Եվրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամավոր, Հայաստան-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասը դատապարտել է հուլիսի 12-ից սկսված ադրբեջանական ագրեսիան հայկական սահմանների ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը:
«Հուլիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերը փորձում են խախտել Հայաստանի ինքնիշխանությունը` թիրախավորելով խաղաղ բնակչությանը Հայաստանի հյուսիս-արևելյան սահմաններին: Որպես Հայաստան-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նախագահ՝ ես արդեն անհապաղ գործողություններ եմ ձեռնարկել»,-հայտարարել է Ֆուրլասը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։