ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կողոպուտ Տիգրան Մեծի պողոտայում․ 26-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Տիգրան Մեծի պողոտայի և Մհեր Մկրտչյան փողոցի խաչմերուկում մի երիտասարդ պոկել էր անցորդներից մեկի պարանոցի ոսկյա կախազարդն ու փախել։ Մարդիկ հետապնդել էին, բայց կողոպտչին չէին կարողացել բռնել։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր։

Տուժողից հաղորդում ընդունեցին։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում բնակվող մի երիտասարդ։ Նրան հայտնաբերելու միջոցառումները ևս հաջողությամբ ավարտվեցին։

26-ամյա երիտասարդը հայտնաբերվեց հենց Ջրվեժում և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու տվեց խոստովանական ցուցմունք։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։




Լրահոս