Գեղարքունիքի մարզում բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների հափշտակության և պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից
ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ
փաստական տվյալներ այն մասին, որ 2016-2017 թվականներին «Համայնքների գյուղատնտեսական
ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում, ՀՀ Գեղարքունիքի մարզի
Երանոս, Վարդաձոր և Ձորագյուղ համայնքների վարչական տարածքում գտնվող ընդհանուր 1500հա
արոտավայրից օգտվող անասուններին խմելու ջրով ապահովելու համար նախատեսված 6.300 մետր
երկարությամբ ջրագիծ, 1 ջրընդունիչ և 1 խմոց կառուցելու համար պետական բյուջեից հատկացվել է
ընդհանուր 93.840.726 դրամ:

Մինչդեռ, հետագայում ծրագրի շրջանակներում նախատեսված
աշխատանքները չեն կատարվել, սակայն կապալառու կազմակերպության իրավասու անձինք, նախնական
համաձայնության գալով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների
պաշտոնատար անձանց հետ, շահադիտական դրդումներով, կազմել, հաստատել և շրջանառության մեջ են
դրել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող պաշտոնական փաստաթուղթ
հանդիսացող կեղծ կատարողական, հանձնման ընդունման ակտեր և դրանք փաստացի չկատարված
աշխատանքների դիմաց պետական և համայնքային բյուջեից անհիմն ստացել և խարդախությամբ
հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 93.840.726 ՀՀ դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է
քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին
մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական
դիրքն օգտագործելով, խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելը և
պաշտոնատար անձանց կողմից շահադիտական դրդումներով պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելը,
օգտագործելը:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և օպերատիվ-
հետախուզական միջոցառումներ հանցագործության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը
պարզելու, նրանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և պետությանը
պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ:




Լրահոս