Պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ մի քանի անգամ ավելի հզոր. Սպաների համահայկական միությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպաների համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Սպաների Համահայկական Միությունն իր անվերապահ հավանությունն է հայտնում Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը արժանի հակահարված տալու՝ Հայաստանի Զինված Ուժերի գործողություններին հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում, որի ժամանակ մեր զորքերը էապես բարելավել են իրենց դիրքերը, հաստատվելով տարածքի վրա իշխող բարձունքներում:

Մի քանի օր ընթացող մարտական գործողություններում հայ սպան և զինվորը իրենց փայլուն դրսևորեցին, ցուցաբերելով հաղթելու անկոտրում կամք, մարտական տեխնիկայի գերազանց տիրապետում և անհամեմատելի բարձր մարտունակություն:
Մարտական գործողությունները ևս մեկ անգամ ապացուցեցին՝ թշնամին միայն զենքի լեզու է հասկանում, պատասխանը պետք է լինի ոչ թե համարժեք, այլ մի քանի անգամ ավելի հզոր:

Սպաների Համահայկական Միությունը ուրախությամբ փաստում է բանակում տեղի ունեցող որակական փոփոխությունների լուրջ ընթացքը կապելով այն նոր իշխանության բանակաշինության ճիշտ ռազմավարության հետ։
Սակայն միամտություն է կարծել, որ այս դասը թշնամու համար խրատ կլինի, և թշնամին Հայաստան-Ադրբեջան հյուսիսային ողջ սահմանամերձ տարածքը այլևս չի հրետակոծի, գնդակոծի, ինչը նա հետևողականորեն կատարում է 30 տարի։ ՈՒստի Սպաների Համահայկական Միությունը, համարամ է, որ այլևս օրակարգային պետք է դառնա հյուսիսային սահմանի ողջ երկայնքով 5-7 կմ լայնության անվտանգության գոտու ստեղծման ծրագիրը։ Այս՝ 31,5 ամյա կոնֆլիկտային տարածքում խաղաղության հաստատնան միակ ճանապարհը դա է և Մինսկի խումբը պետք է դուրս գա անգործությունից և իր վրա վերցնի անվտանգության գոտու ստեղծման խնդիրը։ Հակառակ դեպքում, Ադրբեջանի ապակայունացնող, հակահայ չդադարող գործողությունները այլ ելք չեն թողնի հայ զինվորականությանը, քան սեփական ուժերով անվտանգության գոտու ստեղծումը։

Սպաների Համահայկական Միությունը ողջունելով այս պահին պետության և բանակի կողքին կանգնած բոլոր հասարակական և քաղաքական կազմակերպություններին ու անհատ քաղաքացիներին, մեկ անգամ ևս հաստատում է, որ իր բոլոր հնարավորություններն ու կարողությունները դնելու է ի սպաս մեր պետությանն ու ազգին՝ թշնամուն խաղաղություն պարտադրելու և երկրի սահմաններին անդորր հաստատելու համար:

Սպաների Համահայկական Միության նախագահ
Վ. Շիրխանյան»:




Լրահոս