ՀԱՊԿ-ՈՒՄ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԴԻՄՈՒՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ «Այս իրավիճակը չի նպաստում երկու հարեւան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր: Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգնման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։ Նկատենք, որ այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից: Շատերը պնդեցին՝ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանի՛ն կոչ աներ դադարեցնել կրակը։ Ի վերջո, ինչպե՞ս պետք է ՀԱՊԿ-ն արձագանքեր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերին:

Այսպիսով, ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է. «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան կդիտարկվի ագրեսիա ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները այդ անդամ-պետության խնդրանքով անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»: Բացի այդ, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում այդ պետությունը պետք է դիմի կազմակերպությանը օգնության խնդրանքով, սակայն նկատենք, որ պաշտոնական Երեւանը չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Հուլիսի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը միայն հեռախոսազրույց էր ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որից հետո էլ ՀԱՊԿ-ը նիստ էր գումարել եւ ընդունել վերը նշված հայտարարությունը: Այսինքն, ստացվում է՝ այս փուլում, քանի դեռ Երեւանը պաշտոնապես չի դիմել կառույցին, վերջինս չի կարող որեւէ կերպ օգնել Հայաստանին: Իսկ երեկ Տավուշում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ տեղեկատվական շտաբի աշխատանքները համակարգող Արծրուն Հովհաննիսյանը նկատեց, թե այդ կառույցին դիմելու անհրաժեշտություն չկա: Այս ամենին զուգահեռ նկատենք, որ ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել մեղավոր կողմին եւ մշտապես կոչն ուղղել է երկու կողմերին։ Եվ, ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ն չեզոք ու անհասցե ձեւակերպումներ է օգտագործում: Եվ, փաստորեն, որքան էլ ՀԱՊԿ կանոնադրությունում հստակ է օգնություն տրամադրելը, դրա համար պաշտոնական Երեւանի դիմումն է անհրաժեշտ:

 

 

 

Ազգային ժողովն այդպես էլ չքննարկեց դեռեւս կառավարության նախորդ նիտում հուլիսի 9-ին ընդունված եւ հրատապ համարված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը: Նախ` նկատենք, որ այդ նախագծով պետք է սահմանվեր, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական հաստատությունների կառավարման լիազորություններն անցնելու են Առողջապահության նախարարությանը, իսկ հրամանները կամ հանձնարարականները չկատարելն առաջացնելու է տուգանքի նշանակում՝ 300-500 հազար դրամի չափով: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ այս նախագծի վերաբերյալ բուռն քննարկում է եղել, եւ պատգամավորներն անգամ սադրանք են որակել նման նախագիծ ներկայացնելը, որը կարող է տուգանք ենթադրել բժիշկների համար: Մեր տեղեկություններով՝ հատկապես դեմ է արտահայտվել պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ լինելով բժիշկների որդի: Սակայն, բացի Գեւորգյանից, դեմ են եղել նաեւ խմբակցության այն թեւերը, որոնք առողջապահական ոլորտից են: Եվ արդյունքում որոշում է կայացվել այս փուլում չքննարկել նախագիծը՝ այն թողնելով արդեն հերթական նստաշրջանում քննարկման սեպտեմբերին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյանն այս հարցի վերաբերյալ նշեց. «ԱԺ նստաշրջանն արդեն իսկ ավարտվել է հունիսի 15-ին, իսկ նախագիծը ընդգրկված չի եղել արտահերթ նստաշրջանների օրակարգում: Օրենքով սահմանված կարգով կքննարկվի հաջորդ նստաշրջանում»:

 

 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում. հարցաքննվել են բարձրաստիճան պաշտոնյաներ: Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ: Եվ, ահա, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ էր արձակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս քրեական գործով հարցաքննվել են նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղեկալներ Տիրան Խաչատրյանն եւ Ստեփան Գալստյանը: Իսկ թե ինչ են ասել նրանք իրավապահներին, մեզ չհաջողվեց պարզել, սակայն նշենք, որ ԱԱԾ-ում տարբեր պաշտոնյաներ ցուցմունքներ են տվել եւ հայտնել, որ ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը:

 

 

 

Հայաստանյան դեղատներում այս օրերին վիտամինային, այլ կերպ ասած՝ իմունիտետ բարձրացնող դեղերի դեֆիցիտ է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հեռախոսազանգեր է ստանում այն քաղաքացիներից, որոնք այցելելով դեղատներ՝ պարզում են, որ C վիտամին (եթե կա, ապա սահմանափակ քանակությամբ), ցինկ կամ երկաթ չկա: Դեղատան աշխատողները պատճառաբանում են, որ կորոնավիրուսի պատճառով դրա պահանջարկը բարձրացել է, ինչի արդյունքում եղածն էլ սպառվել է. պատվիրում են, բայց չեն ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Առողջապահության նախարարություն, որտեղից մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը փոխանցեց. «C վիտամինի խնդիր չկա, ներմուծում ենք եւ կա տեղական արտադրություն, իսկ ցինկը մեր դաշտում չէ, դա սննդային հավելում է»: Ստացվում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում ամենակարեւոր եւ պահանջված ցինկը նախարարության դաշտում չէ: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ իմունային համակարգն ամրապնդելու միջոցներից մեկը ցինկն է. այս հանքանյութն օգնում է վիրուսային վարակներին դիմագրավելու հարցում։ Նույն մասնագետների խոսքերով՝ ցինկը կարող է կարեւորագույն դեր ունենալ ՔՈՎԻԴ-19 պանդեմիայի հաղթահարման գործում։ Բայց, արի ու տես, հայաստանյան դեղատները ցինկով ապահովված լինել-չլինելու հարցը նախարարության լիազորություններից դուրս է: Դեղատներում նաեւ հակաբիոտիկների դեֆիցիտ է: Օրինակ՝ այս օրերին «Ազիմակ» կոչվող հակաբիոտիկ չկա դեղատներում: Բժիշկները դրա փոխարինողն են նշանակում պացիենտներին: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիների խոսքերով՝ բժիշկը դեղատոմսում միանգամից նշում է մի քանի հակաբիոտիկների անուններ՝ լավ իմանալով, թե որը կարող է պացիենտը գտնել դեղատնում:




Լրահոս