ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՎՈՂՆԵՐԻՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մշտական բնակության համար Հայաստան տեղափոխվող անձինք կարող են օգտվել անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորությունից: Արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին, որոնք չպետք է գերազանցեն հետեւյալ չափաքանակները (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1133-Ն որոշում, հավելված N 1).

 

կենցաղային եւ անձնական օգտագործման սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ (օրինակ` սառնարան, հեռուստացույց), օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, անձնական գործածության իրեր եւ օգտագործված տնային այլ գույք՝ առանց քանակային սահմանափակումների, անձնական օգտագործման տրանսպորտային միջոց, օրինակ` ավտոմեքենա, մոտոցիկլետ եւ դրանց կցորդներ՝ յուրաքանչյուրից մեկական:

Չափաքանակները սահմանված են հայտարարատուի, այլ ոչ թե ընդհանուր ընտանիքի համար: Այսինքն` ընտանիքի յուրաքանչյուր անդամ, ով ունի անձնական օգտագործման ապրանքներ եւ համապատասխանում է օրենսդրության պահանջներին, կարող է օգտվել արտոնությունից:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ ստանալ ՀՀ մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմում ներկայացնելով ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն։ Փաստաթուղթը տրամադրվում է օտարերկրյա ֆիզիկական այն անձին, ով ունի ՀՀ քաղաքացիություն կամ ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված այլ կարգավիճակ: Կարեւոր է իմանալ, որ փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում օտարերկրյա անձն առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) պետք է բացակայած լինի Հայաստանից (17.04.2020թ. ընդունված ««Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք):

Պահանջներին բավարարելու դեպքում մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը տրամադրվում է ոչ ուշ, քան աշխատանքային հինգ օրվա ընթացքում: Փաստաթուղթը ստանալուց հետո անձը կարող է դիմում ներկայացնել մաքսային մարմիններին ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` ուղարկելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հասցեին: Անհրաժեշտ է նշել ներմուծված անձնական օգտագործման ապրանքների անվանումը, քաշը եւ քանակը:

Պետք է կցել նաեւ հետեւյալ փաստաթղթերը (ՀՀ կառավարության 02.07.2020թ. 1131-Ն որոշում).

1) ՀՀ քաղաքացիություն, ՀՀ հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Սա չի վերաբերում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացածներին:

2) Օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Իսկ Հայաստանում փախստականի կամ հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ունեցողները պետք է ներկայացնեն կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը:

3)  Մինչեւ Հայաստան ժամանումն այլ պետությունում անձի բնակության փաստը հաստատող փաստաթուղթը:

4) Անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրման ժամանակ պահանջվող փաստաթղթերը, օրինակ՝ ապրանքների տրանսպորտային փոխադրման փաստաթղթեր։

5) Անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծելիս` օտարերկրյա պետության լիազոր մարմնի տրամադրած, ֆիզիկական անձի անունով գրանցման եւ սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը։

Մաքսային մարմնի պահանջով դիմումատուն պարտավոր է ներկայացնել նաեւ փաստաթղթերի` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունները:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո մաքսային մարմինն աշխատանքային երեք օրվա ընթացքում թույլատրում է առանց մաքսային վճարների վճարման հայտարարագրել անձնական օգտագործման ապրանքները, նաեւ տրանսպորտային միջոցը կամ մերժում է, եթե չեն պահպանվել օրենքի պահանջները:

Մաքսային մարմինը դիմումին ընթացք է տալիս նաեւ այն պարագայում, եթե չի ներկայացվել մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը: Այդ դեպքում ոչ ուշ, քան աշխատանքային 3 օրվա ընթացքում մաքսային մարմինն է դիմում ոստիկանություն՝ այդ փաստաթուղթը մաքսային մարմին ուղարկելու նպատակով: Միաժամանակ կցվում է ՀՀ քաղաքացիություն, հատուկ կամ մշտական կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը ոչ ուշ, քան աշխատանքային չորս օրվա ընթացքում մաքսային մարմնին տրամադրում է օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար ՀՀ տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթը կամ գրավոր մերժում է:

Ի դեպ, մաքսային վճարների արտոնությունը տրվում է, եթե նախկինում անձը նման արտոնությունից չի օգտվել:

 

 

