ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, դերասան, մանկավարժ Դավիթ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցել է հեռուստասերիալներում եւ թատրոնում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ճգնաժամի եւ առաջիկա անելիքների մասին:
-Պարո՛ն Հակոբյան, հեռուստադիտողը սիրում է Ձեզ անընդհատ էկրաններին տեսնել: Կա՞ նոր նախագիծ, որի միջոցով շուտով կհանդիպենք:
-Շատ մեծ նախագիծ ունեինք «Շանթ» հեռուստաընկերությունում՝ «Թղթե երազանքը», որը ստացավ շատ մեծ արձագանք, եւ զգում էինք, որ լավ է լինելու: Երկրորդ մասը պետք է նկարահանեինք, բայց կորոնավիրուսի պատճառով այդպես էլ հետաձգվեց, բայց երեւի շուտով սկսենք նկարահանումները: Այս պահին մասնակցում եմ մի նկարահանման «Նոր Հայաստան» հեռուստաալիքով «Արմատներ» սերիալում, շատ հետաքրքիր նկարահանող խումբ է, շատ լավ է աշխատում, բայց դա երկարատեւ չէ, եւ շուտով կավարտվի: Նկարահանվել եմ մի գեղարվեստական ֆիլմում, որը հայ-ամերիկյան արտադրություն է, ֆիլմի պայմանական անվանումը «Նոր հայը» է, որի պրոդյուսերը Արման Նշանյանն է, ռեժիսորը Մայքլ Գյուրջյանն է, որը հանդիսանում է նաեւ գլխավոր դերակատարը, եւ շատ ուրախ եմ, որ նկարահանվել եմ այդ ֆիլմում: Եվ ունեմ մեկ ուրախալի լուր. երկու տարի առաջ ֆրանսահայ ռեժիսոր Նոռան նկարահանեց Արցախի մասին ֆիլմ, որն ինձ համար մի փոքր անսովոր ծրագիր էր. սկզբում հրաժարվեցի, քանի որ պետք է ամբողջությամբ խոսեի ֆրանսերեն լեզվով, բայց ինձ կարողացան համոզել: Ամենահետաքրքիրն այն է, որ տիտրեր գրող ռեժիսորը զարմացել է՝ ասելով, որ կարծել է, թե ես ֆրանսախոս եմ: Դա ինձ համար հաճելի էր, եւ է՛լ ավելի ուրախացա, որ այդ ֆիլմը ընդունվեց «Կաննի» միջազգային փառատոնում, եւ 1960-ական թվականներից հետո նման բան մենք չէինք ունեցել: Թատրոնի մասի չասեմ մեռած, այլ տխուր, հոգեւարքի մեջ համարյա գտնվող վիճակ է, քանի որ թատրոնն այս ձեւաչափերի մեջ ոչ մի ձեւով չի տեղավորվում. ինչքան ուզում ենք օնլայն, կամ այլ տարբերակով անել, դա թատրոն չի դառնում: Թատրոնը կենդանի շփում է, հանդիսատեսը պետք է զգա դերասանի շունչը եւ միասին համագործակցելու արվեստը: Ով ինչ ուզում է ասի, ինձ ոչ մեկը չի կարող համոզել, որ դա հնարավոր է:
-Ինչպե՞ս եք վերաբերվում փաստին, երբ պրոֆեսիոնալ դերասանների կողքին հայտնվում են սկսնակ, նույնիսկ թատերական կրթություն չունեցող, պարզապես գեղեցկադեմ երիտասարդներ: Արդյոք պահանջո՞ւմ եք, որ սկսնակները Ձեզ հետ նույն հրապարակում չլինեն:
-Սերիալը պրոֆեսիոնալ թատրոն կամ կինո չէ, եւ շատ է պատահում, որ սերիալում նկարահանվում են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ: Այնպես չէ, որ դա անթույլատրելի բան է, բացահայտումներ միշտ լինում են, եւ իմ կողքին էլ միշտ լինում են բացահայտումներ: Կան շատ հետաքրքիր դերասաններ, ովքեր ոգեւորվում են, ուզում են շարունակել, ուզում են ավելի լուրջ վիճակի հասնել, ինձ համար դա նորմալ է, բայց նաեւ խնդիր կա այստեղ, քանի որ տպավորույթուն է, թե ով ավարտել է Թատերական ինստիտուտը, բոլորը շնորհալի եւ տաղանդավոր են, ո՛չ, այդպես չէ: Խնդիրն այստեղ վարպետությունն է: Թատերական ինստիտուտը բոլոր ավարտածներն անցնում են բոլոր պրոֆեսիոնալ շղարշի միջով, եւ նրանք ուզեն, թե չուզեն, ինչ-որ բանի տիրապետում են, բայց այնպես չէ, որ բոլոր ավարտածները շարունակում են: Հիմա ես ունեմ 30-ից ավել ուսանող եւ ես չեմ կարող երաշխավորել, որ նրանք բոլորը զբաղվելու են թատրոնով կամ կինոյով: Իսկ կինոն եւ հեռուստաընկերությունն ուրիշ են, այնտեղ տիպաժները շատ են : Օրինակ՝ Ֆելինիի ֆիլմերում, եթե ուշադիր նայում ենք, տեսնում ենք 4-5 պրոֆեսիոնալ դերասան, իսկ մնացածները տիպաժներ են, նրանք այլեւս չեն նկարահանվում, եւ դա նորմալ, թույլատրելի երեւույթ է կինոյում, իսկ թատրոնում դա չի ստացվում, քանի որ հենց բեմ են մտնում, կաշկանդվում են, քարանում են, քանի որ մարմնի թուլացման պրոցես չեն անցել, իսկ առանց դրա անհնար է մեր մասնագիտության մեջ, եւ ինձ համար նույնիսկ ծիծաղելի է:
-Կա նաեւ տարածված կարծիք, որ նույնիսկ ամենալավ դերասանին սերիալը քայքայում է: Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետը։
-Կինոն դերասանին շատ արագ ճանաչում է բերում եւ հետո շատ արագ մոռացնել է տալիս: Օրինակ՝ իմ ուսանողների բոլորի երազանքը թատրոնով կայանալն է, եւ դա է միակ ճանապարհը կայանալու, բացահայտվելու, իսկ կինոն կարող են այդ ամենը մսխեն եւ բաց թողնեն: Մեր մասնագիտությունը բոլոր մասնագիտություններից տարբերվում է իր դաժան ճակատագրով. ոչ մի մասնագետի գործունեության պիկի ժամանակ այդքան չեն փառաբանում, որքան դերասանին, բայց ոչ մի մասնագետի այդքան շուտ չեն մոռանում, որքան դերասանին: Տպավորություն է, թե սերիալներում խաղալն ավելի հեշտ է, քան թատրոնում խաղալը: Ես խորապես համոզված եմ, որ դա սխալ տպավորություն է: Սերիալն ունի շատ կարեւոր բարդություն. դու ամեն օր պետք է հետաքրքիր լինես, քանի որ դու ամեն օր մարդկանց տանն ես, իհարկե դա կախված է սերիալների տեւողությունից: Դա շատ բարդ է եւ պահանջում է շատ լուրջ վարպետություն:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՄԻԱՍԻՆ ԼԻՆԵՆՔ, ԻՐԱՐ ՉԳՆԴԱԿԱՀԱՐԵՆՔ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐՈՎ». ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Ես միայն մի բան կարող եմ ասել, որ հարկավոր է բոլորս միասին միավորվել եւ սիրով ապրել»,- ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Արա Գեւորգյանը՝ անդրադառնալով սահմանային լարված իրավիճակին:
«Ապրենք իրար սիրելով, իրար ներելով, որ կարողանանք հանկարծակի այս տեսակ արհավիրքների դեպքում դիմակայել, երբ հանկարծ ինչ-որ մեկը համարձակվի հարձակվել մեր սահմանի վրա, բոլորս կարողանանք ուս ուսի տված գնանք եւ մեր զինվորի կողքը կանգնենք: Մենք պետք է միմյանց հետ սիրով լինենք»,-ասում է նա:
Արա Գեւորգյանի խոսքով՝ նա շատ մտահոգված է մեր ժողովրդի համար, քանի որ մեր ազգը պառակտվել է, ամենուրեք տեղում են հայհոյանքներ:
«Ինձ դուր չի գալիս, վաղը չենք կարողանալու սահմանին իրար կողք-կողքի կանգնել: Դրա համար ես կոչ եմ անում միավորվենք, միասին լինենք, իրար սիրենք, խաղաղ ապրենք, չփնովենք, չթերագնահատենք, իրար շատ չգնդակահարենք հայհոյանքներով: Ապրենք իրար սիրելով, որ միախմբված կանգնենք մեր զինվորի կողքին. միայն այս դեպքում, որեւէ թշնամի չի համարձակվի հարձակվել մեր սահմանի վրա, եթե զգա մենք կանգուն ենք եւ միասին: Ես միայն կոչ եմ անում, որպեսզի ամուր լինենք, պինդ լինենք, եւ մենք պետք է պարտադրենք խաղաղությունը, եւ մենք պետք է իրենց ստիպենք խաղաղվեն, իրենք մեր ուժին են սովոր, մեր խաղաղ քաղցր լեզուն չեն հասկանում: Ամեն ինչ ուզում են անել, որ մտնեն մեր սահման, մենք էլ պետք է մի բռունցք դառնանք, որպեսզի հարվածը շատ ուժգին լինի»,-հավելում է մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՎՆԱՍՎԱԾՔԸ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը մկանային վնասվածք է ստացել: 29-ամյա հարձակվողի համար այս մկանային վնասվածքն առաջինն է կարիերայում: «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմի բժշկական շտաբի սխալ աշխատանքի պատճառով են ժամանակ առ ժամանակ տարբեր ֆուտբոլիստներ ստանում նույն վնասվածքները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը վնասվածքից ապաքինման փուլն անցել է Նիդերլանդներում, քանի որ ազգային հավաքականի բժիշկները չեն վստահել «Բարսելոնայի» բժշկական շտաբին:
ԶԻԴԱՆԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Լա Լիգայի 36-րդ տուրում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք հրաշալի առաջին խաղակես անցկացրեցինք եւ 2 գոլ խփեցինք: Երկրորդ խաղակեսում ավելի հանգիստ էինք, ինչի պատճառով մրցակցին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Շատ կարեւոր 3 միավոր ձեռք բերեցինք, սակայն դեռ չեմպիոն չենք: Մենք պետք է սպասենք եւս 2 խաղ»,-ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» հաղթանակ տարավ «Գրանադայի» նկատմամբ 2:1 հաշվով: «Ռեալը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ առաջնության ավարտից երկու տուր առաջ 4 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» նկատմամբ։
ԱԿՏԻՎ Է
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» որոշել է ակտիվ աշխատանք կատարել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: «Մանչեսթեր Սիթին» Լոզանի մարզական արբիտրաժային դատարանի վճռից հետո որոշել է 150 միլիոն եվրո հատկացնել նոր ֆուտբոլիստների ձեռքբերմանը: Մանչեսթերյան ակումբը մտադիր է ձեռք բերել կենտրոնական, ձախ եզրային պաշտպաններ եւ կենտրոնական հարձակվող: Հիշեցնենք, որ դատարանի վճռով չեղարկվեց ՈւԵՖԱ-ի արգելքը, եւ «Մանչեսթեր Սիթիին» թույլատրվեց մասնակցել Չեմպիոնների լիգային:
ՄԵՐԺԵԼ Է
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի ծրագրում փոխել ակումբային գրանցումը: 35-ամյա հարձակվողը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը եւ որոշել է մնալ «Յուվենտուսում»: Կրիշտիանու Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականի հունիս: Իտալիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 28 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում: