ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անցած տարի վիրուսը չկար, 50 մարդ էր նստում». ինչ իրավիճակ է հանգստյան օրերին Աշտարակի ձորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրությունն ու կորոնավիրուսային իրավիճակը վնաս է հասցրել գրեթե բոլոր տնտեսվարող սուբյեկտներին։ Եվ չնայած մայիսի 14-ից Հայաստանում թույլատրվում է մի քանի տնտեսվարողների գործունեությունը եւ իշխանությունները հետզհետե հանում է սահմանափակումները, սակայն կան ոլորտներ, որտեղ դժգոհությունները շարունակվում են։

Դիմակներով ու ձեռնոցներով մատուցողներ, սեղանների միջև մեկ մետր հեռավորություն․ սա արտակարգ դրության ռեժիմը հանելուց հետո Հայաստանի ժամանցային հաստատություններում ու կենտրոններում գործող կանոններից մի քանիսն են, սակայն պարտադիր պայման է նաև նույն վայրում 20 հոգուց ոչ ավելի լինելը։ Այսօր ArmLur.am-ն  այցելել է Աշտարակի ձորում գործող հանգստյան գոտիներ՝ պարզելու համար, թե որքանով են այնտեղ հետեւում պարետատան կոչերին, արդյոք այնտեղ հանգստացողներ կան, թե ոչ եւ առհասարակ ինչպես են կարողանում ներսում պահպանել անվտանգության կանոնները։ Նկատենք, որ մեր այցի ժամանակ «Նոր Ջրաղաց» հանգստի գոտում այցելուներ չկային։ Ռեստորանի տնօրեն Կարինե Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ եթե անգամ այցելուներ ունենում են, ապա միայն երեկոյան ժամերին։

Ռեստորանի տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, թե այցելուների համար փորձում են զեղչեր անել, հարմար պայմաններ ստեղծել, սակայն միեւնույն է՝ այցելուներ չկան եւ հանգստյան գոտին վնասեր է կրում։  Դրան զուգահեռ արմլուր լրատվականն այցելեց նաեւ Արևիկ հանգստի գոտի, որտեղ իրավիճակն ավելի բարվոք էր եւ այցելուներ կային, չնայած պատասխանատու Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում նկատեց, թե այդ հանգամանքը կախված է նաեւ հանգստյան օրերի հետ։  Հանգստյան գոտում փորձում են պահպանել բոլոր կանոնները եւ թույլ չտալ միեւնույն սեղանի շուրջ շատ մարդկանց առկայությունը եւ 20-30հոգանոց տաղավարներն առհասարակ չեն տրամադրում այցելուներին։

ArmLur.am-ը զրուցեց նաեւ հանգստյան գոտում հանգստացողների հետ՝ փորձելով հասկանալ՝ արդյոք պահում են անհրաժեշտ կանոնները եւ չեն վախենում արդյոք այս իրավիճակում հանգստայան գոտիներ այցելելուց։

Ստացվում է՝ քաղաքացիներն ամեն դեպքում փորձում են պահպանել Պարետի ցուցումները, միեւնույն ժամանակ նաեւ այցելել քաղաքից դուրս՝ տարբեր վայրեր։ Նկատենք՝ վաղը Վարդավառ է եւ միգուցե հանգստացողների թիվը շեշտակի ավելանա, չնայած ոստիկանությունը հորդորել է չմեկնել քաղաքից դուրս, չնայած ճանապարհները բաց են լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս