ԲՀԿ երիտասարդական թեւից արդեն 50 հոգի հրավիրվել է հարցաքննության․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ԲՀԿ-ի մասով հարցաքննությունների շարքը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ԲՀԿ երիտասարդական թեւից արդեն 50 հոգի է հրավիրվել հարցաքննության, սակայն նրանք բոլորը լռել են՝ այդպես էլ որեւէ բան չասելով:

Ընդ որում, երիտասարդները Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության են հրավիրվում խումբ-խումբ. գրեթե ամեն օր հարցաքննության է հրավիրվում 5-6 երիտասարդ, որոնք, սակայն, բոլորը լռում են: Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության: Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ:

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հավաքներ կազմակերպելու համար: Եվ, ահա, չնայած մինչեւ այժմ քրեական գործով դեռեւս ոչ մեկի մեղադրանք չեն առաջադրել, սակայն հարցաքննությունների շարքը դեռ երկար կշարունակվի: Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում բերման ենթարկված մոտ 400 անձանց ցուցակ կա, որոնց բոլորին էլ պետք է հրավիրեն հարցաքննության. դեռ հրավիրվածները 50-ն են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս