամասնության դրույթը, ռեյտինգային համակարգը, սակայն կառավարման համակարգի փոփոխություն չի լինի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, հանդիպում են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ: Մեր տեղեկություններով՝ հանդիպման թեման գլխավորապես եղել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից հրապարակված կրթական նոր չափորոշիչները, որոնց ընդունման պարագայում Հայ եկեղեցու պատմություն առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, այլ միացվելու է Հայոց պատմություն առարկային, որը նաեւ դժգոհությունների պատճառ է դարձել: Մեր տեղեկություններով՝ այս նոր որոշումը դժգոհություն է առաջացրել հատկապես հոգեւորականների շրջանում, որոնք այդ մասին բարձրաձայնել են եւ չեն թաքցրել, որ պայքարելու են Հայ եկեղեցու պատմություն առարկային առանձին կարգավիճակ տալու համար: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հենց այս հանգամանքն է պատճառ դարձել, որպեսզի մի քանի պատգամավորների՝ Մակունցի գլխավորությամբ, «գործուղեն» Գարեգին Բ-ի մոտ՝ վերջիններիս տրամադրությունները հասկանալու, նրանց հետ բանակցելու համար: Եվ ուշագրավ է, որ իշխանական ուժի պատգամավորներն ամեն կերպ ցանկանում են թաքցնել Գարեգին Բ-ի հետ հանդիպման տեղեկությունը եւ որեւէ մեկնաբանություն չեն տալիս:
Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակեց նոր տեղեկություններ այն մասին, թե ինչպես են օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք եւ վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել եւ ղեկավարվել հանցավոր խումբ: Նկատենք, որ նախաքննական մարմինը անուներ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է մի քանի անձանց անուններ պարզել: Այսպիսով, մեզ հաջողվել է պարզել, որ քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը, սակայն հայտնի պաշտոնյաների անունն այսքանով չի ավարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քրեական գործով շոշափվում է նաեւ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներկայիս պետ Անի Մխիթարյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից մեկի կնոջ անունը, որն, ի դեպ, քրեական գործով հարցաքննվել է: Սակայն սա էլ դեռ ամենը չէ. քրեական գործով շոշափվում է նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանի անունը:
Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք եւ ելքի հետ կապված հարաբերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար: Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու եւ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն: Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել եւ առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը: Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա: «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում: