Ուշագրավ փոփոխություններ խոշոր հարկատուների ցանկում. ով է զիջել դիրքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը: Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով` հազար խոշոր հարկատուների ցանկը չնչին փոփոխությունների է ենթարկվել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկի հիմնական առաջատարները պահպանել են իրենց դիրքերը:

Խոշոր հարկատուների մի մասն ավելացրել է հարկային վճարումները, իսկ մի մասն էլ՝ նվազեցրել, մի քանիսն էլ չեն հայտնվել ցանկի առաջին հնգյակում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված հազար խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի տեղական արտադրող «Գրանդ տոբակո» ընկերությունը, որն այս տարվա հունվար-հունիսին զգալի ավելացրել է հարկային վճարումները: Ընկերությունը պետական բյուջե վճարել է 26 մլրդ 339 մլն 387 հազար դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 28 մլրդ 281 մլն 404 հազար դրամի դիմաց (ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է ցանկի 2-րդ տեղը):

Ըստ մասնագետների` ընկերության հարկերի ավելացման պատճառներից մեկը եւ հիմնականը ծխախոտի արտահանման ծավալների աճն է: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 25 մլրդ 978 մլն 780 հազար դրամի հարկային վճարումներ, հազար խոշոր հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականում է տեղավորվել: Մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցրել է ցանկի 3-րդ տեղը՝ վճարելով 22 մլրդ 794 մլն 377 հազար դրամ:

Այսինքն 3 մլրդ 184 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները: Հաջորդը «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը զգալի նվազեցրել է հարկային վճարումները: Այս տարվա հունվար-հունիսին ընկերությունը կատարել է 21 մլրդ 629 մլն 546 հազար դրամի հարկային վճարումներ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսայակում հանքարդյունաբերող ընկերությունը պետական բյուջե կատարել է 29 մլրդ 504 մլն 850 հազար դրամի հարկային վճարում: Ստացվում է, որ մեկ տարում ընկերությունը 7 մլրդ 875 մլն դրամով պակասեցրել է հարկերը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ հանքարդյունաբերական այս ընկերությունը նախորդ տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը: Հազար խոշորների ցանկի 4-րդ հորիզոնականում դարձյալ հանքարդյունաբերող ընկերություն է՝ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ վճարած 12 մլրդ 771 մլն 18 հազար դրամ հարկով: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս ընկերությունը շեշտակի ավելացրել է հարկային վճարումները՝ 3 մլրդ 643 մլն 474 հազար դրամով: Իսկ ահա ցանկի հինգերորդ հորիզոնականում է տեղ գտել բեռնզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Սի Փի Էս Օիլ» ընկերությունը:

Այս տարվա առաջին կիսամյակում ընկերությունը վճարել է 9 մլրդ 678 մլն 792 հազար դրամի հարկ ու տուրք: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում նշված ընկերությունը կատարել է 5 մլրդ 122 մլն 286 հազար դրամի հարկային վճարում: Ամենաուշագրավն այն է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն է խոշորների ցանկում տարեց տարի նահանջում: Այս ընկերությունը տեղ չի գտել առաջին հնգյակում՝ հայտնվել է ցանկի 9-րդ տեղում եւ վճարել 6 մլրդ 936 մլն 581 հազար դրամ:

Իսկ ահա նախորդ տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է 6-րդ տեղը եւ պետական բյուջե կատարել 7 մլրդ 793 մլն 184 հազար դրամի վճարում: Այս ամենի արդյունքում արձանագրենք, որ մեր հանրապետության հազար խոշոր հարկատուների մեծամասնությունը կամ ծխախոտ արտադրող է, կամ ծխախոտ եւ բենզին ներկրող, կամ հանքահումքային ոլորտի արդյունահանող, կամ էլ ծառայություններ մատուցող: Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը այդպես էլ չի զարգացնում:

Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, մինչդեռ խնդիրը պահանջում է լուծումներ ՓՄՁ զարգացման համար: Մեր երկրի հազար խոշոր հարկատուների ցանկից պարզ երեւում է, թե տնտեսությունն ինչի վրա է հիմնված: Այսինքն` մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ չկան, իսկ արդյունաբերությամբ զբաղվողները շատ քիչ տոկոս են կազմում: Ասել է թե՝ քիչ թվով տնտեսվարողներ կան, որոնք տեղական արտադրությամբ են զբաղվում:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս