Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է, որ միմյանց հետ աշխատելով ստեղծվեն այնպիսի տեխնոլոգիական ուղղություններ ու լուծումներ, որոնք կտրամադրվեն ՀՀ զինված ուժերին՝ պաշտպանության ոլորտում նշանակալի արդյունքների հասնելու համար։

«Վերջին շրջանում Ձեր մասնակցությամբ, որպես զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, լուրջ աշխատանք է կատարվել ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մշակման շրջանակներում։ Հուսով եմ Ձեր գլխավորությամբ այդ աշխատանքներն արագ կամփոփվեն և մենք մոտ ապագայում առիթ կունենանք արդյունքները ներկայացնելու Կառավարությանը: Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ ի պաշտոնե սկսեք այդ ռազմավարության կիրառման ամբողջական գործընթացը»,- նշել է Հակոբ Արշակյանը:

Արտակ Դավթյանն շնորհակալություն է հայտնել և նշել, որ ծառայության ընթացքում գործակցել է, քաջատեղյակ է ոլորտի գործունեությունից հատկապես ԶՈՒ-ի կողմից ներկայացվող պատվերների մասով: Նա ընդգծել է կոմիտեի մասնագետների արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ համատեղ ուժերով կկարողանան առավել առաջանցիկ զարգացում ապահովել։

Արտակ Մաթևոսի Դավթյան (Կենսագրություն)

Արտակ Մաթևոսի Դավթյանը ծնվել է 1970թ.՝ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում:

Կրթությունը

Ավարտել է Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցը։
1987-1990թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն համազորային, հրամանատարական ուսումնարանում։
1995թ. ընդունվել և 1998թ. ոսկե մեդալով ավարտել է Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։
Վերապատրաստվել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում։

Զինվորական ծառայությունը

1990 թվականից մասնակցել է Շահումյանի, Զանգեզուրի և Հորադիսի մատույցներում մղվող բոլոր մարտական գործողություններին։
Լուսակերտի բրիգադով Մեղրիում, ապա Կապանում մասնակցել է Եղվարդ և Ագարակ գյուղերի պաշտպանական գործողություններին, Սրաշենի ազատագրմանը։
1991թ. փետրվարից ծառայել է ՀՀ ՆԳՆ առընթեր հատուկ գնդում։
1992-ից մինչև 2020թ. հուլիսի 17-ը ծառայել է ՀՀ ԶՈւ-ում՝ դասակի հրամանատարից մինչև զորամասի, զորամիավորման հրամանատար, Գլխավոր շտաբի պետ։
1998 թվականից եղել է բանակային կորպուսի շտաբի պետ, Նոյեմբերյանի գնդի հրամանատար, 5-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։
2007թ. հուլիսի 20-ից մինչև 2009թ. հունվարի 31-ը՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ-գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2009թ. հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ:
2018թ. մայիսի 24-ից մինչև 2020թ. հունիսի 8-ը հանդիսացել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
Ամուսնացած է, ունի 3 որդի։

Պարգևները և կոչումները
• Գեներալ-լեյտենանտ (2018թ.),
• Արիության մեդալ (2000թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ (2008թ.),
• «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2015թ.),
• «Վարդան Մամիկոնյան» շքանշանով (2011թ.),
• Պարգևատրվել է նաև մի շարք գերատեսչական մեդալներով։




Լրահոս