«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: Պարզվում է, որ օրենսդրական հակասություն կա, քանի որ հանվել է կանոնավոր ուղեւորափոխադրումների լիցենզավորման պահանջը, սակայն դրա համար նախատեսված պետական տուրքը չի հանվել: Սա, ըստ նախարարության, իրավական կարգավորման կարիք ունի:
Տեղեկացնենք, որ նախատեսվում է մինչեւ 2021 թվականը Հայաստանում ներդնել միասնական երթուղային ցանց, որի նպատակն է յուրաքանչյուր մարզի երթուղային ցանցերի սպասարկումն իրականացնել միասնական օպերատորի կողմից: Այսինքն՝ հանրապետության տարածքում միջմարզային եւ ներմարզային երթուղային ցանցերը կսպասարկեն մոտ 10 փոխադրող օպերատորներ: Ի դեպ, ներկայումս գործում են միջմարզային 141 երթուղիներ, որոնք սպասարկում են 75 կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր, եւ 211 ներմարզային երթուղիներ, որոնք սպասարկում են 50 կազմակերպություններ ու անհատ ձեռնարկատերեր: Մյուս կողմից՝ նկատենք, որ աշխատանքներ իրականացվում են նաեւ Երեւանում միասնական երթուղային ցանցի ներդրման ուղղությամբ, սակայն առարկայական արդյունք դեռեւս չկա»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։