ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՏԱՆ ԹԱԼԱՆՆ ՈՒ ԿԱՍԵՑՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետի տան թալանի գործով որոշում է կայացվել: Մեզ հայտնի դարձավ, որ տան գողության գործը կասեցվել է: Ասել է թե՝ իրավապահ մարմինները չկարողացան բացահայտել, թե ով կամ ովքեր մուտք գործեցին ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանի տուն եւ գողություն իրականացրին:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին անհայտ անձը կամ անձինք Երեւանում թալանել էին Դավիթաշեն 4-րդ թաղամասի 46 շենքի բնակիչ Աննա Բադալյանի տունը: Դուռը բացել էին, մտել տուն, տակնուվրա արել այն եւ ննջասենյակից հափշտակել գումար:

Ավելին, իրավապահները բացահայտել էին, որ տանը եղել են արժեքավոր իրեր, սակայն ենթադրյալ հանցագործը կամ հանցագործները ՀՀ գլխավոր դատախուզության վիճակագրական բաժնի պետի տուն էին մտել կոնկրետ գումարի համար եւ տարել են մի քանի հարյուր դոլար:

Նկատենք, որ դեպքի վայրում աշխատող իրավապահները արձանագրել են, որ տանը այլ գումար էլ է եղել, սակայն հանցագործը կամ հանցագործները այն չեն գտել կամ շտապել են, դրա համար մանրակրկիտ չեն փնտրել գումարը: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ բանավոր կերպով ՀՀ գլխավոր դատախազության վիճակագրական բաժնի պետ Աննա Բադալյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում:

Ավելին՝ գրել էինք, որ այս եւ այլ դեպքերից հետո իրավապահ համակարգում մեծ աղմուկ է բարձրացել: Մասնավորապես, նախաքննական մարմինների քննիչները ահազանգում են` հայտնելով, որ դատարանները փաստացի մեղմ պատիժ են կիրառում բազմաթիվ հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: Քննիչների խոսքով` եթե մի անձ մյուսին հարվածում է, եւ դատարանը հարվածող անձին մեղմ պատժի է ենթարկում, հասկանում ենք, որ դեպք է, եղել է, անցավ-գնաց:

Մի քանի անգամ գողության համար դատապարտված անձին կրկին նույն արարքի համար բռնում են, մեղադրանք առաջադրում եւ ուղարկում են դատարան, դատարանը գրավ է կիրառում կամ ազատազրկման է դատապարտում` տուգանք նշանակելով: Անցնում է մի քանի օր, կրկին նույն հանցագործը մեկ այլ բնակարանից գողություն է անում, պետք է հասկանալ, որ, վերջ, այդ մարդն այլեւս չի փոխվի, ոնց կա, դա է, եւ նրան ազատ արձակելով` մեր ընտանիքներին ենք վտանգում: Այս է պատճառը, որ համատարած գողություններ են:

Սակայն նկատենք, որ սա իրավապահների միակ կասեցումը չէ պաշտոնատար անձանց տան բնակարանների գործով:

Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 24-ին գողության դեպք էր տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ գումար։ Եվ փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Բնակարանը  որտեղից գողություն էր կատարվել, պատկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի նախկին տեղակալ Արեւիկ Անափիոսյանին:

«Ժողովուրդ» օրաթերթն այն ժամանակ փորձել էր մեկնաբանություն ստանալ Անափիոսյանից, սակայն վերջինս տեղի ունեցածը խիստ անձնական էր համարել եւ հայտարարել, թե այդ ամենով զբաղվում են իրավապահները: Եվ, ահա, 5 ամիս անց նախաքննական մարմինը որոշում է կայացրել կասեցնել նախկին փոխնախարարի բնակարանի թալանի գործը. ասել է թե՝ իրավապահներին այդպես էլ չհաջողվեց բացահայտել, թե ով կամ ովքեր են մուտք գործել նախկին փոխնախարարի տուն եւ այն թալանել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԲՈՂՈՔԱՐԿԵԼ Է

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը: Հիշեցնենք, որ Մ. Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

 

 

ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

2020թ. հուլիսի 14-ին առերեւույթ հանցագործություն կատարած   անձը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող ծխախոտի մանրամեծածախ վաճառքի սրահ եւ որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել  գումար: Խանութի աշխատակցուհին դիմադրել է եւ սրահում առկա ախտահանիչ նյութը ցանել է տղամարդու դեմքին, այնուհետեւ աթոռով հրելով նրան դուրս է հանել խանութից, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ: Աշխատակցուհին տուժող  է ճանաչվել եւ հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՀՐԱԶԵՆԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Երեկ կրակոցներ են հնչել Երեւանում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիական ավտոմեքենայով հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւանի Սարի Թաղի 26-րդ փողոցի բնակիչ 27-ամյա Սամվել Հովհաննիսյանն է: Ըստ բժիշկների՝ վերջինս գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում եւ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Պարզվել է, որ  վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 26-րդ փողոցի 26 եւ 13 տների դիմացից: Հայտնաբերվել է ավտոմատից կրակված 2 պարկուճ, արնանման բազմաթիվ հետքեր, BMW X5 մակնիշի ավտոմեքենա։ Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինն աշխատում են մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ վենդետայի, եւ մոտավոր կա նաեւ կասկածյալ, ում նկատմամբ ամիսներ առաջ նույնպես հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարվել, եւ այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԱՆՏԱՌԱՊԱՀԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է ««Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից՝ կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ ««Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006թ. զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2020թ. մայիսի 27-ին իր պահաբաժնում հանդիպել է Դիլիջան քաղաքի բնակչին, որն առաջարկել է կաշառքի դիմաց, առանց համապատասխան թույլտվության, ավտոմեքենայով վառելափայտ դուրս բերել: Անտառապահը, ընդունելով առաջարկը, իր լիազորությունների շրջանակում ծառայության գծով թողտվություն կատարելով, թույլատրել է վերջինիս, առանց համապատասխան փաստաթղթի, իր պահաբաժնի տարածքից քամատապալ ու ձյունակոտոր ծառերից պատրաստել վառելափայտ եւ դուրս բերել անտառից, ինչի դիմաց 2020 թվականի մայիսի վերջին եւ հունիսի սկզբին մաս-մաս ստացել է կաշառք: Անտառապահին մեղադրանք է առաջադրվել. քրեական գործը ուղարկվել է դատարան:

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ՝ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Օձուն համայնքի բնակիչների միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել են երկու անձանց՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը: 2018թ. հուլիսի 31-ին Լոռու մարզի Օձուն համայնքի 24-ամյա բնակիչը իր եղբորը սեռական բնույթի հայհոյանքներ տալու կապակցությամբ պարզաբանում պահանջելու նպատակով զանգահարել է 30-ամյա համագյուղացուն եւ պայմանավորվել հանդիպման շուրջ: Հանդիպումը, սակայն, վերաճել է վիճաբանության, որի ժամանակ 24-ամյա երիտասարդը նախապես իր հետ վերցրած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջից կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, աջակողմյան հեմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա, աջից հետույքային շրջանի կտրած-ծակած վերքի ձեւով: Պարզվել է նաեւ, որ կտրած-ծակած վնասվածք է ստացել 24-ամյա երիտասարդը: Նույն վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրա ձախ բազկի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ բազկի ծակած-կտրած միջանցիկ վերք՝ արտաքին պրոֆուզ զարկերակերակային արյունահոսությամբ, բազկային զարկերակի եւ մկանափեղկային համակարգի վնասումներով: Համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել. որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է:

 




Լրահոս