«Հրապարակ» թերթը գրում է. «Որքանո՞վ եք հնարավոր համարում գունավոր հեղափոխությունն Ադրբեջանում՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Տաթեւ Հայրապետյանին։ «Այս պահին նման բան հնարավոր չեմ համարում՝ ամեն ինչ կախված է, թե ինչպես կընթանան զարգացումները հայ-ադրբեջանական սահմանին, դրանից էլ կախված` որքանով կսրվի Ադրբեջանում ներքաղաքական, ներկլանային պայքարը։ Ալիեւը ճնշել է ցանկացած այլընտրանքային դրսեւորում, կարծիք՝ հասկանալով, որ դա խիստ ռիսկային է իր իշխանության համար, ընդ որում՝ Ադրբեջան պետության սպեցիֆիկան հաշվի առնելով։ Պետք է նաեւ ասել, որ նման շրջադարձերի դեպքում հնարավոր է այնտեղ իշխանության գան առավել ծայրահեղական-ազգայնական, նույնիսկ` իսլամական ուժեր»:
Ո՞ւմ նկատի ունեք։ «Նկատի ունեմ այն իսլամական ուժերին, որոնց Ալիեւը պարբերաբար ճնշման է ենթարկում` ահաբեկչական խմբեր անվան տակ»: Այնուհանդերձ, նման ուժեր այս պահին կարծես չկան։ «Այդ դեմքերը հիմնականում բանտարկված են, բայց եթե իրար գլխի հավաքվեն, բողոքական կրիտիկական մասսա ունենան, նման մարդիկ կհայտնվեն»:
Այնտեղ սորոսականներ չկա՞ն։ «Չգիտեմ, թե սորոսական ասելով ինչ նկատի ունեք»: Դե, գլոբալիստներ, «Բաց հասարակության» հիմնադրամի ներկայացուցիչներ, քաղակտիվիստներ։ «Ադրբեջանն ազատ խոսքի, մարդու իրավունքների եւ այլ նմանատիպ միջազգային կառույցների գործունեությունը խիստ սահմանափակել է իր տարածքում, որովհետեւ բռնապետական ռեժիմ է»:
Սերժ Թանկյանն ասել է` ժամանակն է Ադրբեջանում եւս թավշյա հեղափոխություն անել։ «Չեմ ուզում մեկնաբանել Սերժ Թանկյանին. դա իր անհատական կարծիքն է»: Բայց Թանկյանը «կարծել» էր, եւ Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխություն։ «Ես հասկանում եմ Սերժ Թանկյանի միջազգային ռակուրսն ու նպատակը, բայց, միեւնույն է, չեմ մեկնաբանի»: Նա այդքան հայտնի ու գլոբալ խաղացո՞ղ է։ «Առնվազն բազմաթիվ հետեւորդներ ունեցող անհատ է, եւ իր խոսքը հաստատ կհասնի Ադրբեջան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում