Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սամանին լարված իրավիճակ էր: Պետական սահմանի հյուսիսարեւելյան` Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը լայնամասշտաբ գործողություններ էր իրականացնում, որի հետեւանքով հայկական կողմը 4 զոհ եւ 10 վիրավոր ունեցավ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: Իսկ Ադրբեջանը պաշտոնապես 12 զոհ ունեցավ, որոնց մեջ կային գեներալ ու գնդապետ:
Իսկ ի՞նչ վիճակ է սահմանին այսօր: Երեկ Տավուշի մարզում ստեղծված Տեղեկատվական շտաբում ճեպազրույցի ժամանակ Տեղեկատվական շտաբի պետ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց. «Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ: Ադրբեջանական կողմից արձանագրվել են հատուկենտ կրակոցներ»։ Երբ լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ արդյոք Հայաստանի եւ Արդբեջանի միջեւ հրադադար է հայտարարվել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ հրադադարի պայմանավորվածության մասով, բայց լինում է իրավիճակ, երբ գիշերները ակտիվությունն ընկնում է. եթե նման ինֆորմացիա ունենանք, մենք կհայտարարենք, կամ կարող է բրիֆինգներից դուրս ԱԳՆ-ն հայտարարել»:
Իսկ պաշտոնական Ադրբեջանն այս ընթացքում լռություն էր պահպանում: Չնայած մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ հակահայկական եւ պատերազմի կոչերով, այնուամենայնիվ, մինչ այժմ ազերիները որեւէ հայտարարությամբ հանդես չեն եկել` իրենց գործողությունների մասով: Միայն հայտնի է, որ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է տվել:
Արդյոք դիվանագիտական խողովակներով Ադրբեջանը հրադադա՞ր է աղերսել: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը դժվարացավ որեւէ տեղեկություն տրամադրել: Միայն հայտնի է, որ հայկական դիվանագիտական հատվածն այս օրերին ակտիվորեն աշխատել է, ու թերեւս բանակցություններն են բերել սահմանային խաղաղության, որն էլ ի վերջո հանգեցնելու է հրադադարի: Ադրբեջանն այլընտրանք չունի. բարձրունքը նվաճված է, զիջում չի լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակել է քննարկել կրթության ոլորտում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Ըստ մեր տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, նախարարության եւ կրթության ոլորտի հետ առնչվող այլ պաշտոնյաներ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ վարչապետը քննարկմանը հրավիրել է նաեւ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին, որը, կարելի է ասել, անակնկալ է եղել ներկաների համար: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս հարցով նախորդ քննարկումը թեժ էր եղել, եւ Փաշինյանը ընդգծել էր, որ Արայիկ Հարությունյանն արդյունավետ չի աշխատել, իսկ հաշվետվությունն էլ կարծես քաղշինությանն է վերաբերում եւ ոչ թե կրթությանը: Եվ, ահա, մենք տեղեկացանք, որ նախօրեի քննարկումը եւս իր թեժությամբ չի զիջել նախորդին: Բանն այն է, որ Փաշինյանի մոտ սուր հայտարարություններ է փորձել անել փոխնախարար Թամրազյանը՝ մեղադրելով Սմբատ Գոգյանին, սակայն դա արժանացել է Փաշինյանի վրդովմունքին: Վերջինս չի թողել, որպեսզի Թամրազյանն ավարտի իր խոսքը, ընդհատել է նրան եւ հայտարարել, որ ինքը ծառայողական քննություն է նշանակում, եւ թող դա էլ տա բոլոր հարցերի պատասխանները: Իրավիճակն այնքան թեժ է եղել, որ վարչապետը թողել ու դուրս է եկել: Տպավորություն է, որ ամեն գնով վարչապետը փորձում է Գոգյանին պահել, ու վերջինիս ազատման դիմումը, որը ներկայացվել էր դեռեւս մայիսի 22-ին, վարչապետն այդպես էլ չի ստորագրել:
Երբ գործող իշխանության եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները լարվեցին կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջից հետո, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ակնհայտորեն պասիվացրեց իր գործողությունները խորհրդարանում եւ դրանից դուրս: Նա խորհրդարանի ակտիվ պատգամավորներից էր, բայց վերջին շրջանում մշտապես բացակայում է: Իսկ Ծառուկյանի կալանավորման դեմ բողոքող ցուցարարների առաջնորդների շարքերում Բագրատյանը չկար ու չկար: Ինչու՞ է ընդհատակ անցել Սերգեյ Բագրատյանը. «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ փորձում է գտնել նրան, բայց անարդյունք: Ինչից կամ ումից է վախենում Սերգեյ Բագրատյանը՝ դժվար է ասել: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը լայնամասշտաբ քննություն է իրականացնում ԲՀԿ-ականների գործողություններում, փորփրում են բոլոր գործիչների անցյալը, որպեսզի հնարավոր լինի 2017թվականի ընտրակաշառք տալու փաստեր գտնել հնարավոր բոլոր թեկնածուների վրա:
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանն այս տարվա հուլիսի 13-ին ՀՀ վարչական դատարան է դիմել՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ ֆինանսների նախարարության: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 10-ին որոշում էր կայացրել եւ, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, Վիգեն Ավետիսյանին ազատել էր Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: Եվ, ահա, վերջինս դատական հայցով պահանջում է, որ դատարանը պարտադրի վարչապետին եւ ՀՀ ֆինանսների նախարարությանն այդ որոշումն անվավեր ճանաչել, իրեն նախկին պաշտոնին վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Այս գործը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Ալեքսանդր Հարությունյանին: Նշենք, որ Վիգեն Ավետիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019 թվականի մայիսին: «Ժողովուրդ» օրաթերթն այդ ժամանակ գրել էր, որ Վիգեն Ավետիսյանը պատահական անձ չէ. նա ՀՀ բնապահպանության նախարարության հնաբնակներից է, 2002 թվականից աշխատել է նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ, եւ համարվել է բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի հավատարիմը: