Երգչուհի Մագան «Ժողովուրդ» օրաթերթի հետ ունեցել է շատ անկեղծ զրույց: Երգչուհին առաջին անգամ մեզ հետ զրույցում խոսել է սիրած տղամարդու, նրա բնավորության, երբեւէ թիկունքից հարվածներ ստանալու եւ այլ հետաքրքիր հարցերի մասին:
-Մագա՛, խոսենք առաջիկա ծրագրերի, անելիքների մասին։ Ի՞նչ նորություննր ունեք։
-Ապագա պլաններում շատ-շատ երգեր կան, որոնք արդեն պետք է հանրության դատին ներկայացնեի, բայց համաճարակը խանգարեց: Այս համաճարակային պայմաններում նկարահանել եմ արդեն երկու նոր տեսահոլովակ: Առաջին տեսահոլովակի եթեր գնալուց հետո հայտարարվեց արտակարգ դրությունը, եւ փակվեցինք տներում, իսկ երկրորդ տեսահոլովակս նոր եմ թողարկել, այն ստեղծվել է «Աղաչում եմ» երգի հիման վրա, որը բավականին հին երգ է: Ես փորձել եմ ներկայացնել իմ տարբերակով: 17 տարեկանից սկսել եմ աշխատել ակումբներում, ռեստորաններում, եւ սա հենց առաջին երգերից էր, որ իմ երաժշտական խմբի տղաներն ինձ տվեցին այս երգի ժապավենը եւ ասացին, որ պարտադիր պետք է սովորեմ, եւ այս երգը դարձավ իմ ամենասիրելի երգերից մեկը, եւ մինչեւ այսօր սիրով կատարում եմ: Անկեղծ ասած, երգի տեսահոլովակի մասին չէի մտածում, սակայն իմ ընկերներից Նիկ Եգիպյանի հետ միասին նկարահանեցինք տեսահոլովակ:
-Մագա՛, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:
-Իմ կյանքում եւ իմ բնավորության մեջ ոչինչ չի փոխել: Ես նույն Մագան եմ, այն մարդկանց շարքին չեմ պատկանում, որ որեւէ կարգավիճակից ելնելով՝ փոխվում են:
-Ձեզ հայկական շոուբիզնեսի մի մասը համարո՞ւմ եք։
-Այո, համարում եմ: Երգում եմ տարբեր ոճերում, ու ինձ թվում է՝ այսօր հաճախ չեք հանդիպի նման երգչուհիների, եւ դա բոլորը գիտեն, քանի որ տիրապետում եմ ե՛ւ ռեստորանային երգերի ռեպերտուարին, ե՛ւ ակումբային: Ես նաեւ իմ երգացանկում առաջնահերթությունը տալիս եմ մեր ժողովրդական երգերին եւ կարծում եմ՝ հնարավոր չէ մեզանից ավագ սերունդը չընդունի եւ չհավանի:
-Գիտեմ, որ Ձեր երգերի մի քանիսի հեղինակը հենց Ձեր քույրն է՝ Լիլի Հովերը։ Ինչպե՞ս է ստացվում Ձեր համագործակցությունը։ Ո՞վ է Ձեզանից ավելի պահանջկոտ։
-Լիլին ինձ համար նախկինում էր երգեր գրում, հիմա նրա զբաղվածությունը շատ-շատ է, եւ չենք կարողանում համագործակցել, իսկ հիմա ես համագործակցում եմ Մանե Հակոբյանի, Նիկ Եգիպյանի եւ Ավետ Բարսեղյանի հետ:
-Ո՞վ է Ձեր ամենամեծ քննադատը։
-Իմ ստեղծագործության ամենամեծ քննադատը փոքր քույրս՝ Լիլին է, հետո մայրս, իսկ ավագ քույր Լուսինեի համար ես ինչ էլ անեմ, նա միայն գովում է:
-Գեղեցիկ կանանց անվան շուրջ ինչ ասեկոսեներ ասես, որ չեն հյուսում։ Ամենացավալի սուտը, որ լսել եք Ձեր մասին, ո՞րն է եղել։
-Լսել եմ, որ ասում են, թե ես եւ Լիլին ապրում ենք տարբեր տներում, եւ հիմա էլ ասում եմ՝ սխալվում եք, չգիտեմ, թե ինչու է Ձեր մոտ ստեղծվել նման տպավորություն, բայց մենք ապրում են միասին եւ քնում ենք նույն անկողնում: Իսկ մեծ քույրս ամուսնացած է, ունի երկու բալիկ: Ես բնավորությամբ ավելի ակտիվ եմ, խիստ դատող, իմ մասին ցանկացած քննադատության արձագանքում եմ բուռն կերպով, ջղայինանում եմ, ահավոր էմոցիոնալ եմ մոտենում՝ ի տարբերություն Լիլիի: Ինձ ճանաչելով՝ իմ մտերմներից շատերը չեն արտահայտվում, թե ինչ են լսել, իսկ Լիլին ընդունում է դրանք շատ հանգիստ եւ ասում՝ պարզապես մի լսեք, քանի որ ինչ ուզելու են, խոսելու են, եւ ինչ ուզելու են, գրելու են:
-Կյանքում ավելի շատ նահանջո՞ղ եք, թե՞ պայքարող։
-Ես շատ պայքարող եմ: Եղել են դեպքեր, երբ հուսահատվել եմ, բայց կամքիս շնորհիվ հասել եմ իմ ուզածին: Երբեք հետ չեմ նայում, այլ միայն առաջ եմ գնում:
-Մագա՛, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել երգարվեստում։ Եղե՞լ են Ձեզ թիկունքից հարվածողներ։
-Դժվարությունները մեր ոլորտում շատ-շատ են: Դժվարություններ ունեցել եմ սկզբնական շրջանում, երբ ամեն մեկին պատասխանում էի իր ձեւով, քանի որ ես չեմ սիրում սուտն ու կեղծիքը: Ես չեմ կարող խոսել մի բան եւ անել լրիվ այլ բան. դա իմ բնույթը չէ: Ընկերներս կատակով միշտ ասում են, որ ես գերմանացի պետք է լինեի: Եվ ես մի բան եմ հասկացել, որ տղաների հետ աշխատելն ավելի հեշտ է, քան աղջիկների, եղել են, երբ իմ դեմքին ժպտացել են, բայց թիկունքից բամբասել են:
-Ձեր թույլտվությամբ՝ խոսենք նաեւ անձնական կյանքից։ Արդյոք երգչուհի Մագայի սիրտը զբաղվա՞ծ է:
-Այո, իմ կյանքում կա տղամարդ, ում շատ սիրում եմ:
-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր կողքի տղամարդը։
-Պետք է լինի ուժեղ բնավորության տեր տղամարդ, որպեսզի կարողանա իմ վրա, քանի որ ես ունեմ ամուր բնավորություն: Ես պետք է լսեմ այդ մարդու խորհուրդները, ընդունեմ: Ամեն հարցում իմ կողքին պետք է լինի եւ, իհարկե, ինձ շատ սիրի:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ՏՈՒՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Չելսի»-«Նորվիչ» հանդիպումով մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրը։ Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջին րոպեներին. գոլը իր հաշվին գրանցեց տանտերերի հարձակվող Օլիվյե Ժիրուն։ Ինչպես հետագայում պարզվեց, դա հանդիպման միակ գնդակն էր։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 63 միավոր եւ ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Նորվիչը» 21 միավորով վերջին տեղում է եւ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի ԱՊԼ-ն։
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ Է ԵԿԵԼ
Միլանի «Ինտերը» համաձայնության է եկել թիմի 2 ֆուտբոլիստի հետ նրանց պայմանագրերի ժամկետը երկարաձգելու հարցում: «Ինտերը» 2 տարվա պայմանագրեր կկնքի 36-ամյա սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչի եւ 31-ամյա իտալացի պաշտպան Դանիլո Դ՛Ամբրոզիոյի հետ: «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ է ֆուտբոլիստների մրցելույթներից եւ ցանկանում է, որ նրանք շարունակեն հանդես գալ միլանյան ակումբում: Ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին «Ինտերը» կհայտարարի առաջիկա օրերին:
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԹԻՄՈՒՄ
Իսպանական «Վալենսիան» ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Իսպանական ակումբը կհրաժարվի Ֆրանսիս Կոկլենից, Յասպեր Սիլեսենից, Ժոֆրեյ Կոնդոգբիայից, Մորենո Ռոդրիգոյից, Գոնսալու Գուեդեշից, Ֆերան Տորեսից եւ Դանիել Պերեխոյից: Նշվում է, որ ակումբը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով լուրջ ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնել: Լա Լիգայի 36-րդ տուրից հետո «Վալենսիան» 50 միավորով մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է:
ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ
Կատալոնական «Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սամուել Ումտիտին կարող է մարզական կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում: 26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Նապոլին», «Լացիոն», «Ռոման» եւ «Տորինոն»: Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Մանչեսթեր Յունայթեդն» ու Լոնդոնի «Չելսին»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը հույսեր չի կապում ֆրանսիացի պաշտպանի հետ: Ակումբը պատրաստ է հրաժարվել Ումտիտիի ծառայություններից, եթե նրա դիմաց ստանա 50 միլիոն եվրո: Ումտիտին «Բարսելոնա» է տեղափոխվել 2016 թվականին ֆրանսիական «Լիոնից»:
ԹՈՒՅԼ Է ՏՎԵԼ
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ ակումբը թույլ է տվել թիմի ֆրանսիացի պաշտպան Սերժ Օրյեին մեկնել Ֆրանսիա եւ մասնակցել եղբոր հուղարկավորությանը: «Սարսափելի դեպք է տեղի ունեցել: Մենք հարգում ենք Օրյեի վիշտը եւ թույլատրել ենք նրան մեկնել Ֆրանսիա՝ մասնակցելու եղբոր հուղարկավորությանը»,- ասել է պորտուգալացի մասնագետը: Լոնդոնի «Տոտենհեմի» կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրիեի եղբորը սպանել են Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում։ 26-ամյա Քրիստոֆեր Օրիեին գտել են գիշերային ակումբի մոտ։ Նա ունեցել է որովայնի հրազենային վիրավորում։ Կրակողը զենքը թողել է տուժածի մոտ եւ հեռացել։