«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այն, որ Հայաստանում գործող վերելակների շուրջ 80 տոկոսն անմխիթար վիճակում է, դա վաղուց հայտնի փաստ է: Օրինակ Երեւանի եւ մարզերի քաղաքների բազմաբնակարան շենքերում շահագործվող 5330 վերելակների մեծ մասի նշանակված ծառայության ժամկետը սպառված է` գերազանցում է 25, առանձին դեպքերում՝ նույնիսկ 50 տարին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր նախագիծ է մշակել վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման եւ պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին: Նախագիծը երեկ է հայտնվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ վերելակների պահպանման, ընթացիկ սպասարկման վճարները կարգավորված չեն: Պարզվում է, որ տարբեր համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքի սեփականության գույքի պահպանման համար առանց հաշվարկների տարբեր վճարներ են գանձվում բնակիչներից, որի մեջ չի մտնում վերելակի շահագործման ընթացքում մեկ ամսվա ծախսած էլեկտրաէներգիայի գումարը, որի համար բնակիչներն առանձին են վճարում:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 2006-2019 թվականների ընթացքում տեղի է ունեցել բազմաբնակարան բնակելի շենքերում շահագործվող վերելակների վթարների 21 դեպք՝ 9 մարդկային զոհերով, 20 մարմնական վնասվածքներով: Armlur.am-ը տեղեկացավ նաեւ, որ Երեւանում նշանակված ծառայության ժամկետը սպառած 4219 վերելակների շահագործման անվտանգության ապահովման համար քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրին տարեկան միջինում 127 մլն 100 հազար 900 դրամ է տրամադրվել: Օրինակ 2019 թվականի բյուջեից վերելակների հիմնանորոգման ծրագրին է տրամադրվել 290 մլն 391 հազար դրամ: Երեւանի քաղաքային բյուջեից 2014-2019թթ. ժամանակահատվածում վերելակների հիմնանորոգման ծրագրով ծախսված գումարը կազմում է 925 մլն 895 հազար 500 դրամ:
Ստացվում է, որ միլիոններ են հատկացվում վերելակային տնտեսությունը բարելավվելու նպատակով, սակայն քաղաքացիները շարունակում են իրենց կյանքը վտանգելով օգտվել հին, խարխուլ վերելակներից: Ավելին, պարզվում է, որ արտադրողի պահեստից վերելակների շուկայական մոտավոր գներն այսօրվա դրությամբ տատանվում են սկսած 4-10 մլն դրամի սահմաններում: Այսինքն, ծառայության ժամկետը սպառած եւ շահագործման մեջ գտնվող 5330 վերելակների փոխարինման դեպքում խոշորացված մոտավոր հաշվարկներով կպահանջվի շուրջ 21-53 մլրդ դրամ գումար: Ինչ երաշխիք, որ 21-53 մլրդ տրամադրելուց հետո Հայաստանում վերելակային տնտեսությունը կնորացվի: Ամեն դեպքում, Երեւանում դա չի երեւում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։