ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐԸ ՀԱՂԹԵՑ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ    

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ հուլիսի 17-ին նախատեսված ռեկտորի մրցույթը չի կայանալու: Բանն այն է, որ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հայցի հիման վրա դատարանը որոշում է կայացրել դադարեցնել այդ մրցույթը: Միեւնույն ժամանակ նախկին ռեկտորը Վարչական դատարանում մեկ այլ գործով է հաղթել, եւ դատարանը պարտավորեցրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի կայքից ջնջել նրա ատենախոսության վերաբերյալ եզրակացությունը՝  բարոյական վնասի հատուցման իրավունքով: ArmLur.am-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի հետ, որը մանրամասներ ներկայացրեց: Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 22-ին Ռուբեն Հայրապետյանը թողեց իր պաշտոնը, քանի որ նրան մեղադրում էին դոկտորական ատենախոսությունում գրագողություն կատարելու մեջ: Եվ, ըստ էության, նա, դատարանում վիճարկելով այս որոշումը, հակառակ որոշում կայացրեց:

 

«Մինչեւ դատական հայտ ներկայացնելը ես բազմաթիվ անգամ հանրային գրառումներով եւ նաեւ նախարարությանն ուղղված իմ կոչերով տեղեկացրել եմ, որ այդ մրցույթն ապօրինի է: Այս հանգամանքը նախարարությունը հաշվի չառավ, ինչպես հաշվի չէր առնում բոլոր մնացած հանգամանքները եւ դիմում տարատեսակ ապօրինությունների, այդ թվում՝ նաեւ առերեւույթ դիտավորությամբ ապօրինությունների, որոնց հետ կապված էլ ես գործընթաց էի սկսել: Երբ ես հասկացա՝ պարզապես անիմաստ է նախարարությանը ինչ-որ բան բացատրել կամ հորդորել, ես որոշեցի դիմել դատարան: Խորհրդի անդամների շուրջ կեսն օրենքի խախտումով են հայտնվել խորհրդում, եւ սրան զուգահեռ ես նաեւ լուծումն էի տվել: Դեռեւս մեկ տարի առաջ որոշում էր կայացվել համալսարանը վերակազմակերպել հիմնադրամի, կազմել փաթեթը, եւ եթե վերակազմավորման գործընթացն այդպես էլ չհիմնավորված հիմքով չկասեցնեին, կարող էին ձեւավորել նոր հոգաբարձուների խորհուրդ, եւ կլուծվեր օրենքի հետ կապված բոլոր խնդիրները: Բայց նախարարությունը դա չարեց, եւ ինչպես հետագայում պարզվեց, խնդիր կար դրված հովանավորյալ թեկնածուին ամեն գնով անցկացնել: Եթե վերակազմավորվեր հիմնադրամի, առաջարկվող նախաձեռնությամբ դուրս էր գալու դոկտոր-պրոֆեսորի պահանջը, ինչը նշանակում էր, որ բազմաթիվ արժանի թեկնածուներ էին մասնակցելու: Մեկ տարի առաջ, երբ մենք այդ փոփոխությունը կատարեցինք, մեր գործընկերներն ինձ շատ էին ասում, թե ինչու եմ նման բան անում, քանի որ այդ դեպքում շատ մրցակիցներ եմ ունենալու, բայց ես ասում էի՝ ես խնդիր չունեմ ընտրվելու, այլ խնդիր ունեմ ճիշտ կանոնադրություն կազմելու: Իսկ իմ խորին համոզմամբ՝ համալսարանի կառավարիչի համար դոկտոր-պրոֆեսորի  պահանջը պարզապես անհեթեթ է, եւ կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք, օրինակ, թեկնածու կամ դոցենտ են: Հետագայում, ինչպես պարզվեց, մարդիկ որոշեցին իմ այս տրամաբանական քայլը տապալել, որպեսզի արդեն իրենց թեկնածուն մրցակցության խնդիր չունենա», -նշեց նախկին ռեկտորը: Նա հավելեց, որ հետեւաբար երկու հայց է ներկայացրել դատարան, որոնց մեկը պարտավորեցնել դադարեցնել խորհրդի համապատասխան անդամների լիազորությունները, որովհետեւ դրանք իրավունք չունեն խորհրդում, եւ երկրորդ հայցով էլ այս ամենի հիմքով մրցույթի գործընթացը ոչ իրավաչափ համարել: Եվ, նրա խոսքով,  քանի որ հայցերը բավականաչափ ամուր էին, եւ չկար որեւէ հանգամանք, որով կարելի էր մերժել, դրանք ընդունվեցին վարույթ, եւ, որպես  հայցի ապահովման միջնորդություն, բավարարվեց նաեւ մրցույթի կասեցումը: Այսինքն՝ մրցույթի վրա դրվեց արգելանք: «Մրցույթը տեղի կունենա միայն այն  ժամանակ, երբ իմ ներկայացրած տարբերակով օրենքի հետ կապված խնդիրները կլուծվեն, կստեղծվի նոր խորհուրդ, որում արդեն կկարողանան մասնակցել բոլոր այն անձինք, որոնք արդեն կարող են հավակնել այդ պաշտոնին եւ արժանի են: Որպեսզի հնարավոր լինի հիմա մրցույթ կազմակերպել, երկու տարբերակ կա՝ առաջին տարբերակը՝ ուղղակի ամբողջությամբ խորհուրդը փոխել, եւ այն անդամները, որոնք չեն բավարարում օրենքի պահանջներին, նրանց հանել խորհրդի կազմից, եւ երկրորդ՝ ավելի հեշտ տարբերակն այն է, որ համալսարանն ուղղակի վերակազմակերպել հիմնադրամի, եւ այդ դեպքում համալսարանը կունենա Հոգաբարձուների խորհուրդ: Երբ դա արեցին, իմ հայցը կդառնա առարկայազուրկ, եւ կկազմակերպվի նոր մրցույթ», – հավելեց Հայրապետյանը:

