2020թ. մարտի 1-ից Հայաստանի առողջապահական համակարգի առաջ ծառացավ ևս մեկ մարտահրավեր՝ COVID-19 համավարակին դիմակայելը, ինչին անմասն չմնաց նաև ՀՀ ԱՆ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը:
Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում ավելացավ «Արագ արձագանք COVID 19» բաղադրիչը, ինչի արդյունքում հնարավոր դարձավ սեղմ ժամկետներում ձեռք բերել առողջապահական համակարգին այդքան անհրաժեշտ ապրանքներ՝ բժշկական սարքավորումներ, անհատական պաշտպանիչ պարագաներ, տրանսպորտային միջոցներ։
Այսպիսով, վերջին 4 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակներում գնվել և COVID-19 համավարակի դեմ պայքարում ներգրավված երևանյան և ՀՀ մարզային բժշկական հաստատություններին բաշխվել են բժշկական հետևյալ սարքավորումները:
✅70 թոքերի արհեստական օդափոխության սարքավորում
✅80 պացիենտի մոնիտորներ
✅50 թթվածնի կոնցենտրատոր
✅200 թթվածնային հոսքաչափ
✅500 պուլսօքսիմետր
✅150 ավտոմատ ներարկիչ
✅50 ինֆրակարմիր հեռահար ջերմաչափ
✅20 լարինգասկոպ
✅4 շարժական ռենտգեն սարքավորում
✅2 ստացիոնար ռենտգեն սարքավորում
✅5 էլեկտրասրտագրության սարք
✅3 ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք
✅25 շտապօգնության մեքենաներ
✅6 ամենագնաց ավտոմեքենաներ
✅1 թթվածնայի կայան
Զուգահեռաբար, համավարակի բացահայտման առաջին օրերից՝
☑️նախաձեռնվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների գույքագրում ողջ հանրապետությունում։
Առկա պահանջարկը բավարարելու նպատակով գույքագրված սարքավորումները վերաբաշխվել և ժամանակավորապես հատկացվել են հիվանդության վարման գործընթացում ներգրավված բժշկական կենտրոններին՝ մինչ նոր ապրանքների մատակարարումը,
☑️Առողջապահության նախարարության և միջազգային կազմակերպությունների հետ շարունակական համագործակցության շրջանակներում իրականացվել է երկրի կտրվածքով սարքավորումների պահանջարկի հաշվարկ, աշխատանքներ են իրականացվել անհրաժեշտ սարքավորումների տեխնիկական բնութագրերի կազմման ուղղությամբ, մշակվել և ներկայացվել են դրամաշնորհային հայտեր մի շարք օտար երկրներին և դոնոր կազմակերպություններին (Ճապոնիայի կառավարություն, Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամ և այլ),
☑️վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին տրամադրվել է խորհրդատվություն՝ շինարարական աշխատանքների կազմակերպման համար:
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ ստեղծված արտակարգ իրավիճակում ծրագրերը սեղմ ժամկետներում արդյունավետ կերպով կյանքի կոչելու համար։
«Առողջապահական ԾԻԳ» Պետական Հիմնարկ