Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել գարեջրի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները: ArmLur.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ առաջատարը «Երեւան գարեջուր» ընկերությունն է:
Ի դեպ, նշենք, որ գարեջրի գործարանը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին է պատկանում: Այս ընկերությունը պետական բյուջե այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 1 մլրդ 112 մլն 52 հազար դրամ հարկ ու տուրք`զբաղեցնելով 78-րդ տեղը: Անցած տարվա նշված ժամանակահատվածում այս ընկերությունը պետբյուջե վճարել է 1 մլրդ 225 մլն 424 հազար դրամի չափով հարկ: Այսինքն` նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 113 մլն դրամի չափով նվազեցրել է հարկային վճարումները: Իսկ ահա Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերության դեպքում հակառակն է, քանի որ այս տարվա երկրորդ եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել է հարկային վճարումները: Քաղաքապետի ընտանիքին պատկանող ընկերությունը այս տարվա հունվար-հունիսին պետբյուջե կատարել է 846 մլն 493 հազար դրամի չափով հարկային վճարում եւ զբաղեցրել 107-րդ տեղը:
Նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ընկերությունը վճարել է 808 մլն 245 հազար դրամ հարկ` զբաղեցնելով 112-րդ տեղը: Իսկ, ահա, «Կոտայքի գարեջրի գործարան»-ը այս տարվա 6 ամիսներին հազար խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 756-րդ տեղը, իսկ պետբյուջե կատարել է 104 մլն 401 հազար դրամի հարկային վճարում: Բայց անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 854-րդ տեղը՝ վճարելով 96 մլն 479 հազար դրամ հարկ ու տուրք: Նշենք, որ այս ընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին: Հայաստանում կան գարեջրի մի քանի այլ գործարաններ եւս Դիլիջանում, Սեւանում, բայց նրանք խոշոր հարկատուների թվում չեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.