Ադրբեջանում Սերբիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դանիցա Վեյնովիչը Ադրբեջանի ԱԳ նախարարություն է կանչվել՝ Սերբիայի կողմից Հայաստանին մեծ քանակությամբ ականանետներ մատակարարելու մասին լուրերի առնչությամբ, և հանդիպում ունեցել փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Հանդիպման ժամանակ Խալաֆովը Վեյնովիչին տեղեկացրել է, որ Սերբիայից Հայաստան է տեղափոխվել մեծաքանակ զինամթերք` ներառյալ ականանետներ և տարբեր տրամաչափի զենքեր:
Ադրբեջանի փոխնախարարը նշել է, որ Սերբիայի այդ «քայլը խորը ափսոսանք և հիասթափություն է առաջացնում ադրբեջանցի ժողովրդի ու երկրի ղեկավարության մոտ, ինչպես նաև վնասում երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին ու ռազմավարական գործընկերությանը»: Խալիֆովը հայտարարել է, որ Ադրբեջանը հարցի շուրջ Սերբիայից բացատրություն է սպասում։