ՊՆ ԳՆԴԱՊԵՏԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 42 մլն դոլարի ձեռք բերված ենթադրյալ անպետք զինատեսակի քրեական գործի շրջանակներում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, որին հուլիսի 9-ին դատարանը հանցակազմի բացակայության հիմքով դատարանի դահլիճից ազատ է արձակել: Մեկ կարեւոր հանգամանք. Վահան Ավետիսյանը ապրիլի 3-ին կալանավայրից բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին եւ ասել, որ ԳՇ պետ Արտակ Դավթյանի եւ նրա տեղակալ Ստեփան Գալստյանի կողմից հետապնդումների է ենթարկվում:

 

Ըստ Ավետիսյանի՝ վերջիններս խոչընդոտում են իր գործունեությունն ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովում: Ավետիսյանը ՊՆ-ից ազատվելուց հետո, որպես փորձագետ, աշխատանքի էր անցել այս հանձնաժողովում: Եվ մեզ հայտնի դարձավ, որ կալանքից ազատվելուց հետո հետ է վերադարձել իր աշխատանքին եւ շարունակում է մնալ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ: Ինչպես հայտնի է, մարտի 11-ին Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Արցախն Ադրբեջանի մաս չի կարող լինել: Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ մեղադրանքների, ասել էր, որ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլարի զենք է ձեռք բերել, որը հնարավոր չէ կիրառել ռազմական գործողությունների ժամանակ:

Վարչապետի այս հայտարարությունից հետո ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ Գլխավոր դատախազությունն այս գործի մասին մինչ օրս պաշտոնապես որեւէ տեղեկատվություն չէին հրապարակել։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահան Ավետիսյանը, որը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում, կալանավորվել է դեռ փետրվարի 29-ից՝ վարչապետի հայտարարությունից 10 օր առաջ:

Իսկ ի՞նչ անպիտան զենքի մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը 2020 թվականի մարտի 14-ին սույն քրեական գործից մանրամասներ էր հրապարակել:

Մասնավորապես, խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որոնք հիմնականում պայքարում են հակառակորդի անօդաչու թռչող սարքերի դեմ: Հայաստանը ձեռք է բերել անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու զենք, որն էլ, հետագայում պարզել են, անպիտան է, ասինքն՝ չի կարողանում ոչնչացնել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս բացահայտումը արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ ավելի ուշ քրեական գործը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե: Այս քրեական գործով հարցաքննության են հրավիրել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձանց:

Իսկ ի՞նչ են ասել վերջիններս ԱԱԾ քննիչներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս իրավապահներին պնդել են, թե զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Երբ զենքը գնվել է, եւ փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքը այն չի կարողանում որսալ ու ոչնչացնել:

Ըստ ԱԱԾ-ում ցուցմունք տված ՊՆ պաշտոնատար անձանց՝ իրենք այդ ամենից հետո ոուսումնասիրություն են կատարել եւ հասկացել, որ հակառակորդը կատարելագործել է անօդաչու թռչող սարքերը, ուստի իրենց կողմից գնված ռադիոէլեկտրոնային միջոցը չի կարող ոչնչացնել անօդաչու սարքը, ուստի պետք է ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցները կատարելագործել, որպեսզի կարողանան թիրախավորել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ սույն քրեական գործով հարցաքննվել են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղեկալներ Տիրան Խաչատրյանը, Ստեփան Գալստյանը:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների աշխատակիցները Րաֆֆու փողոցում հայտնաբերել են 35-ամյա Հրանուշ Դ.-ին: Նա Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել. հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը) կամ վնասելը մեղադրանքով:

 

 

ՀՐԴԵՀ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հուլիսի 16-ին՝ ժամը 14:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Սեւանի փողոցի թիվ 86/1 հասցեում՝ «Դարոյնք» ՍՊԸ-ի տարածքում։ Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը եւ երկու ավտոսանդուղք։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր եւ նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաեւ ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու եւ սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ հայրենասերների այդ կորիզի՝ երկրապահների, ազատամարտիկների ու առանձին քաղաքացիների կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա։ ՀՀ ԶՈՒ-ն շարունակում է վստահորեն կատարել իր առջեւ դրված բոլոր խնդիրները, լիարժեք վերահսկել իրադրությունը սահմանի ողջ երկայնքով՝ արժանի հակահարված հասցնելով հակառակորդին ցանկացած սադրանքի դեպքում։ Կամավորագրվելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հատուկ հայտարարությամբ։

 

ՉԻ ՍՊԱՌՆԱՑԵԼ

Armlur.am-ը հայտնել էր, որ փաստաբան Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա սպանության սպառնալիք է հնչեցրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արշավիր Սերժիկի Խալափյանի հասցեին, որն իրականացնելու իրական վտանգ է եղել, եւ վերջինիս կողմից ընկալվել է իրական: Մհեր Բադալյանը նախկինում դատապարտված չի եղել, եւ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Մ. Բադալյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Սակայն մեզ հետ զրույցում Մհեր Բադալյանը նշեց, որ ինքը չի սպառնացել Արշավիր Խալափյանին, իրենք վիճել են դատարանի դահլիճում, իրավաբական վեճ է եղել, սակայն ինքը որեւէ մեկին չի սպառնացել:

 

ԳԵՐԵՎԱՐՎԵԼ Է

2020 թվականի հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է:

Ն.Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն.Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Ներկայումս ձեռնարկվում են համապատասխան միջոցներ` Նարեկ Սարդարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ: Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Նախիջեւանում հայտնված 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի հարցով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել ԿԽՄԿ գրասենյակի տնօրենի հետ:




Լրահոս