Միեւնույն ժամանակ, նա դեռ չի որոշել՝ կմասնակցի այդ ժամանակ ռեկտորի ընտրության, թե ոչ. «Այս պահին չունեմ որեւէ որոշում, եւ երբ կազմվի օրինական խորհուրդ, ես կփորձեմ հասկանալ՝ արդյոք կա պահանջ հիմնական շահառուների եւ հատկապես ուսանողների կողմից, որ ես դառնամ ռեկտոր: Եթե ես տեսնեմ, որ ցանկությունը եւ պահանջը  մեծ է, ապա այդ դեպքում հնարավոր է՝ ես մասնակցեմ: Եթե ես տեսնեմ, որ այդ ցանկությունը կա, բայց փոքր է, ես չեմ մասնակցի»: Միեւնույն ժամանակ, նա բարոյական հատուցում կարող է պահանջել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից եւ Բարձրագույն որակավորման կոմիտեից: «Երեք պատասխանող կողմ է եղել՝ ԿԳՄՍՆ, ԲՈԿ եւ համապատասխան հանձնաժողով, որը ստեղծվել է: Դատարանի վճռով ոչ իրավաչափ գործողություններ արձանագրվել են թե՛ նախարարության, թե՛ ԲՈԿ-ի գործողություններում: Բարոյական վնասի հատուցումը պահանջելու եմ այդ երկու կառույցներից», – եզրափակեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԱՏՎԻԵՆԿՈՅԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանն ու հայտարարել է, որ Ռուսաստանը Երեւանին ու Բաքվին կոչ է անում տարաձայնությունները լուծել բանակցությունների ճանապարհով, եւ որ դիվանագիտական եւ խորհրդարանական ալիքներով ջանքեր են ներդրվում դրա համար: Վերջինս նշել է, որ իրեն են դիմել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահները: «Գլխավորը հիմա ոչ թե մեղավորներ փնտրելն է, այլ ցանկացած մարտական գործողություն դադարեցնելը»,-համոզված է Դաշնային խորհրդի խոսնակը:

 

 

ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին՝ Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթեւոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

 

 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գայանե Բունիաթյանին վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի վերլուծության եւ զարգացման ծրագրերի վարչության պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել:

 

 

ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱՅԻՆ ՖՈՆ

Հուլիսի 19-20-ին Արարատի եւ Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում եւ Երեւանում սպասվում է անոմալ բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38, +40 աստիճանի։ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ նշված օրերին հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տիպի կորոնավիրուս:

 

 

ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ

Հայ հաքերները անհասանելի են դարձրել հայկական կայքերի վրա հարձակվող ադրբեջանական հիմնական հաքերային թիմի՝ Anti-Armenia-ի կայքը: Այս մասին հայտնել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ իսկապես կայքը անհասանելի է դարձել:

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՀՔԾ

 

ArmԼur.am-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու նպատակով։

Հիշեցնենք, որ նշված երեք ուժերը գլխավոր դատախազություն էին ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ: ArmԼur.am-ը փորձել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում դատախազության կողմից ՀՔԾ ուղարկված դիմումի քննությունը: Մ. Օհանջանյանը հայտնեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով:

 

ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանարպետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Մեզ հայտնի դարձավ, որ հուլիսի 14-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, դիմելով դատարան, պահանջել է, որ դատարանը ստիպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն կուսակցության նախընտրական ցուցակի հաջորդ համարին պատգամավորական մանդատ տրամադրել:

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին մերժեց ընդդիմադիր խմբակցության դիմումը՝ վերականգնելու Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստանի» 18-րդ մանդատը, որը խմբակցությունը կորցրեց պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ իրենց շարքից հեռանալուց հետո: Եվ, ահա, առկա է որոշման բողոքարկման կարգ, եւ երեք օրացուցային օրվա ընթացքում խմբակցությունն այն բողոքարկել է Վարչական դատարան:

 




Լրահոս