Հուլիսի 21-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանը տեսակապի միջոցով զրույց ունեցավ Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Տիկին դեսպանը, ողջունելով Վահե Ղազարյանին, շնորհավորեց ոստիկանության պետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Անդրեա Վիկտորինը շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը` համավարակի դեմ իրավապահների գերազանց ծառայության համար: Նա նաև անդրադարձավ ԵՄ-ՀՀ ոստիկանություն համագործակցությանը: Խոսվեց, մասնավորապես, Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ և Արևելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին, ինչպես և ներկայացվեցին նախատեսվող ծրագրերը։
Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորեց սերտ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց մինչ այս ցուցաբերված աջակցության համար, որն ուղղվել է նոր ստեղծվելիք պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքներին:
Քննարկվեցին նաև Եվրոպոլի հետ համագործակցություն ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես և համավարակի դեմ պայքարի համատեքստում՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները:
Անդրեա Վիկտորինը հաջողություն մաղթեց ոստիկանությանը՝ համավարակի դեմ պայքարում:
Քննարկվեցին Եվրամիություն-ոստիկանություն համագործակցությանը վերաբերող այլ հարցեր ևս: