2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում գործող «Դաչա 56 էկո» ռեստորանային համալիրի տնօրենի, վերջինիս երեք ընկերների և նույն գյուղի բնակիչների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ապօրինի կերպով ձեռք բերված և պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ՝ վնասելով ռեստորանային համալիրի պատուհանը, ռեստորանի մոտ գտնվող ավտոմեքենաները, աշխատակիցների և հաճախորդների, հարևանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնլոլորտ ստեղծելով, ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը խաթարելով: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կազմվել քննչական խումբ:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են չորս տարբեր հրազեններից կրակված պարկուճներ, կրակված գնդակ և չկրակված փամփուշտ, ինչպես նաև՝ 1 հատ դանակ, հարցաքննվել են վկաներ:
Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները, որոնցից երեքին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական, դատաձգաբանական, դատաապրանքագիտական և այլ փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ քննություն կատարելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, նրանց կողմից ապօրինի կերպով պահվող զենքերը հայտնաբերելու, դրանք իրացրած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: