Դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանն արդեն 20 տարի է՝ հայկական նորաձեւության դեմքերից է: Արամ Նիկոլյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է տնտեսագետի մասնագիտությունից հետո մուտք գործել նորաձեւության աշխարհ, եւ ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ է հաղթահարել այդ ճանապարհին:
-Արա՛մ, ինչպե՞ս ընտրեցիք նորաձեւության ճյուղը, եւ ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունը հենց այդ ոլորտում:
-Առաջին մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Մեզ մոտ սովորաբար ծնողներն են ընտրում քո փոխարեն, եւ երբ հասնում ես գիտակից տարիքի, փորձում ես ինքդ քեզ գտնել, կայանալ: Ես չորորրդ կուրսում արդեն հասկացա, որ տնտեսագիտության մեջ անելիք չունեմ, եւ ընտրեցի հենց այս մասնագիտությունը: Այս մասնագիտության հանդեպ ունեցած իմ սերն ու ձգտումները բերեցին այն հաջողությունները, որոնք ես հիմա ունեմ, եւ դեռ ձգտում եմ ավելին ունենալ:
-Հետաքրքիր է՝ ինչ դժվարություններ եւ խոչընդոտներ են հայտնվել Ձեր ճանապարին: Ինչպե՞ս եք կարողացել դրանք հաղթահարել:
-2000-ականների դեռ սկզբից արդեն իսկ նոր էր ստեղծվում այս ամեն ինչը, եւ սկսելու համար կային բավականին ուժ, եռանդ եւ, դրա հետ մեկտեղ, կային բավականին լուրջ խոչընդոտներ: Նորաձեւությունն ինքն իրենով որքան որ արվեստ է, նաեւ մարկետինգ եւ շուկա է, եւ այդ ամեն ինչը մեր երկրում չկար: Առանց գումարի նորաձեւությունը մեր պրակտիկայում անհնարին բան է, դրա համար մեր երկրին պետք են թեթեւ արդյունաբերություն, տարբեր լրատվամիջոցներ, մասնագետներ, ովքեր պետք է օժանդակեն դրան, եւ հենց այս ժամանակահատվածում նույնպես կան նման խնդիրներ: Նորաձեւություն ասելով՝ չենք հասկանում միայն դիզայներությունը, դա մի շատ մեծ մեխանիզմ է, որը պետք է ունենա իր փոքրիկ դետալները, որ այն լիարժեքորեն աշխատի, եւ մինչեւ հիմա դեռ շատ բաց դետալներ կան: Դժվարություններ նաեւ կային ինֆորմացիայի պակասի պատճառով, քանի որ պետք է անպայման հետեւել համաշխարհային նորաձեւությանը: Դա էլ փորձել ենք լուծել տարբեր երկրներում նորաձաձեւության մրցույթներին մասնակցելով, այնտեղից ամսագրեր եւ գրականություն բերելով: Հաջորդ լուրջ խնդիրը թեթեւ արդյունաբերությունն է, ինչպես նշեցի, քանի որ ես կայացած եմ համարում այն բրենդներին, որոնք կարողանում են լայն մասաների վրա աշխատել, այլ ոչ թե անհատների: Ուղղակի առիթների համար ստեղծել հագուստներ, դա դեռ ինձ համար կայացած դիզայների տեսակ չէ, բայց երբ կարողանում ես ապահովել լայն մասաների, նոր հասկանում ես, որ ինչ-որ մի ճանապարհ անցել ես:
-Արա՛մ, որքա՞ն է կազմել Ձեր առաջին գումարը, որ վաստակել եք:
-Անկեղծ ասած, չեմ հիշում, արդեն բավականին երկար ժամանակ է անցել, բայց հիշում եմ, որ ուսանող էի: Իմ առաջին կարի արհեստանոցը բացել եմ Թումանյան 26 հասցեում, եւ որի պատճառով էլ մի կարճ ժամանակով ինձ ակադեմիայից հեռացրեցին, այդ ժամանակ 3-րդ կուրսում էի, իհարկե հետո վերականգնեցին, բայց…
-Մի փոքր բացենք փակագծերը, ի՞նչն էր պատճառը Ձեզ ակադեմիայից հեռացնելու:
-Իմ սիրելի ռեկտորի, ում շատ սիրում եւ հարգում եմ, եւ ում օժանդակությամբ կարողացել եմ ինչ-որ բանի հասնել: Ուսանողական տարիներին նա շատ մեծ դեր է ունեցել իմ կայացման գործում: Նա մի պահ մտածեց, որ ես գոռոզացել եմ, քանի որ մի քանի մրցույթներում հաղթող էի ճանաչվել ու արդեն աչքի էի ընկնում, եւ նա մտածել էր, որ դեռ ակադեմիան չավարտած՝ արդեն գոռոզացել եմ, անգամ համարձակվել եմ բացել իմ սեփական արհեստանոցը: Բայց, իհարկե, դա թվացյալ էր, քանի որ ես իմ տեսակով շատ հանգիստ եւ զուսպ մարդ եմ:
-Արա՛մ, աշխարհի գործարանները վիրուսի պատճառով կանգնել են, եւ այսօր մենք ունենք ամառային հագուստի տեսականու խնդիր: Այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծել:
-Արդեն երեք ամիս է՝ համավարակի պատճառով ունենք նման խնդիրներ: Դրսում մի քիչ ավելի հեշտ է, քանի որ արդեն ինչ-որ բաներ պատրաստի կային, բայց հայկական իրականության մեջ մեր գարուն -ամառ հավաքածուն պրակտիկորեն դուրս եկավ վաճառքից, եւ հիմա հավքածուն պահել ենք աշնանը ներկայացնելու համար: Հնարավոր է կողքից սխալ նայվի, բայց գլոբալ առումով սա միակ լուծումներից մեկն է, քանի որ ներդրվել են մեծ ֆինանսական ռեսուրսներ, որը պետք է հետ բերվի, քանի որ չի կարող այն ինչ-որ մի տեղ ծալվի ու դրվի դարակում: Հիմա, կոպիտ ասած, մեր աշնան տեսականին պատրաստ է, եւ հիմա փորձում ենք, թեեւ մի փոքր դանդաղ, աշխատել ամառային տեսականու վրա, որովհետեւ ռեսուրսային առումով շատ դժվար է, եւ փորձում ենք լուծումներ գտնել:
-Հնարավո՞ր է սա առիթ հանդիսանա, եւ մեր արտադրողները փորձեն բավարարել այդ պահանջարկը:
-Անկախ ամեն ինչից՝ կարծում եմ, որ մեր շուկան պետք է լինի, քանի որ հայկականի հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծացել է վերջին տարիներին, եւ ամենակարեւորը՝ կա հնարավորություն: Հիմա երկրում կան տարբեր ձեռնարկություններ, ֆաբրիկաններ, որոնք կարող են բավարարել այդ պահանջարկը, եւ հնարավոր է ստեղծել հավաքածուներ: Հիմա մենք ունենք նյութերի խնդիր, քանի որ ճանապարհները փակ են, բայց դա էլ լուծելի հարց է, եւ շատ շուտով տեղական արտադրությունը գնային եւ որակային առումով չի զիջի դրսի արտադրանքին:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ». ԼԻԴՈՒՇԻԿ
Երգչուհի Լիդուշիկն օրեր առաջ նշել է ծննդյան 21-րդ տարեդարձը, թեեւ շատերը մինչ այսօր հատկապես սիրում եւ լսում են երգչուհու մանկական կատարումները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լիդուշիկը պատմել է 21-ամյակի անակնկալ նվերի եւ իր զգացողությունների մասին:
«Տարեդարձս նշել ենք ընտանիքիս անդամների հետ միասին քաղաքից դուրս` Դիլիջանում: Ուղղակի մի քիչ կտրվեցինք երեւանյան աժիոտաժից, որպես այդպիսին հատուկ պատրաստություններ չենք տեսել, պարզապես վերցրել էինք տոնական տորթ, մոմերը փչեցի եւ այդպես օրս անցկացրեցի ընտանիքիս հետ միասին: Առհասարակ ինձ մոտ միշտ ամեն ինչ որոշվում է հենց ամենավերջին պահին, եւ այս անգամ էլ այդպես հանկարծակի որոշեցինք քաղաքից դուրս գալ: Ես այն աղջիկների նման չեմ, որ մի ծնունդնն ավարտվում է, արդեն մտածում են մյուսի մասին, ինձ մոտ դա դժվար է ստացվում»,-նշում է երգչուհին՝ միաժամանակ հավելելով, որ տարեդարձին հատուկ պատրաստությունների սովորություն չունի:
Անդրադառնալով նվերներին՝ Լիդուշիկն առանձնացնում է հատկապես ծնողների մատուցած անակնկալ նվերը. «Ծնողներս ինձ համար պատվիրել են դաշնամուր՝ իմ սենյակին համապատասխան գույների մեջ, իհարկե մենք տանը դաշնամուր ունենք, սակայն սա ավելի հարմար տարբերակ է, քանի որ ականջակալներով է, նեղություն չեմ տա ընտանիքիս անդամներին տանը, եւ շատ կարեւոր է հատկապես դասերիս առումով»:
Մեզ հետ զրույցում երգչուհին անկեղծանալով նշում է, որ իր կյանքում յուրահատուկ եւ կարեւոր տեղ է զբաղեցնում 20-ամյակի տարեդարձը, քանի որ նա նշել է Փարիզում` Էյֆելյան աշտարակի գագաթին:
«Իմ ծննդյան տարեդարձները նշվել են դեռ փոքր տարիքից, եւ կար մի ժամանակ, որ ծննդյանս օրը նշում էի հենց ժողովուրդի հետ, օրը համընկնում էր ինչ-որ շնորհանդեսի կամ մենահամերգի հետ, եւ արդեն սովորություն էր դարձել, որ պետք է ծնունդս նշեմ ժողովրդի հետ: Ուղղակի 21-ը տարբերվում է նրանով, որ արդեն հասկանում ես, որ հաջորդ տարի 22 տարեկան ես դառնալու, արդեն մեծանում ես, եւ ինձ համար 20 տարեկանն այդքան տպավորիչ չէր, ինչքան 21-ը, քանի որ արդեն գիտակցում ես, որ մեծանում ես, ավելի հասուն ես դառնում»,-ասում է նա:
Լիդուշիկի խոսքով` դեռ փոքր հասակից իր բոլոր երազանքներն ու նպատակներն իրականություն են դառնում. «Միայն փորձում եմ չկորցնել աշխատասիրությունս, սերը իմ գործի հանդեպ կրկնապատկեմ եւ հասնեմ այն ամեն ինչին, որին այդքան ձգտում եմ»:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎՃՌԱԿԱՆ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ
Միջազգային օլիմպիական կոմիտեն տրամադրված է անպայման անցկացնել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 1 տարով հետաձգված ամառային 32-րդ օլիմպիական խաղերը: Այս մասին հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Նա ընդգծել է, որ չի պատկերացնում Տոկիո 2020-ն առանց հանդիսականների, եւ ամեն ինչ արվում է, որպեսզի անցկացման պարագայում ոչ ոքի առողջությունը վտանգի չենթարկվի: «Մենք աշխատում ենք լուծումների վրա, որը մի կողմից ուղղված կլինի բոլոր մասնակիցների առողջության պահպանմանը, մյուս կողմից՝ օլիմպիական ոգուն… Մենք վճռականորեն ենք տրամադրված մյուս տարվա հուլիսին ու օգոստոսին Տոկիո 2020-ն անցկացնելու հարցում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ աշխատանքների ընթացքը դրական է:
Ինչպես հայտնի է, օլիմպիական խաղերը, որոնք պետք է կայանային այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, նշանակվել են 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Վերջին շրջանում հաճախ էին խոսակցություններ պտտվում, որ խաղերը կարող են ընդհանրապես չեղարկվել: Միջազգային մամուլը գրում էր Ճապոնիայում անցկացվող հարցումների մասին, որոնց մասնակիցները թերահավատորեն էին վերաբերում այդպիսի մասշտաբային միջոցառման իրականացմանը եւ նաեւ չէին ցանկանում, որ այն կայանա:
ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին բարձր գնահատական է ստացել «Ռոմայի» կազմում իր ելույթի համար: Երեկ՝ հուլիսի 15-ին, Ա Սերիայի 2019-20 մրցաշրջանի 33-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում նրա թիմը հաղթեց 2:1 հաշվով, իսկ նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու 88 րոպե խաղաց: Այդ ընթացքում իր կատարած գործողությունների համար նա Sofa Score կայքի կողմից արժանացել է 7.2 գնահատականին:
Հանդիպման ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը 2 անգամ հարվածել է դարպասին: Կրկին աչքի է ընկել փոխանցումների բարձր արդյունավետությամբ: Դրանց ճշգրտությունը կազմել է 80.6%: Նրանից ավելի բարձր գնահատական «Ռոմայի» կազմում ստացել է 2 ոգի՝ Ռոժերը (7.4) եւ իր թիմի 2-րդ գոլի հեղինակ Էդին Ջեկոն (7.7): Լեոնարդո Սպինացոլան Մխիթարյանի պես 7.2 է ստացել: «Ռոման» այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 57-ի: Զբաղեցնում է 5-րդ տեղը եւ 6-րդ տեղում ընթացող «Նապոլիին» գերազանցում է 4-ով:
Հաջորդ խաղը «գայլերը» կանցկացնեն հուլիսի 19-ին: Մրցակիցը կլինի «Ինտերը»: