Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուլիսի 14-ին հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային բախումներին։ Հայտարարության մեջ ՀԱՊԿ-ն լուրջ մտահոգություն էր հայտնում՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ։
«Այս իրավիճակը չի նպաստում երկու հարեւան պետությունների սահմանային դրության կարգավորմանը, որոնցից մեկը՝ Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանում է ՀԱՊԿ անդամ-երկիր: Ընդգծում ենք հրադադարի ռեժիմի վերականգման անհրաժեշտությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում»,- նշված էր հայտարարության մեջ։
Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ տարբեր քաղաքական շրջանակների կողմից։ Շատերը պնդեցին, որ քանի որ Հայաստանն է ՀԱՊԿ անդամ, ապա կազմակերպությունը պետք է Ադրբեջանին կոչ աներ դադարեցնել կրակը։ Բացի սա, ՀԱՊԿ այս հայտարարությունը տարբեր շրջանակներ սկսեցին կապել Հայաստանի ներկա իշխանությունների հետ։
Սակայն նկատենք, որ նախկինում եւս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ հայտարարությունները նույնաբովանդակ են եղել՝ ուղղված երկու կողմերին էլ:
Մինչ այս, հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ էր արձանագրվել նաեւ 2018 թ. սեպտեմբերին, երբ հակառակորդը գնդակոծում էր Տավուշի սահմանամերձ գյուղերը։ «Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի եւ քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների»,- ասված էր հայտարարության մեջ։ Կազմակերպությունը կոչ էր անում նաեւ դադարեցնել հայկական բնակավայրերի գնդակոծումը:
2016 թ. դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։ Չնայած հայկական Զինված ուժերը կանխել էին հակառակորդի դիվերսիան եւ հետ շպրտել ելման դիրքեր, այնուամենայնիվ, հայկական կողմն ունեցել էր 3 վիրավոր: Այս առիթով ՀԱՊԿ-ն տարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որում նշվում էր, որ ՀԱՊԿ քարտուղարությունում տագնապով են ընդունել Հայաստանի Չինարի գյուղի մոտ եղած զինված բախման մասին տեղեկությունը: «ՀԱՊԿ անդամ պետության տարածքում այդ գործողությունը դիտարկում ենք որպես սադրանք»,- ասված էր հայտարարության մեջ։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգություն էր հայտնել հրադադարի պարբերական խախտումների առնչությամբ։ «Թվում էր թե երկու կողմերի, ինչպես նաեւ մի շարք պետությունների առաջնորդների գործադրած ջանքերը հաշվի առնելով՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացն ավելի ակտիվ կընթանա, բայց հրադադարի պայմանավորվածությունների պարբերական խախտումների վերաբերյալ վերջին շրջանում տարածաշրջանից ստացվող տեղեկությունները եւ առավելեւս զինծառայողների մահվան դեպքերի բերած դեկտեմբերի 29-ի հերթական միջադեպը հարուցում են լուրջ մտահոգություն»,- կարդում ենք պաշտոնական հաղորդագրության մեջ։
2015թ. սկզբին ադրբեջանական ուժերը սկսել էին դիվերսիոն ներթափանցման փորձեր կատարել եւ գնդակոծել Տավուշի սահմանամերձ համայնքները։ Այս առնչությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ «խորը անհանգստություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում վերջին լարվածության հետ կապված եւ կրկին վերահաստատել ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը»։
Ստացվում է՝ ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունների վերաբերյալ հայտարարությունները մշտապես եղել են չեզոք, ոչ մի անգամ այս կառույցը հստակ չի մատնանշել մեղավոր կողմին եւ մշտապես կոչն ուղղել է երկու կողմերին: Թերեւս մի փոքր բացառություն է կազմել 2018 թվականին ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությունը, որտեղ նշվել է Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի եւ քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի մասին։ Դրանով հանդերձ, այդ հայտարարությունում եւս բացակայում են ուղիղ ձեւակերպումներ Ադրբեջանի հասցեին։
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ վերջին հայտարարությունը միակը չէ, որտեղ ՀԱՊԿ-ը չեզոք ու անհասցե ձեւակերպումներ է օգտագործում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱԶԱՏՎԵԼ Է ՊԱՇՏՈՆԻՑ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարուշ Դավթյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
ԴԻՄԵԼ Է ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻՆ
Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում գտնվող Հայաստանի հազարավոր քաղաքացիներ ցանկանում են հայրենիք վերադառնալ, սակայն նրանք իրենց մեքենաներով են եւ դա չեն կարող անել չարթերային չվերթներով: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ նույն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին: Մարուքյանը մասնավորապես Ավինյանին դիմեց խնդրանքով վրացի գործընկերների հետ խնդրի լուծման հնարավոր տարբերակներ գտնել, բանակցություններ վարել, Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռել Վրաստանի տարածք մտնել իրենց ավտոմեքենաներով եւ գալ հայրենիք:
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է՝ թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ: «2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը եւ 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը»,- նշեց նախարարը։
ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնից: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են՝ այս մասին հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մեկ այլ հրամանագրով՝ ԱԳ նոր նախարար է նշանակվել Ջեյհուն Բայրամովը: Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նախարարների կաբինետի նիստում դժգոհություն է հայտնել արտաքին գործերի նախարարության եւ նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից։ Ալիեւը ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությւնների ժամանակ չի կարողացել գտնել Մամեդյարովին, որը վարչապետին ասել է, թե աշխատում է տնից։
ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության արդյունքում հայտնվել է փակուղային իրավիճակում եւ այժմ ձեռնարկում է արկածախնդիր եւ ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաեւ սեփական ժողովրդի առջեւ։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից. «Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես եւ Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների եւ հրանոթների կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար եւ Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները եւ բնակչությունը։ Հատկանշական է, որ այս ագրեսիվ գործողությունը տեղի է ունեցել մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածության ուխտադրուժ խախտմամբ եւ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո»։
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երեկ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Հաղթանակ կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։ Պարզվել է, որ երկու քաղաքացի անցել են կամրջի վտանգավոր գոտի։ Փրկարարները ոստիկանների եւ քաղաքացիների հետ համատեղ կանխել են Վաղարշակ Ա.-ի (ծնված 1989թ.) եւ Սամվել Մ.-ի (ծնված 1980թ.) ինքնասպանության փորձերը։ Երեկ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նորից նետվելով Հաղթանակ կամրջից։ Այս անգամ էլ փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է կանխել Վահրամ Հ.-ի (ծնված 1986թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։