ԿՔՆՆԱՐԿԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի կողմից վերջին տարիներին Հայաստանի սահմանային գոտում հարձակումներից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը մտադիր է քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պաշտպանական միջոցների մատակարարումն արգելափակելու հարցը: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

 

«Քանի որ Ադրբեջանն ուժեղացնում է իր անդրսահմանային հարձակումը, այդ փոփոխությունները Կոնգրեսին հնարավորություն կտան դիմադրել եւ զսպել Ալիեւի ագրեսիան»,- նշել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանը նշել է, որ հարցի քվեարկությունը տեղի կունենա երկուշաբթի օրը: Ներկայացված օրինագծով նախատեսվում է, որ ամերիկյան ոչ մի միջոց, աջակցություն չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը չի որոշել եւ Կոնգրեսին չի զեկուցել, որ Ադրբեջանի կառավարությունն ակնհայտ քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումներն ու ուժի կիրառման այլ նախահարձակ ձեւերը դադարեցնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից եւ, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղից ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետանակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- հայտնել էր նա:

Հուլիսի 13-ի առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների արդյունքում վիրավորվել է հայկական կողմի 3 զինծառայող եւ երկու ոստիկան, որոնցից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հուլիսի 14-ի գիշերը ՀՀ  զինված ուժերի մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը  հայկական կողմից վարված կրակով կասեցվել է։ Հակառակորդը հուլիսի 13-ից թիրախավորում է բնակավայրերը։ Ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ եւ 120մմ տրամաչափի ականանետից 3 արկ են են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։ Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները. տուժածներ չկան։

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը եւ կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: Ավելի ուշ հակառակորդի արձակած կրակոցից զոհվել են նաեւ ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գեւորգի Գաբրիելյանը եւ կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթեւոսյանը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում հուլիսի 15-ի ժամը 00:15-ից պահպանվում է հարաբերական անդորր։ Գիշերվա ընթացքում հրետանային միջոցներ չեն կիրառվել։  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հուլիսի 14-ից՝ ժամը 22:20-23:00-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու հարվածային ԱԹՍ, որոնց բեկորներն ընկել են միջդիրքային տարածքում:

 

 

ԿԴԻՄԻ ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ

Ինչպես հայտնի է, հուլիսի 17-ին տեղի է ունենալու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Եվ հունիսի 29-ին Հայաստանի պետական տնտեսագիատական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը լիազորությունները դադարեցնելու մասին դիմում էր ներկայացրել՝ ցանկություն հայտնելով մասնակցել այդ մրցույթին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը պատրաստվում է վաղը՝ մրցույթից մեկ օր առաջ, Դիանա Գալոյանին զրկել դոկտորական ատենախոսությունից: Նշենք, որ Գոգյանն այդ մասին նախապես հայտնել էր՝ ասելով, որ եթե իրադարձություններն այդպես զարգանան, եւ Դիանա Գալոյանը ցանկանա առաջադրվել ռեկտորի պաշտոնում, ինքը մանրամասներ է ներկայացնելու եւ կոնկրետ գործի է անցնելու: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ Գոգյանը որոշել է խոսքից գործի անցնել եւ վաղը նիստ է անցկացնելու:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 2015-ին, սակայն 2019-ի դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվել է Գալոյանի դոկտորական ատենախոսությունն ուսումնասիրող եւ եզրակացություն տրամադրող մասնագիտական հանձնաժողով, որն արձանագրել է, որ Գալոյանի գիտական աշխատանքում առկա են առանց հեղինակների ու աղբյուրների նշման փոխառություններ, որն էլ հիմք է հանդիսացել վարույթ սկսելու համար։ Դիանա Գալոյանի ատենախոսության թեմայի շուրջ աղմուկը պատճառ դարձավ, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատման դիմում ներկայացնի։ Վերջինս խոսել էր հովանավորչության մասին՝ ակնարկելով, որ Դիանա Գալոյանին հովանավորում է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։ Իսկ մայիսի 22-ին Գոգյանը ազատման դիմում էր ներկայացրել: Վարչապետը ԲՈԿ նախագահի՝ պաշտոնից ազատման դիմումը դեռ չի ստորագրել։

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է  ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1997թ. ծնված Թաթուլ Մհերի  Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի սեպտեմբեր ամսին՝ քննությամբ չպարզված օրը, իր ծանոթ  կնոջը՝ Վանաձոր քաղաքի 43-ամյա բնակչուհուն, սպառնացել է հրապարակել, ապա վերջինիս հարազատներին ուղարկել նրա  եւ  իր միջեւ տեղի ունեցած սեռական հարաբերությունների լուսանկարները՝  այդ կնոջից պահանջելով վերադարձնել իր հորից՝ Մհեր Զուրաբյանից պարտքով վերցրած 619 684 ՀՀ դրամին համարժեք  1300 ԱՄՆ դոլարը։ Թաթուլ  Զուրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով («Պոռնկագրական նյութեր կան առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի եւ տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի  այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաեւ այդ նպատակով պատրաստելը») եւ 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված կարգի խախտմամբ  իր  իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»)։ Նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով որպես ապացույցներ դատարան են ներկայացվել երկու հատ բջջային հեռախոս: Նշված քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում։

 

ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎՈՒՄ

Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի համագործակցության արդյունքում Նոյեմբերյան համայնքում իրականացվում են անասնապահության զարգացմանն ուղղված աշխատանքներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ  խոշորացված Նոյեմբերյան համայնքի մաս կազմող, Ադրբեջանին սահմանակից Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան  եւ  Բերդավան գյուղերում  մեկնարկել են անասնաբուժական կետերի ստեղծման աշխատանքները։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում է նաեւ  հիմնանորոգել դեպի հեռագնա արոտներ տանող ավելի քան 2 կմ ճանապարհ, ինչպես նաեւ կառուցել  երկուական մակատեղիներ  եւ  խմոցներ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս