«Հորս հետ մանկուց հայերեն էի խոսում. Հովիկ Կեուչկերյանը՝ «Թղթե տան», Հայաստան այցելելու, հայ-ամերիկյան նոր նախագծի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տևական ժամանակ է, ինչ իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը ներգրավված է «ՓիփլՕֆԱր» փրոդաքշն ընկերության՝ պրոդյուսեր Արման Նշանյանի նոր հայ-ամերիկյան համատեղ արտադրության գեղարվեստական ֆիլմում։ Ֆիլմի ռեժիսորն է ամերիկահայ հոլիվուդյան դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Գուրջյանը։

«Գործակալս հայտնեց, որ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, սցենարին անմիջապես ծանոթանալուց հետո կապվեցի Մայքլի հետ և տվեցի համաձայնությունս։ Սա ինձ համար առաջին համագործակցություն էր հայ ստեղծագործական խմբի հետ։ Կարծում եմ, որ հայրս շատ կհպարտանար հիմա։ Ֆիլմը Հայաստան վերադառնալու կոչ է, այն ոչ միայն կհետաքրքրի հայերին, այլ բոլորին՝ անկախ ազգությունից»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց նա:


Հայաստան այցելած Հովիկ Կեուչկերյանը ArmLur.am-ի հետ զրույցում նաև պատմել է իր հայկական արմատների մասին.

«Ծնվել եմ Լիբանանում՝ Բեյրութում: Հայրս հայ է, իսկ մայրս` իսպանուհի: Երբ երեք տարեկան էի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի պատճառով, ընտանիքս արտագաղթել էր Իսպանիա: Մորս հետ իսպաներեն էի խոսում, իսկ հորս հետ հայերեն, ինչի շնորհիվ էլ տիրապետում եմ հայերենին»:


Հայաստանում Հովիկ Կեուչկերյանը հիացած էր նաև հայկական ընդունելությունից. «Հայաստանում մարդիկ շատ սրտաբաց, ջերմ և հարգանքով են: Աննկարագրելի երկիր է՝ հրաշալի մարդկանցով, աղջիկներն էլ շատ գեղեցիկ են: Հիացած եմ նաև հայկական ուտեստներով, իսկապես համեղ խոհանոց ունենք», -նշում է դերասանը:


Անդրադառնալով իրեն մեծ հաջողության բերած «Թղթե տունը» սերիալին՝ Հովիկը նշում է, որ հպարտանում է այն փաստով, որ իսպանական սերիալն այդքան սիրվել և մեծ հաջողություն է գրանցել, թեպետ նախքան դրանում նկարահանվելը՝ չէր դիտել այն. «Մինչ այդ «Թղթե տունը» չէի դիտել, ավելի հաճախ անգլալեզու ֆիլմեր և սերիալներ էի նայում՝ լեզվի իմացությունս կատարելագործելու համար, սակայն երբ արդեն դիտեցի, շատ հավանեցի: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Երբ նոր հերոսներով միացանք հնաբնակներին, միանգամից կարողացանք նրանց ընտանիքի անդամ դառնալ»:


Հավելենք նաև, որ Հովիկ Կեուչկերյանի մասնակցությամբ ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել են, պրեմիերան նախատեսվում է 2021 թ.-ին: Հայ-ամերիկյան համատեղ աշխատանք է: Ֆիլմի պրոդյուսերներն են Արման Նշանյանը, Մայքլ Գուրջյանը, Պատրիկ Մալխասյանը,Սոլ Թրայոնը, գործադիր պրոդյուսեր Վարդան Բարսումյանը։ Ֆիլմը իրականացվել է պրոդյուսերներ Պատրիկ Մալխասյանի, Վարդան Բարսումյանի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ Ազգային Կինոկենտրոնի ֆինանսական աջակցության շնորհիվ։


Ֆիլմում գլխավոր կերպարներ են կերտել դերասաններ Մայքլ Գուրջյանը, Հովիկ Կեուչկերյանը, Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան, Ժան-Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Արման Նավասարդյանը և այլք։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս