ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ԱՊՕՐԻՆԻ ՈՐԴԵԳՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք եւ վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել եւ ղեկավարվել է հանցավոր խումբ: Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաեւ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո եւ 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած՝ որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

 

Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։ Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով եւ համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։

Միաժամանակ, քննությամբ առերեւույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաեւ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առեւտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձեւակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր: Այնուհետեւ, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց եւ նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաեւ նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձեւակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաեւ նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Նախաքննությունը շարունակվում է:

Նկատենք, որ նախաքննական մրամինը անուններ չէր տվել, թե այս աղմկահարույց գործով ինչ պաշտոնատար անձինք են անցնում: Եվ նախաքննական մարմնի կողմից որդեգրման գործընթացում հանցավոր խումբ ստեղծելու քրեական գործով անցնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետ Արգամ Ստեփանյանը, որը մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում չէ եւ գտնվում է Չեխիայում: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարուցված քրեական գործով շոշափվում է նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի անունը:

Ի դեպ, Լալա Ղազարյանը վարչության պետի պաշտոնից ազատվել է 2014 թվականին՝ սեփական դիմումի համաձայն: Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով անցնող պաշտոնատար անձանց շրջանակը այսքանով չի ավարտվում, եւ մեր լրագրողական հետաքննությունը շարունակվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

2020թ. հուլիսի 13-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Բերդ համայնքի Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից ազգային ատելության շարժառիթով, ապօրինաբար, դիտավորությամբ երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու եւ գույքը դիտավորյալ ոչնչացնելու նպատակով կրակոցներ են արձակվել «Տավուշ» ջրամբարի մոտ տեղակայված՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ, որի հետեւանքով արկի պայթյունից վնասվել է նշված պահակակետը, իսկ պահակակետում պետական ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Տավուշի բաժանմունքի երկու ոստիկաններ ստացել են հրազենային մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել։ Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը, շտաբի պետ Արմեն Մկրտչյանն ու ոստիկանության շտաբի եւ մարզային վարչությունների շտաբների ղեկավար կազմը։ Վահե Ղազարյանը, անդրադառնալով տարածքային ստորաբաժանումների ծառայողների մասնագիտական գիտելիքների բարելավման հարցին, հանձնարարեց լրջորեն զբաղվել ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործմամբ ու կրթական մակարդակի բարձրացմամբ։ Ղեկավար կազմին հանձնարարել է նաեւ ակտիվացնել ենթակա ծառայողների հետ շփումը եւ ձեռնարկել գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ակնառու արդյունքի հասնելու համար։ Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են նաեւ շտաբների գործունեությանը վերաբերող այլ հարցեր:

 

 

ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ՉԿԱ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի փոխանցմամբ՝ երեկ ստեղծված ֆորսմաժորային իրավիճակի հետեւանքով ս.թ. հուլիսի 13-ին վնասվել են վերգետնյա գազատար ցանցեր, ինչի պատճառով դադարեցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի եւ Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը: Իրավիճակի կայունացումից հետո կիրականացվեն վնասված գազատար ցանցերի նորոգման աշխատանքները, եւ կվերականգնվի նշված գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

 

 

ՀԱՐՎԱԾՆԵՐ՝ ԾԱԿՈՂ ԳՈՐԾԻՔՈՎ

2020թ. հուլիսի 12-ին առերեւույթ հանցագործություն  կատարած անձը Երեւանի Արշակունյաց պողոտայում վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Երեւանի 53-ամյա բնակչի կրծքավանդակին եւ բազկին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի 4-5-րդ միջկողային շրջանի ու ձախ բազկի կտրած-ծակած վերքերի ձեւով  ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում  հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: 53-ամյա տղամարդը տուժող է ճանաչվել: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում  հայտնաբերվել են արնանման հետքեր,  առգրավվել են տուժողի հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ. կատարվում է նախաքննություն:

 

 

ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ

Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով նիստը սկսվել է կազմակերպչական հարցերի լուծմամբ: Տուժած կողմի ներկայացուցիչները հայտարարել են, որ  մի քանի տարեց մարդ, ում սոցիալական հեռավորություն պահպանելու համար տեղափոխել են միջնորմից այն կողմ՝ հանդիսատեսի դահլիճ, հայտարարել են, որ վատ են լսում, եւ պահանջել են իրենց տեղափոխել դահլիճի առաջին հատված։ Դատավորը թույլ է տվել տեղափոխել մեկին՝ Քլոյանին։ Պաշտպանական կողմն անհամաձայնություն է հայտնել, քանի որ նախկինում տուժող կողմի ներկայացուցիչը բազմիցս իրեն ռեպլիկներ էր թույլ տվել եւ խանգարել էր նիստը։ Չնայած Քլոյանի փաստաբան Տիգրան Եգորյանի բացակայությանը՝ նիստը շարունակվել է: Դանիբեկյանը տեղեկացրել է դատախազների բացարկի մասին միջնորդություն ստանալու մասին: Հաշվի առնելով միջորդությունը ներկայացրած Սերգեյ Եղիազարյանի եւ նրա ներկայացուցչի բացակայությունը՝ միջնորդությունը կքննվի ավելի ուշ:

 

 




Լրահոս