Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները: ԱՀԿ-ն ընդգծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն «ավելի ու ավելի է վատթարանում»:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ «չափազանց շատ երկրներ սխալ ուղղությամբ են գնացել»: Վերջինիս դիտարկմամբ՝ նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կա՛մ չեն սահմանվել, կա՛մ դրանց չեն հետեւել: Երեկ Ժնեւում ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ որոշ երկրների ղեկավարների հակասական կոչերը կոտրում են մարդկանց վստահությունը եւ ձախողում համավարակը կառավարելի դարձնելու փորձերը:
«Վիրուսը շարունակում է մնալ թիվ մեկ համընդհանուր թշնամին, բայց որոշ կառավարությունների եւ մարդկանց գործողություններից դա չի երեւում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը: Սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերը լվանալը, որոշակի իրավիճակներում դիմակներ կրելը լուրջ վերաբերմունք է պահանջում:
Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ «տեսանելի ապագայում նորմալ կյանքի վերադարձ չի լինելու»:
Ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի աճն օրվա կտրվածքով նոր ռեկորդներ է գրանցում, դրանց կեսից ավելին արձանագրվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում եւ Հնդկաստանում:
Կալիֆորնիայի նահանգապետը հայտարարել է որոշ սահմանափակումների վերադառնալու մասին. նահանգում փակվում են բարերն ու ռեստորանները, իսկ որոշ շրջաններում՝ առեւտրի կենտրոններն ու եկեղեցիները:
Խիստ սահմանափակումները Ղազախստանում երկու շաբաթով երկարաձգվել են, իսկ Թուրքմենստանում դիմակներ կրելը պարտադիր է դարձել:
Ռուսաստանում վաղվանից երկիր մուտք գործող անձանց համար պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը չեղյալ է հայտարարվում, բայց անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել:
Հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 136802 թեստավորում: Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 339 նոր դեպք եւ 864 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 50 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (կին), 79 (կին), 88 (տղամարդ), 77 (կին), 62 (կին) եւ 53 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 184 է:
Երեկ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստան ժամանած բժշկական թիմի ներկայացուցիչներին` Սթիվեն Բայերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության անդամներին` Հայաստանի միջազգային ահազանգին սեղմ ժամկետում արձագանքելու ու գործնական քայլեր ձեռնարկելու համար:
«Մենք հասկանում ենք, որ շատ երկրներ են գտնվում նույն իրավիճակում, եւ այսօրինակ համերաշխության դրսեւորումը շատ հաճելի է: Շնորհակալ ենք ու գնահատում ենք Ձեր բժիշկների պատրաստակամությունը Հայաստան գալու եւ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի հարցում իրենց ջանքերը ներդնելու, ժամանակն ու փորձը մեզ հետ կիսելու համար: Այս մարտահրավերն ազգություն եւ սահմաններ չի ճանաչում: Մենք բոլորս պետք է միավորված լինենք այն հաղթահարելու եւ բնականոն կյանքին վերադառնալու համար»,- ասել է նախարարի առաջին տեղակալը:
Ն.Պ.
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Առողջապահական կազմակերպությունները մասնավորեցնելու, ինչպես նաեւ դրանց պրոֆիլը պահպանել-չպահպանելու հարցը ինձ համար առաջնահերթորեն ոչ թե պետական գույքի կառավարման, այլ առողջապահական տվյալ ուղղությունների զարգացման պետական ռազմավարության խնդիր է: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: «Այն չպետք է դիտարկել որպես լոկ գույքային միավորի վաճառք: Այն առնչվում է տվյալ ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավմանը, կառավարման արդյունավետությանը, սեփականության ձեւի փոփոխությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, տեսլականի առկայությանը: «Կարծում եմ, որ այս հարցերին պետք է նախ եւ առաջ պատասխանի Առողջապահության նախարարությունը»,-նշել է նա:
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է մի շարք առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման հարցը՝ առանց գործունեության պրոֆիլը պահպանելու:
ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիի քաղաքապետարանում երեկ արտահերթ խորհրդակցություն է անցկացվել: Այս մասին ArmLur.am-ին փոխանցեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Աննախադեպ էր ջրի պատոկը… Որ հեռուստացույցով ցույց են տալիս կադրեր Հնդկաստանից, այ էդ պատոկն էր… Անհնարին էր, որ մեր ջրատար խողովակները կարողանային մարսել դա, անհնարին էր, որովհետեւ հինգ անգամ ավելի շատ գալիս էր անձրեւը ու չէր կտրվում. անձրեւ, անձրեւ, անձրեւ… Մենք խնդիր ունեցանք երեւանյան կամուրջի տակ, տեսաք՝ ինչ վիճակ էր»,- ներկայացրեց քաղաքապետը:
Ս. Բալասանյանի խոսքով՝ նոր կառուցված փողոցներում խնդիր չի եղել. «Այդ հատվածներում իդեալական էր, որովհետեւ ջրահեռացման համակարգը նորացրեցինք: Իսկ, օրինակ, կայարանամերձ հրապարակում, ազնիվ խոսք, այդտեղ ջրահեռացման համակարգը շատ վատն է, խողովակը բարակ է: Տարբեր տեղեր խնդիրներ ունենք, որոնք հիմա փորձում ենք լուծել: Հիմա փողոցների վիճակը լավ է, մինչեւ երեկո մենք կունենանք երեկ առավոտվա Գյումրին, իդեալական մաքրելու ենք»,-նշեց նա:
Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ, որ հիմնականում վնասներ են կրել տնակներում ապրող բնակիչները: Քաղաքապետը փոխանցեց, որ այժմ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ փորձում են զանգերով գտնել վնասներ կրած քաղաքացիներին: «ԱԻՆ-ից զանգերը հանում ենք, տեսնենք՝ ինչ վիճակ է. մեկի ապրանքն է վնասվել, մյուսի՝ տան տանիքը: Մինչեւ երեկո բոլոր տվյալները կունենանք՝ վնասների հետ կապված: Բազմաբնակարան շենքերից կան մի երկուսը, որոնց տանիքները պետք է քաղաքապետարանը նորոգի»,- տեղեկացրեց Գյումրու քաղաքապետը:
ԴԵՌ ՉԻ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ
2020 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում վաճառվող միսը պետք է լինի մասնագիտացված սպանդանոցներում անասունների մորթի արդյունք։ Տավուշի մարզում այժմ գործում է 3 սպանդանոց՝ Բերդ քաղաքում, Նոյեմբերյան քաղաքում եւ Իջեւանի տարածաշրջանի Գետահովիտ գյուղում, որը հարակից է Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքին։ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ առաջիկայում մարզում շահագործման կհանձնվի եւս 5 սպանդանոց, որից 2-ը՝ Իջեւան քաղաքում, մեկական՝ Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար գյուղում եւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան եւ Պտղավան գյուղերում։ Նշենք, որ 17 բնակավայր ունեցող Բերդ համայնքում մեկ սպանդանոցը քիչ է, խնդիրներ կան սահմանամերձ այդ տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ գյուղերից՝ Չինարիից, Չորաթանից, Մովսեսից, Պառավաքարից, Արծվաբերդից մորթի համար անասունները Բերդ քաղաք հասցնելու համար տրանսպորտայաին ծախսեր կատարելու առումով։ Ուշագրավ է, որ Դիլիջան խոշորացված համայնքում, որն ընդգրկում է Դիլիջան քաղաքը եւ այդ տարածաշրջանի 6 գյուղեր, ոչ մի սպանդանոց չի գործարկվել։
ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 2016թ. սեպտեմբերից Նոյեմբերյան խոշորացված համայնքի մաս կազմող, սահմանամերձ Բերդավան գյուղի 2,1 կմ երկարությամբ ավտոճանապարհի հիմնանարոգումը։ Պետական բյուջեից 249 միլիոն դրամով հիմնանորոգվում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհից մինչեւ Բերդավանի կենտրոն եւ միջնակարգ դպրոց, նաեւ դեպի գյուղի գերեզմանատուն, մարզադաշտ տանող, միջպետական ավտոճանապահին այլ հատվածում միացող ավտոճանապարհը։ Ասֆալտապատովող ճանապարհների արտաքին շերտը մաքրվում է հատուկ տեխնիկայով, եւ Նոյեմբերյանի համայնքապետարանի ու համայնքի տնտեսությունը սպասարկող հիմնարկի (ՀՏՍ) աջակցությամբ ամբողջությամբ տեղափոխվում է սահմանամերձ գյուղի այլ ճանապարհահատվածներ, որտեղ ճանապարհների ծածկը շատ վատթար վիճակում է, այդ ճանապարհները նորոգելու խիստ կարիք կա։ Ինչպես հայտնում են Բերդավան գյուղից, օրերս Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ մի շարք բերդավանցիների աջակցությամբ հարթեցվել, բարեկագվել է դեպի Բերդավան գյուղի հյուսիսային ծայրին՝ միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող Գարդուշ տեղամասը, ուր անտառի մեջ հանգստի տաղավարներ են, աղբյուրներ, որտեղ բերդավացիները անցկացնում են իրենց ակտիվ հանգիստը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