ԲԴԽ-ն կասեցրել է սնանկության դատարանի 2 դատավորների լիազորությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչեւ նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

Հիշեցնենք, որ դատավոր Գեւորգ Նարինյանն ու Արա Կուբանյանն անցնում են Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված քրեական գործով։ Գեւորգ Նարինյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու հոդվածներով, Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գեւորգ Նարինյանը երեկ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կալանավորվել է։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Աննա Մաթեւոսյանը, մերժել է Արա Կուբանյանին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորները չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով հարուցված քրեական գործի մանրամասներին եւ հայտնելով, որ դատավորերին առնչվող գործով տուժող, սնանկ ճանաչված քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ էր կատարել՝ դժգոհելով սնանկության վարույթի ընթացքում թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում ունեզրկման փաստից:




Լրահոս