Երկրի բնակչությունը XXI դարի կեսին կհասնի իր գագաթնակետին՝ 9.73 միլիարդ մարդու, ապա կսկսվի անկման կայուն ընթացքը, այնպես որ 2100 թվականին այդ ցուցանիշը 8.79 միլիարդ կկազմի: Այս մասին նշվում է Սիեթլի Վաշինգտոնի համալսարանի բժշկության դպրոցին առընթեր Առողջության ցուցանիշների եւ գնահատման ինստիտուտի գիտնականների հոդվածում. փոխանցում է ՏԱՍՍ-ը: ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ 2100 թվականին աշխարհի բնակչությունը պետք է մոտ 11 միլիարդ մարդ կազմի: Հետազոտության հեղինակները կանխատեսում են, որ աշխարհի բնակչության թվի գագաթնակետը կլինի 2064 թվականին, երբ մոլորակի վրա մոտ 9.73 միլիարդ մարդ կլինի: Ապա կսկսվի աստիճանական անկումը, որը մշտական բնույթ կկրի: Արդյունքում, 2100 թվականին երկրի վրա մոտ 8.79 միլիարդ մարդ կլինի: Այժմ աշխարհում ապրում է շուրջ 7.59 միլիարդ մարդ:
Ըստ գիտնականների՝ այդպիսի լայնածավալ ժողովրդագրական փոփոխությունների հիմնական պատճառները կլինեն կրթության տարածումը, հատկապես՝ կանանց շրջանում, եւ ժամանակակից հակաբեղմնավորիչ միջոցների ավելի լայն օգտագործումն Աֆրիկայում, Մերձավոր Արեւելքում եւ ասիական որոշ երկրներում: Հենց դրանք են դեռ մնում ժողովրդագրական աճի առաջատարները: Արդյունքում, ծնելիության միջին մակարդակը կնվազի մինչեւ 1.7 երեխա յուրաքանչյուր կնոջ հաշվով, ինչը բավարար չէ նույնիսկ ծնողների մահից հետո նրանց «փոխարինելու» համար:
Սակայն որոշ երկրներում՝ կրկին առաջին հերթին Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ Ասիայում, ծնելիության մակարդակը 2.0 ցուցանիշից բարձր կմնա: Այս տարածաշրջանները միգրանտների պոտենցիալ աղբյուրներ կդառնան, որոնց հաշվին Եվրոպան եւ Ամերիկան կկարողանան փոխհատուցել իրենց կորուստներն այս առումով: Միգրացիոն օրենսդրության ազատականացումը, ինչպես նաեւ աշխատող կանանց սոցիալական աջակցության միջոցառումներն ուսումնասիրության հեղինակների կողմից առաջարկվում են որպես հիմնական՝ բնակչության թիվը նույն մակարդակներում պահելու համար։
Միեւնույն ժամանակ, կավելանա կյանքի միջին տեւողությունը, որը մինչեւ 2100 թվականը կգերազանցի 74 տարին գրեթե ամբողջ աշխարհում: Հետեւանք կդառնա բնակչության ծերացումը եւ աշխատունակ մարդկանց մասնաբաժնի նվազումը: Մինչեւ 2100 թվականը 65 տարեկանից բարձր մարդկանց թիվը 2.37 միլիարդ մարդ կկազմի, իսկ 20 տարեկանից ցածրերինը՝ 1.7 միլիարդ մարդ։
Հոդվածում հատկապես մռայլ կանխատեսումներ են ժողովրդագրական ներկայիս առաջատարների համար: Այդպես, հետազոտությունը ենթադրում է, որ Չինաստանի բնակչությունը մինչեւ դարի կեսը կհասնի մոտ 1.5 միլիարդ մարդու, բայց հետո կնվազի այս գագաթնակետային մակարդակի մոտ 48.9 տոկոսով: Հնդկաստանի բնակչությունը նույնպես կհասնի 1.6 միլիարդ մարդու, այնուհետեւ կնվազի 38 տոկոսով: Գագաթնակետային մակարդակից մինչեւ 50 տոկոսով կրճատում կլինի նաեւ Իտալիայում, Իսպանիայում, Ճապոնիայում եւ Թաիլանդում: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի բնակչությունը գագաթնակետից կիջնի ընդամենը 10 տոկոսով՝ հասնելով մոտ 350 միլիոն մարդու մակարդակի, ինչը նրանց առաջատար կդարձնի աշխատունակ տարիքի մարդկանց թվաքանակի առումով:
Այնուամենայնիվ, ուսումնասիրության հեղինակները խոստովանում են, որ նույնիսկ իրենց կողմից օգտագործված մեթոդաբանությունը տարբեր սցենարներում ցուցիչների շատ էական տարբերություն է ենթադրում: Վերոնշյալ թվերը վերաբերում են բազային կանխատեսմանը: Ընդ որում, ամենալավատեսականը ենթադրում է, որ մինչեւ 2100 թվականը երկրի վրա ապրելու է 13.6 միլիարդ մարդ (ինչը 2.6 միլիարդով ավելի է, քան ՄԱԿ-ի կանխատեսումը, եւ գրեթե կրկնակի ավելի է, քան հիմա), իսկ բացասականի համաձայն՝ բնակչությունը կնվազի մինչեւ 63 միլիարդ մարդ, այսինքն ՝ նույնիսկ ավելի քիչ կլինի, քան հիմա:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Օրենքում փոփոխությունների կատարումը պայմանավորված է գույքը վարձակալության տրամադրելու գործընթացի իրականացման անհրաժեշտությամբ, որն ապահովված է ՊՈԱԿ-ի կողմից անհատույց օգտագործման իրավունքով՝ Հայաստանի կառավարության հաստատած միակ մոտեցմամբ: Այս մասին ԱԺ-ում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության խորհրդարանական մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նա պարզաբանեց, որ գործող օրենսդրության համաձայն՝ պետական կազմակերպությունն իրավունք ունի իրեն պատկանող գույքը պետության անունից վարձակալության տալու, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ պետական կազմակերպության կանոնադրությամբ:
«Ընդ որում՝ ՊՈԱԿ-ին ամրագրված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել ավելի քան մեկ տարի ժամկետով՝ բացառությամբ հիմնադրի որոշած դեպքերի»,- շեշտեց պաշտոնյան:
Օրինագծի նպատակն է գույքը վարձակալության հանձնելու կարգավորումը, որն ապահովված է ՊՈԱԿ-ի կողմից անհատույց օգտագործման իրավունքով՝ Հայաստանի կառավարության հավանությունը ստացած միակ մոտեցմամբ, այսինքն՝ գործընթացի թափանցիկ եւ հրապարակային իրականացմամբ, գույքը վարձակալության հանձնելու գործընթացում հստակ չափորոշիչների եւ միասնական պայմանների հաստատմամբ: Բաբայանի հավաստմամբ՝ սա արվում է միայն պետական աջակցության արդյունավետության բարձրացման եւ միասնական պայմանների ու ժամկետների հաստատման համար:
Խորհրդարանական հանձնաժողովը քննարկումներից հետո այս օրենսդրական նախաձեռնությանը դրական եզրակացություն տվեց:
ՆՈՐ ԴԵՊՔ ՉԿԱ
Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել: Արցախում մինչ օրս COVID-19-ը ախտորոշվել է 153 մարդու մոտ, որից 124-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 29, ընդհանուր մեկուսացված է 79 քաղաքացի: COVID-19-ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, երկուսինն էլ՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 96 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 3175 փորձանմուշի հետազոտություն: Երկրում մահվան դեպքեր չեն արձանագրվել։
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՑՈՒՑԱԲԵՐԵՆ
Հայ-ադրբեջանական սահմանին մարտական ծառայություն իրականացնելիս հուլիսի 13-ին հակառակորդի կրակից մարմնական վնասվածքներ ստացած երկու ոստիկանի առողջական վիճակը լավ է, բարդություններ, խնդիրներ չկան. նշել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը: «Ամեն ինչ արվում է ոստիկանների համար: Նրանք Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վիրավոր ոստիկաններին կցուցաբերվի աջակցություն, առաջին հերթին՝ նյութական»,- ասել է Տիգրան Եսայանը:
ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳ
Երեկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մաշտոցի պողոտայում գտնվող Կապույտ մզկիթում պայթուցիկ սարք է տեղադրված։ Տեղազննման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
ՉՎԵՐԹՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ
Սույն թվականի հուլիսի 16-ին կիրականացվի Մինսկ-Երեւան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեից:
«Սույն թվականի հուլիսի 16֊ին կիրականացվի Լոս Անջելես-Երեւան-Բոստոն չվերթը Icelandair ավիաընկերության կողմից: Հուլիսի 16-ին կիրականացվի Մոսկվա-Երեւան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից: Սույն թվականի հուլիսի 17-ին կիրականացվի Կիեւ-Երեւան-Կիեւ չվերթը SKYUP ավիաընկերության կողմի: