Ամբողջ օրվա ընթացքում ոչ մի հրետանակոծություն չի եղել մեր բնակավայրերի վրա: Բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին: Դա հնարավորություն է տվել, թեկուզ որոշակի ռիսկային իրավիճակում, իրականացնել վերականգնման աշխատանքներ։
Երեկ օրվա վերջում ավարտվել են ենթակառուցվածքների նորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի վերականգնումները, ինչն էլ հնարավորություն է տվել մարդկանց այսօր վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին և իրականացնեն գյուղատնտեսական աշխատանքներ։
Զուգահեռաբար իրականացվել է նաև գույքագրում, գործընթացը գրեթե ավարտվել է։ Ամբողջական գնահատումը կլինի 1 շաբաթվա ընթացքում։
Արդեն այսօրվա դրությամբ առանձնացրվել են 12 տուն. 6-ը Այգեպար գյուղում և 6 տուն՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ կարող են սկսվել վերականգնողական աշխատանքները:
Գույքագրման ընթացքում հայտնաբերվել են տներ, որոնք հրետանակոծվել են ոչ թե այս օրերին, այլ նախորդ հրետանակոծությունների ժամանակ: Այդ տները նույնպես կվերանորոգվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում: Այդ աշխատանքներն իրականացվում են տեղի շինարարական ընկերությունների և շինարարների կողմից, ինչպես նաև մեր այն հայրենակիցների կողմից, որոնք համավարակով պայմանավորված չեն կարողացել մեկնել արտերկիր: Սա չի նշանակում, որ անվտանգության նորմերն այս օրերին խախտվել են:
Վերականգնողական աշխատանքներ են իրականացվում նաև քաղպաշտպանության համակարգերում, այդ թվում նաև համալրումներ են նախատեսվում ապաստարաններում, արդեն իրականացվել է տրանսպորտային միջոցների զննություն, լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել ամբուլատորիաներին, գյուղերին տրամադրվել են շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Շարունակվել է անցակետային հսկողությունը Բերդ տանող ճանապարհին, և՛ Ճամբարակից, և՛ Իջևանից, և՛ Վազաշենից: Անցակետերի նպատակն է ընդհանուր հսկողությունը ելքի, մուտքի նկատմամբ, որպեսզի հնարավոր սրացումների դեպքում օգնությունն ավելի հասցեական լինի։