Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն. ինչ հարցեր են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդի միջանկյալ հաշվետվությունը:

Քննարկման ընթացքում մանրամասներ են ներկայացվել պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Զեկուցվել է, որ արտերկրի ներդրողների հետ քննարկման փուլում են տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագրեր, որոնց հնարավորինս արագ առաջ մղմանը և կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները: Չնայած դրան, աշխատանքներն ընթացքի մեջ են, և ANIF-ը նոր հաշվետվություն կներկայացնի մեկ ամիս անց:

Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված: Ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են ներդրումների ներգրավմանը նպաստող այլ գաղափարներ ևս:

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները և ներկայացնել նոր առաջարկություններ:




Լրահոս