COVID-19-ՆՆ ՈՒ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

Ճապոնիայում մտածում են ամառային 32-րդ օլիմպիական խաղերի կայացման համար կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով երկիր մուտք գործելու սահմանափակումները թուլացնելու մասին: Այս մասին գրում է տեղի Kyodo գործակալությունը: Նշվում է, որ օլիմպիական խաղերով զբաղվող նախարար Սեիկո Հաշիմոտոն ասել է, որ իրենք դիտարկում են օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերի մասնակից մարզիկների եւ մրցումների այլ մասնակիցների անձանց մուտքը հեշտացնելու մասին:

«Մենք ուզում ենք լավ մտածել այդ հարցի շուրջ՝ ուշադիր լինելով մարզիկների ու նրանց ուղեկցող անձանց նկատմամբ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Ճապոնիայում այս տարվա փետրվարից մուտքի սահմանափակումներ են գործում մի շարք երկրների ու շրջանների համար: Տարբեր աղբյուրներ պնդում են, որ կառավարությունը կարծում է, որ անհրաժեշտ է մարզիկներին ու փոխկապակցված անձանց թույլ տալ մուտք գործել երկիր, անգամ եթե վիրուսի հետ կապված իրավիճակը հնարավորություն չտա ճանապարհորդությունների հետ կապված սահմանափակումները վերացնել: Մյուս կողմից՝ կառավարությունը կարեւորում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները, քանի որ հակառակ պարագայում երկիրը բարդ վիճակում կհայտնվի:

Կորոնավիրուսի պատճառով այս տարի նախատեսված ամառային 32-րդ օլիմպիական խաղերը՝ Տոկիո 2020-ը, 1 տարով հետաձգվել ու նշանակվել է 2021թ. հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը, պարալիմպիկ խաղերը՝ 2021թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը: Խաղերի կազմակերպիչները դրանք անպայման անցկացնելու մեծ ցանկություն ունեն: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ընդգծում է, որ իրենք էլ այդպես են տրամադրված, թեեւ ֆինանսական առումով իրենց համար ավելի արդյունավետ կլիներ չեղարկել ու ապահովագրական վճարներ ստանալ:

 

 

5 ՆՈՐ ԴԵՊՔ

Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությունում տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: 3-ը նախկինում հաստատված դեպքի ընտանիքի անդամներ են, 2-ն էլ՝ նոր դեպքեր, որոնց շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Գրանցվել է առողջացման 4 նոր դեպք: COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19-ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 181 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3 079 փորձանմուշի հետազոտություն:

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԶԵԿՈՒՅՑԸ՝ ՄԻՊ-ԻՑ

Երեկ ՀՀ  մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվել է երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար եւ Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ, միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անգլերենով պատրաստվում է երկրորդ միջանկյալ զեկույցը՝ Տավուշի մարզի Չինարի, Այգեպար եւ Բերդ բնակավայրերի հրետանակոծությունների վերաբերյալ, միջազգային կազմակերպություններին ուղարկելու համար։ Բերդ քաղաքից խաղաղ բնակիչները ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացրել են, որ քաղաքը ենթարկվում է հրետանակոծության, եւ ներկայացրել են մանրամասներ: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը: ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է Հայաստանի քաղաքացիական բնակավայրի հրետանակոծումը՝ խաղաղ բնակչության, նրանց առողջության ու կյանքի, սեփականության թիրախավորմամբ»,-նշված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՄԱՔՍԱՏԱՆ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժինը սույն թվականի փետրվար ամսից հսկողություն է սահմանել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրատվությամբ Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատուն – վարչության շինարարական – մոնտաժային աշխատանքների որակի ապահովման ու քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպումների նկատմամբ։ Հունիսին կրկին Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից դիտարկումներ եւ հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ նախագծային շեղումներ են թույլ տրվել մասնաշենքի հավաքովի մետաղական հիմնակմախքների մոնտաժման եւ եռակցման աշխատանքներում։ Շինարարական արտադրության նորմների խախտումներ են արձանագրվել տարածքի բետոնյա հարթակի եւ մասնաշենքերից մեկի երկաթբետոնյա հատակի տեղադրման աշխատանքներում, թույլ են տրվել նաեւ շինարարական ընդունման նորմի խախտումներ. չեն ներկայացվել մի շարք կատարողական փաստաթղթեր՝ hողային աշխատանքների, գրունտների ամրության, գեոդեզիական չափագրումների, եռակցման աշխատանքների վերաբերյալ, չեն ներկայացվել նաեւ մետաղական կոնստրուկցիաների որակի հավաստագրերը:

 

 




Լրահոս