Բրիտանացի գիտնականները կորոնավիրուսից առաջացած հիվանդության վեց ձև են առանձնացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները հայտարարել են, որ գոյություն ունի կորոնավիրուսից առաջացած հիվանդության վեց հիմնական ձև, հայտնում է Sky News-ը:

Հետազոտողները նշել են, որ այդ ձևերը տարբերվում են ախտանիշներով, ինչը թույլ է տալիս որոշել լուրջ բարդությունների զարգացման վտանգը:

Առաջին և երկրորդ ձևերի դեպքում, որոնք գիտնականները «գրիպանման» են անվանում, նկատվում է գլխացավ, համի և հոտառության հնարավոր կորուստ, հազ և կոկորդի ցավ: Եթե ​​առաջինի դեպքում կարող են լինել նաև մկանային և կրծքավանդակի ցավեր, բայց ջերմություն չլինի, ապա երկրորդի դեպքում հնարավոր է խռպոտություն, բարձր ջերմություն և ախորժակի կորուստ:

Երրորդ ձևը («աղեստամոքսային») նշանակում է, որ կորոնավիրուսն ազդում է դիարեայի առաջացման, ախորժակի կորստի, կրծքավանդակի ցավերի վրա: Բայց հազն այս դեպքում բացակայում է:

Հիվանդության չորրորդ ձևի («հոգնածություն») դեպքում ի հայտ են գալիս հետևյալ ախտանիշները՝ գլխացավ, հոտառության կորուստ, հազ, ջերմություն, խռպոտություն, կրծքավանդակի ցավ, մշտական ​​տկարություն և հոգնածություն:

Գիտնականները հինգերորդ և վեցերորդ ձևեր են համարում ծանր դեպքերը: Հինգերորդը նրանք անվանում են «խառնաշփոթ մտածողություն»: Այս ձևին բնորոշ են գլխացավերը, հոտառության և ախորժակի բացակայությունը, հազը, ջերմությունը, կոկորդի և կրծքավանդակի ցավերը, հոգնածությունը, խռպոտությունը և խառնաշփոթ մտածողությունը:

Վերջին՝ վեցերորդ ձևի («շնչառական») դեպքում ի հայտ են գալիս հետևյալ աշխատնիշները՝ գլխացավ, ջերմություն, հոտառության և ախորժակի բացակայություն, լուծ, շնչարգելություն, որովայնի, կոկորդի և կրծքավանդակի շրջանում ցավ: Բացի այդ, նկատվում է խառնաշփոթ մտածողություն, մկանային ցավեր և խռպոտություն:

Բրիտանացի փորձագետները վստահ են, որ իրենց ուսումնասիրությունը բեկումնային կլինի COVID-19-ի ուսումնասիրության մեջ և լուրջ ազդեցություն կունենա հիվանդների բուժման վրա վարակի նոր ալիքի դեպքում:




Լրահոս