Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Այն այսօր ուժի մեջ կմտնի եւ խորհրդարանը պետք է ընտրի Սահմանադրական դատարանի երեք դատավոր, քանի որ ավելի վաղ արված սահմանադրական փոփոխություններով դատավոր Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Հրանտ Նազարյանի լիազորությունները կասեցվել էին:
Եվ ահա, ըստ Արարատ Միրզոյանի կողմից ընդունված փոփոխության, առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել` առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա Հանրապետության նախագահին, այնուհետև Դատավորների ընդհանուր ժողովին: Այսինքն, արդեն վաղվանից ՍԴ նոր դատավորներ ընտրելու գործընթացը կարող է սկսվել:
Նկատենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ավելի վաղ չէր ստորագրել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը: Իսկ Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում, կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով: Եթե դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն։ Եթե նախագահը չի կատարում սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի խոսնակն է հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում օրենքը: Իսկ Միրզոյանն էլ այսօր կատարեց օրենքի պահանջը:
Հուլիսի 31-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի ժամանակ էլ վերջիններս կառաջադրեն իրենց թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի համար եւ տեղեկությունների համաձայն, այն կլինի Լիանա Հակոբյանը: Իշխանությունը որոշել է նաեւ իր թեկնածուին. այն կլինի ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը. դեռ հայտնի չէ՝ ում կառաջարկի ՀՀ նախագահը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.